Լրահոս
Օրվա լրահոսը

«Նաիրիտի» հերթափոխայինի պետը սպանության օրն աշխատել է, մատյաններն էլ գործից անհետացել են

Նոյեմբեր 14,2013 15:00
femida

Այս տարվա օգոստոսի 5-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Ազարյանի դատավճռով 8,5 տարվա ազատազրկման դատապարտվեց Վահե Խաչատրյանը:

Քրեական գործը, որը հարուցվել էր դեռեւս ութ տարի առաջ, դատաքննության ողջ ընթացքը ժամանակին լուսաբանել է «Առավոտ» օրաթերթը: Խոսքը 2005 թվականի օգոստոսի 11-ին Չեխովի փողոցում կատարված սպանության մասին է, երբ ըստ մեղադրանքի, Զավեն եւ Վլադիմիր Մկրտչյանների, Հրաչ Սահակյանի եւ Սերոբ Տեր-Մելիքսեթյանի հետ Վահեն կատարել էր խուլիգանություն, ծեծի էին ենթարկել Մեսրոպ Մաքոյանին, սպանել նրան:

Վահեն, ըստ մեղադրանքի կողմի, օժանդակել էր: Վահե Խաչատրյանը ոչ նախաքննության եւ ոչ էլ դատաքննության ժամանակ իրեն մեղավոր չի ճանաչել:

Գործի նյութերի համաձայն, Հրաչն ու Վլադիմիրը բռնել են Մաքոյանի ձեռքերը, իսկ Վահեն ու Սերոբը կանգնելով Մաքոյանի թիկունքում, զրկել են նրան փախչելու, պաշտպանվելու հնարավորությունից: Մաքոյանը կրծքավանդակին հասցված դանակի յոթ հարվածից սպանվել էր:

Վահե Խաչատրյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Էմիլ Պետրոսյանը բողոք է բերել վերադաս դատարան: Ըստ նրա, իր պաշտպանյալի այլուրեքությունը հաստատող բազմաթիվ ապացույցներ կան:

Մասնավորապես, Վահե Խաչատրյանն աշխատել է դեպքի օրը «Նաիրիտ» գործարանում: Նա սառնարանային արտադրամասի հերթափոխի պետն էր եւ չի բացակայել աշխատանքից:

Ըստ պաշտպանի, այդ օրը նրա հետ աշխատել են վկաներ Գ.Մնոյանը, Ս.Սնխչյանը եւ Ղ.Մալխասյանը: Այն, որ Վահեն աշխատել է, հիմնավորվել է նաեւ քննչական բաժնի կողմից առգրավված հերթափոխի երկու հատորանոց հաշվետվության մատյաններից, որոնք, ըստ ամբաստանյալի, ժամը մեկ եւ երկու ժամը մեկ անգամ լրացվել է:

Երբ այս գործով մեղադրյալը` իր ընկեր Սերոբը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում, Վահեն օգնել է ընդամենը փաստաբանի հարցում:

Աերացիա թաղամասում հանդիպել է այդ կապակցությամբ Սերոբի հոր հետ, երբ նկատել է, որ ոստիկաններն իրեն հետեւում են, դիմել է փախուստի: Ի դեպ, դեռ տարիներ առաջ այս գործով բազմաթիվ խոշտանգումների եւ ոստիկանության Շենգավիթի բաժնում կատարված կտտանքների մասին էր ասվում, որոնք հնչում էին դատական նիստերի ժամանակ:

Պաշտպան Էմիլ Պետրոսյանն իր բողոքը հիմնավորում է նաեւ վկաների ցուցմունքներով, որով հայտնվում է, որ օգոստոսյան գիշերը մինչ առավոտ Վահեն գտնվել է աշխատատեղում:

«Դատաքննության մեկնարկից պաշտպանական կողմը միջնորդել է, որպեսզի նշված հերթափոխային մատյանները հետազոտվեն, որոնք վերջնականապես կհաստատեին Վահեի ալիբիի մասին, սակայն դրանք դատարան չեն ներկայացվել, անհետացել են: Մեր պաշտպանական կողմի կարծիքով, դրանք դիտավորությամբ ոչնչացվել են կամ թաքցվել են, կասկածն այս առումով չի փարատվել»,- իր բողոքում նշել էր Վ.Խաչատրյանի պաշտպանը:

Պաշտպանական կողմը միջնորդել էր մատյանների անհետացման հետ կապված անցկացնել ծառայողական քննություն, պարզել անհետացման հանգամանքները, սակայն.«ընդհանուր իրավասության դատարանի կողմից անհիմն մերժվել է, այն պատճառաբանությամբ, թե դրա լուծումը կտրվի դատավճռի հրապարակման հետ»:

Պաշտպանական կողմն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ Վահե Խաչատրյանի դեմ քրեական գործը հարուցվել է ավելի շուտ, քան նրա դեմ ցուցմունք կտային Մ.Հակոբյանն ու Մ.Վարդանյանը: Մ.Հակոբյանն առաջին անգամ Վահեի՝ «Վահիկի» դեմ`դանակահարության ժամանակ Մաքոյանի թիկունքում գտնվելու մասին, հայտնել է 26.09. 2006թ.-ին, Մ.Վարդանյանը` 18.01.2006-ին, իսկ Վահե Խաչատրյանի դեմ քրեական գործ է հարուցվել 29. 01.2005թ.-ին:

Ի դեպ, վկա Մ.Հակոբյանը հարցաքննվել է 25 անգամ, եւ 14-րդ հարցաքննության ժամանակ հիշել է Վահեին:

Տեղեկացնենք, որ Վահե Խաչատրյանը ձերբակալվել է անցյալ տարվա հուլիսի 6-ին:

Պաշտպանական կողմը պահանջում է դադարեցնել քրեական հետապնդումը` հանցագործության կատարմանը Վահե Խաչատրյանի մասնակցությունը ապացուցված չլինելու հիմքով:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930