Այսօր խորհրդարանում գալիք տարվա բյուջեի քննարկումների ժամանակ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը դիմելով քաղաքական մեծամասնության ներկայացուցիչ, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանին`փաստելով, որ քաղաքական մեծամասնությունը կողմ է բյուջեի նախագծին, մեջբերեց Սահմանադրության այն կետը, որը սահմանում է, որ բյուջեի եկամուտների ձեւավորումը պարտադիր սահմանում է պահանջում: Բագրատյանը նկատեց, որ Սահմանադրության այդ կետը չի փոխվել:
Բագրատյանը հիշեց, որ այդ հարցն ինքը տվել է նաեւ ֆինանսների նախարարին ու ասաց, որ սխալվել է ասելով, որ բյուջեի եկամտային հատվածը մի էջ է. «Մի էջ էլ չի: Եվ այսօր պառլամենտը հաստատում է այն»:
Նա նկատեց, որ բյուջեի եկամտային մասի վերաբերյալ բյուջեի նախագծում ընդամենը վեց տող է: «Այն, ինչ-որ ասում է ֆինանսների նախարարը` չի համապատասխանում իրականությանը, խոսքեր են, այսպես կոչված: Եվ ես համարում եմ, որ դուք մեղավոր եք սրանում: Բյուջեն թոփալ է, կաղ է, մի ոտանի է, միայն ծախսերն են»:
Նախկին վարչապետը վկայակոչելով Սահմանադրության համապատասխան հոդվածը, նաեւ հարց ուղղեց ՏԻՄ մարմինների համապատասխան միջոցներով օրենքով տրված լիազորությունների մասին, ինչը նույնպես բացակայում է նախագծում: Առանց ՏԻՄ մարմիններին հստակ ֆինանսավորում բյուջեով ապահովելու, նախկին վարչապետը գտնում է, որ չի կարող այդ կառույցն աշխատել: Ավելին, դա Սահմանադրության կոպիտ խախտում է համարում: Բագրատյանը Մինասյանին խնդրեց`չշտապել իր պատասխաններում, քանի որ երբ անցյալ տարի ԿԲ նախագահին իր ոլորտին վերաբերվող դիտողություն-դիտարկում էր արել, վերջինս ըմբոստացել էր: Սակայն, ավելի ուշ սկսել էր կիրառել Բագրատյանի դիտարկումն ու իրեն էլ հրավիրել էր ԿԲ`խորհրդատվության:
Կարդացեք նաև
Գագիկ Մինասյանն ասաց, որ Բագրատյանի բարձրացրած հարցերը հնչել եւ իրենց պատասխանները ստացել են հանձնաժողովների համատեղ նիստերում, որոնց Բագրատյանը չի մասնակցել: Ու սկսեց հիմնավորումներ բերել այն մասին, որ բյուջեի նախագիծը կազմված է օրենքի տառին ու ոգուն համապատասխան: Բայց ասաց նաեւ, որ պատրաստ է Բագրատյանի հետ քննարկել այն բացթողումները, որոնք հնարավոր է բաց են թողնվել կամ թյուրընկալման առիթ են տվել: ՏԻՄ-երին վերաբերվող հարցի մասին էլ ասաց, որ դա միշտ եղել է քննարկման առարկա, եղել են տարբեր մոտեցումներ, բայց դրա վերջնական լուծումը դեռ գտնված չէ:
ՏԻՄ-երի մասով Մինասյանի պատասխանին Բագրատյանն այսպես արձագանքեց. «Շնորհակալություն, որ ազնվորեն ասում եք, որ սահմանադրության կետը չի կատարվել: Այդ դեպքում, փոխեք Սահմանադրությունը: Դուք ասում եք` չի լինելու, ՏԻՄ մարմինները բյուջե չեն ունենալու»: Գագիկ Մինասյանն անակնկալի եկավ. «Միթե՞ դուք դա եք հասկանում իմ ասածից: Վատ է, որ այդպես հասկացաք, որովհետեւ ես ասացի, որ ինչ որ կատարվել է, կատարվել է օրենքի տառին ե ոգուն համապատասխան»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ