Aravot.am-ի հետ զրույցում այս մասին իր կասկածները հայտնեց կարտոֆիլի մշակմամբ զբաղվող ամենամեծ համայնքի`Շիրակի մարզի Ազատան գյուղի ավագանու անդամ, ֆերմեր Գևորգ Աբրահամյանը:
Նրա ներկայացմամբ, երեկ իրենց գյուղապետարանում երկարատև քննարկում է ծավալվել ֆերմերների ու ՀՀ բուսաբուծության և սանիտարիայի վարչության պետ Արթուր Նիկոյանի մասնակցությամբ: Ի դեպ, վերջինս ծնունդով շիրակցի է, Սառնաղբյուր գյուղից, Սամվել Նիկոյանի եղբորորդին է:
Արթուր Նիկոյանը բավականին հուսադրող հանդիպում է ունեցել ազատանցիների հետ: Նա պարզաբանել է, որ անձամբ մեկնել է Վրաստան, Քոբուլեթիում գտնվող սննդի լաբորատորիա, նմուշներ է վերցրել ու պարզել, որ այդ կարտոֆիլը հայկական չէ:
«Հայաստանում կարտոֆիլի գորշ փտում հիվանդություն գոյություն չունի, երբեք մեր արտադրանքը նման հիվանդությամբ վարակված չի եղել, ինչպես որ պնդում էին Վրաստանում, այս հիվանդությունը նշանակում է սև փտախտով տառապող: Լուրջ կասկածներ կան, որ հայկական ապրանքի անվան տակ Վրաստան է ուղարկվել Թուրքիայից ներմուծված կարտոֆիլ, որպեսզի վնաս հասցնեն հայկական շուկային: Երևի թուրքերը սա արել են հայերի անունը հանելու կամ միգուցե և այս ձևով իրենց ապրանքի համար շուկա են փնտրել: Մեր ներկայացուցիչն էլ Քոբուլեթիում ապացուցել է, որ դա հայկական կարտոֆիլը չէ, և վրացիները իրոք համոզվել են»,- ասաց մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Այս պահին վրացիները խմբով Ազատան գյուղում են, նրանք, ըստ Գևորգ Աբրահամյանի, կրում ու հա կրում են հայկական կարտոֆիլը, նույնիսկ երբեմն առաջարկվող գնի հետ չհամաձայնելով`արդեն ապրանք ման գալու խնդիր ունեն:
Գևորգ Աբրահամյանի ներկայացմամբ, Արթուր Նիկոյանի հետ երեկ Ազատան են ժամանել սանիտարիայի վարչության աշխատակիցները, ովքեր հողի ու կարտոֆիլի պալարի նմուշներ են վերցրել ֆերմերներից` հետազոտման նպատակով:
«Կարծես թե սկսում են ուշադրություն դարձնել արտադրողներին, ասացին, որ նմուշները վերցնում են, որպեսզի տեսնեն, թե հողի մեջ ինչ վիտամինների ու հանքային նյութերի պակաս կա, որպեսզի մեզ խորհրդատվություն տան ու կարողանանք այդ խնդիրը վերացնել, ավելի նորմալ բերք ստանալ: Կարծես սայլը տեղից շարժվում է: Ասացին, որ այդ խորհրդատվությունը անվճար է լինելու, իրոք դա անվտանգության խնդիր է, եթե ասենք՝ հողի մեջ մի չնչին վիտամին պակասում է, ինչո՞ւ չիմանալ ու հարստացնել հողը: Ընտրություններից հետո կառավարությունը երևի տեսնելով, որ ֆերմերները ու առհասարակ ժողովուրդը ամեն ինչից շատ հիասթափված է, որոշել է մի լավ բան անել: Արթուր Նիկոյանի այցը շատ հուսադրող էր, լուրջ ու շահագրգիռ անձնավորություն էր երևում, Աստված տա, որ նրանք ֆերմերի կողքին կանգնեն, մեծ օգուտ տված կլինեն», -ասաց Ազատանի ավագանու անդամը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ