Լրահոս
Օրվա լրահոսը

Բիշարյանը խլել է լրագրողի ձայնագրիչը, անջատել համակարգիչը

Նոյեմբեր 14,2013 14:53

Aravot.am-ն հաղորդել է, որ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը երեկ հրաժարվեց պատգամավորական իր մանդատից: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ վերջինս Սերժ Սարգսյանի հրամանով նշանակվելու է ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտորի պաշտոնում:

«Ժողովուրդ» թերթն այսօր հրապարակել էր, որ Խաչիկ Հարությունյանին փոխարինելու է ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանի քրոջ փեսան Լեւոն Դոխոլյանը, որը ներկայումս աշխատում է Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ»-ում:

Այսօր լրագրողների հետ զրույցում ՕԵԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Մարգարյանը պատասխանելով այդ տեղեկատվության հավաստիությանը վերաբերվող հարցին, ասաց, որ վերջնական որոշում կայացնելու իրավասությունը իրենց կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանին է. «Մեր մոտ ձեւավորված ավանդույթ կա, այսինքն` ցուցակային հերթական համարին, իհարկե, դրան առաջնային ուշադրություն դարձվելու է, բայց մեր մոտ որոշում է մեր կուսակցությունը, քաղխորհուրդը եւ հիմնականում մեր կուսակցության ղեկավարը՝ Արթուր Բաղդասարյանը: Այսինքն` մեզ համար շատ կարեւոր է իր առաջարկությունը, իր որոշումը եւ այստեղ կարեւոր պլան է մղվում կուսակցության ղեկավարի առաջարկը, կարծիքը, որը բնականաբար քննարկում է քաղխորհուրդը»:

Անդրադառնալով մամուլում տեղ գտած այն հրապարակումներին, թե Լեւոն Դոխոլյանը, որը Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ է, եւ հարազատ թաղամասում նրան գիտեն, որպես «քույրիկ Լեւոն», Մարգարյանն ասաց. «Չեմ ուզում խոսել, քանի որ դեռ մարդը չեկած խորհրդարան, փորձում են էժանագին բամբասանքներ անել եւ մարդուն փորձեն ցեխոտեն: Նա Շենգավիթ շրջանի ՕԵԿ ղեկավարն է, ով շուրջ 12- 13 տարվա կուսակցական է: Լեւոնը գիտակից, խելացի անձնավորություն է եւ ասեմ ավելին՝ մինչ իր կուսակցական լինելը, իր ծնողներն են եղել կուսակցական: Այս պահի դրությամբ չի քննարկվել, երբ Խաչիկ Հարությունյանի դիմումը սահմանված կարգով կընդունվի եւ դուք գիտեք, որ կա ժամանակ: Դրանից հետո նոր մենք որոշում կկայացնենք թե ով է լինելու»:

Հովհաննես Մարգարյանը նեղսրտեց կուսակցին նման որակում տալու համար. « Էն էլ ու՞մ՝ Լեւոնին, անվանումներ կպցնեն, չգիտեմ քույրիկ եւ այլն: Ես խորհուրդ կտամ այդ տարածողներին թող գնան մոտը, հետո կպատմեն Լեւոնը քույրիկ է թե ոչ: Գիտակ, ՕԵԿ-ի ակունքներից եկած երիտասարդ է, եւ ես երկու ձեռքով բնականաբար կպաշտպանեմ Լեւոնի թեկնածությունը»:

Թերթի հրապարակումը դուր չէր եկել նաեւ Հեղինե Բիշարյանին ու հրապարակման հասցեատիրոջը: Լեւոն Դոխոլյանը ֆեյսբուքյան իր էջում բավականին կոպիտ արտահայտություններ էր հնչեցրել նյութը հրապարակած լրագրողի հասցեին: Այս առիթով այսօր խորհրդարանում լրագրողները փորձեցին ստանալ տիկին Բիշարյանի պատասխանը, սակայն, տիկին Բիշարյանը եւ նրա աշխատասենյակում գտնվող կանայք բավականին ագրեսիվ կեցվածք են ցուցաբերել:

Երբ News.am-ի լրագրողը փորձել է ցույց տալ հոդվածը, խնդրելով Հեղինե Բիշարյանին կարդալ իր քրոջ փեսայի «մտքի գոհարները», վերջինս նախ խլել է լրագրողի ձեռքից ձայնագրիչը, ապա փակել ու անջատել համակարգիչը`ասելով .«Երբ որ լրագրողը թույլ է տալիս անձնական վիրավորանքներ ինչ-որ մեկի հասցեին, ապա հնարավոր է, որ նա ստանա համապատասխան պատասխան: Այստեղ ինքը, եթե պատասխանել է, այն մարդուն, ով այսօր թերթում հրապարակել էր…»:

Երբ լրագրողը խնդրել է իր քրոջ փեսայի հայտարարությունը կարդալ եւ մեկնաբանել, նա հայտարարել է, որ անգիր գիտի եւ կարդալու ցանկություն չունի:

ՕԵԿ խմբակցության ղեկավարը այլեւս չի ցանկացել որեւէ մեկնաբանություն տալ: Նա միայն նշել է, որ դեռեւս հստակ չէ թե իր քրոջ փեսան կփոխարինի պատգամավորական մանդատից հրաժարված Խաչիկ Հարությունյանին, թե`ոչ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930