«Կոռուպցիոն ռիսկերը նվազե՞լ են, այո, նվազել են: Հիմա նույնը կատարվում է «ԶԱԳՍ»-ում, երեխայի ծննդականը կարող ես ստանալ արդեն ավտոմատ կերպով»,-ասաց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` այսօր կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցին, թե «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի տվյալներով, Հայաստանում կոռուպցիայի հաղթահարման ուղղությամբ առաջընթաց կա՞, իսկ հասարակության շրջանում այլ կարծիք է:
Նախարարի խոսքերով` «Մի բան է, որ կոռուպցիան իրականում նվազել է, մի բան է հասարակության ընկալումը. այստեղ մենք խնդիր ունենք»: Պարոն Թովմասյանի ներկայացմամբ, օրինակ՝ կոռուպցիայի նվազման ուղղությամբ առաջընթաց է, երբ այսօր ընդամենը 10 րոպեում հնարավոր է «իրավաբանական անձ» գրանցվել, առանց մարդու հետ շփման:
Պարոն Թովմասյանի ներկայացմամբ`«Կառավարության այն ծրագիրը, որ առաջիկա 2-3 տարվա ընթացքում պետության կողմից մատուցվող ծառայությունների 80%-ը հնարավոր է լինելու ստանալ առցանց կամ 1 պատուհանի միջոցով, սա ակնհայտորեն կոռուպցիոն ռիսկերի նվազման մասին է խոսում»: Այդուհանդերձ, ըստ նախարարի, «Ասել, որ կոռուպցիա չկա, այդպիսի բան ոչ ոք չի կարող հայտարարել, սակայն նվազել է»:
Կարդացեք նաև
Հարցին էլ, թե ի՞նչ կարծիքի է նախարարը, երբ հասարակությունը չի նկատում, որ նվազել են կոռուպցիոն ռիսկերը, միգուցե գաղջ մթնոլո՞րտն է պատճառը, ինչին ի պատասխան, պարոն Թովմասյանն ասաց. «Դուք ասացիք: Էն պատճառով, որ լրագրությանը պետք է սենսացիա: Հայ ժողովուրդը մի ունիկալ առանձնահատկություն ունի, բոլորը բոլորին մեղավոր են ճանաչում, բայց ոչ երբեք՝ իրենց»:
Նշենք, որ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի ցուցանիշներով Հայաստանը բավականին առաջընթաց է գրանցել տարբեր ոլորտներում, եւ ինչպես այսօր նիստից առաջ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հայաստանը հնարավորություն ունի եւս մեկ անգամ դիմել ծրագրին. «Հանձնարարվում է ֆինանսների նախարարին՝ այս հարցը բարձրացնել Միացյալ Նահանգներում մեր միջկառավարական հանձնաժողովի նիստին, ինչպես նաև դիմել «Հազարամյակի մարտահրավերների» գրասենյակին նոր հայտով, որպեսզի մենք հնարավորություն ունենանք ստանալու նոր ֆինանսավորում: Իհարկե, մենք պետք է գիտակցենք, որ հավանականությունը այնքան էլ մեծ չէ, որովհետև այդ ֆինանսավորումը ստանալու հավակնություն ունեցող և դիմող երկրների թիվը բավական մեծ է, այդ ֆինանսական միջոցներից օգտվելու մրցակցությունը բավական մեծ է լինելու»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ