Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱրմենՏելի» մոդեմները խափանվել են զանգվածային հոսանքազրկումի՞ց

Նոյեմբեր 14,2013 14:17

«ԱրմենՏելի» HI-line ինտերնետի բաժանորդներից ոմանք, իրենց խոսքերով ասած՝ կապույտ մոդեմների ձեռքը կրակն են ընկել. ընդամենը 2 տարի օգտագործելուց հետո այս մոդեմները շարքից դուրս են եկել: Այն, որ մոդեմի խնդիրը համատարած է, համոզվել է «Առավոտին» դիմած Լիանա Մաթեւոսյանը, որը «ԱրմենՏելի» գրասենյակում մարդկանց հերթի մեջ իր պես տուժած ու կապույտ մոդեմները ձեռքներին բաժանորդների է տեսել: Լիանա Մաթեւոսյանի պատմելով՝ մոտ մեկ ամիս  «ԱրմենՏելի» HI-line ինտերնետը խափանումներով է աշխատել, 3 օր էլ ընդհանրապես ինտերնետ չի ունեցել, եւ երբ բաժանորդը փորձել է պարզել խնդիրը, նրան հորդորել են դիմել  ընկերության գրասենյակ: Բաժանորդը՝ հույս ունենալով, որ որպես ինտերնետ ծառայության ոլորտում փորձառու՝ ընկերությունը ճիշտ լուծում կգտներ խնդրին, որպեսզի բաժանորդը չտուժեր եւ մտքով չանցներ հրաժարվել «Արմենտելի» ծառայությունից: Սակայն, ինչպես Լիանա Մաթեւոսյանն ասաց՝ ճիշտ հակառակը ստացվեց. «Գրասենյակում ասացին, որ այս կապույտ մոդեմի սպասարկման ժամկետն անցել է, եւ աշխատելու ժամկետն էլ է անցել, այն արդեն հնացել է: Ասացին, որ ես պետք է 8,400 դրամ վճարեմ՝ նորը ձեռք բերելու համար: Իմ բոլոր հարցումներին, թե ինչո՞ւ 2 տարի առաջ ինձ չեն զգուշացրել, որ այս մոդեմն ինձ այդքան կարճ ժամանակ է ծառայելու, եւ գուցե հենց այն ժամանակ էլ ես հրաժարվեի «ԱրմենՏելի» Hi-line-ից: Թեեւ գայթակղիչ առաջարկ էին արել՝ այդ 8400 դրամը վճարել 6 ամսում, բայց, իհարկե, ես այլեւս վստահություն չունեմ, որ նոր մոդեմն ասենք՝ գոնե 1 տարի նորմալ կաշխատի: Կարճ ասած՝ հիասթափվեցի. եթե խնդիրը միայն ինձ հետ լիներ, ես գոնե կմտածեի՝ իմ մեղքով է եղել, բայց «ԱրմենՏելի» գրասենյակում եւ նաեւ իմ ընկերների նույն խնդրով դժգոհություններից հասկացա, որ ընկերության խնդիրն է»:

Այսպես ասած՝ կապույտ մոդեմի խնդրի առնչությամբ «ԱրմենՏելից» «Առավոտին» պարզաբանեցին, որ Hi-Line ինտերնետ ծառայությունից օգտվելու համար բաժանորդը կնքում է պայմանագիր, ըստ որի՝ ADSL մոդեմը վերջինիս տրամադրվում է անվճար կամ վճարովի հիմունքներով՝ կախված սակագնային փաթեթից եւ օգտագործման պայմաններից: Մոդեմի երաշխիքային ժամկետը կազմում է 12 ամիս, որը գործում է մոդեմի տրամադրման պահից սկսած. «Հենց այդ ժամանակահատվածն է ի նկատի ունեցել Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակի մեր աշխատակիցը բաժանորդի հարցին պատասխանելիս: Եթե մոդեմը շարքից դուրս է գալիս երաշխիքային  ժամանակահատվածի ընթացքում, ապա մոդեմն անվճար փոխարինվում կամ վերանորոգվում է «ԱրմենՏել»  ընկերության կողմից: Երաշխիքային ժամկետը  լրանալուց հետո մոդեմի նորոգման կամ փոխարինման ծախսերը կատարում է բաժանորդը: Սա ընդունված պրակտիկա է եւ ողջ աշխարհում կիրառվում է երկարաժամկետ օգտագործման ապրանքների վաճառքի ժամանակ: Ընդհանուր առմամբ, մոդեմի պիտանելիության ժամկետը պայմանավորված է  մոդեմի պահպանման եւ օգտագործման մի շարք հանգամանքներով, այդ թվում՝ կախված է նաեւ սենյակային ջերմաստիճանից, հոսանքի կայունությունից եւ այլ գործոններից: Բաժանորդին մոդեմը կարող է ծառայել մի քանի կամ տասնյակ տարիներ՝ կախված վերը նշված պայմաններից: Ինչ վերաբերում է նմանատիպ խնդրի առկայությանն այլ բաժանորդների մոտ, ապա հարկ ենք համարում նշել, որ «ԱրմենՏել» ընկերության Hi-Line ինտերնետ ծառայությունից օգտվող բաժանորդների թիվը գերազանցում է 160,000-ը, եւ բացառված չէ, որ որոշ բաժանորդների մոտ կարող է նկատվել նույն խնդիրը:

Ցանկանում ենք նաեւ տեղեկացնել, որ վերջին ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումը հանգեցրել է կենցաղային տեխնիկայի, այդ թվում նաեւ ADSL մոդեմների աշխատանքի խափանմանը»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930