Մենք էլ զվարճանանք մի քիչ
Դուք ասում եք՝ Հայաստանում քաղաքական էլիտա չկա՞: Դուք չարաչար սխալվում եք: Հապա նայեք՝ ի՜նչ էլիտա է (ու ինչ պայծառ մտքեր է արտահայտում). Սեյրան Սարոյան, Մհեր Սեդրակյան, Առաքել Մովսիսյան (ես միտումնավոր մականունները չեմ նշում, որ առավել ընդգծվի նրանց ինտելեկտուալ բարձր, համարյա անհաս մակարդակը) եւ իհարկե՝ Գալուստ Սահակյան ու Էդուարդ Շարմազանով… Հրաշալի մի աստղաբույլ… Էսօր նրանք են իմ հերոսները: Այս քաղաքական (՞՞) էլիտայի (՞՞) ինտելեկտը (՞՞) վերջին օրերին փայլեց իր ողջ եւ մի առանձնահատուկ հմայքով:
Նախանձ են, էլի, փաստորեն, էս լրագրողները… Չէ, նախանձ չեն՝ ինտելեկտուալ Գալուստ Սահակյանի ասած՝ «գրպանահատ». հետաքրքրվում են մարդկանց վիլլաներով՝ հերիք չի, դեռ մի բան էլ ուզում են, որ այդ մասին պատգամավորները կարծիք ասեն: Չէ՞ որ դա բացահայտ թալան է, մանր «գրպանահատություն», ոնց կարելի է նման բան անել: Եթե այդ ինտելեկտուալներն իրենց մտքերը (՞՞) աջ ու ձախ շաղ տան ու բաժանեն բոլորիս, բա իրե՞նք ինչով ապրեն, մնան առանց մի՞տք… Բայց, դե, մյուս կողմից էլ որ մտածում ես, միտքն ի՞նչ են անում, այ մարդ, քյաբաբ-խորովածը մարսելուն էդ միտքը հո չի՞ օգնում, թող բաժանեն մեզ՝ մենք էլ հարստանանք, էլի: Ահա այս պատճառով ես համաձայն չեմ նրանց հետ, ովքեր բողոքում են, թե՝ ինչո՞ւ են լրագրողները հարցեր ուղղում Սեյրան Սարոյանին կամ Մհեր Սեդրակյանին: Ճիշտ են անում: Բա մենք մնանք առանց նրանց կարծիքներն իմանալո՞ւ: Եվ պետք չէ ձեռք առնել՝ ասելով՝ «դե, վաղն էլ քվանտային մեխանիկայից» հարցեր տվեք: Կտանք, ի՞նչ կա որ, բա չիմանա՞նք՝ գեներալ Սեյրանի կամ Գալուստ Սահակյան կարծիքը մարդկության առաջընթացի վրա քվանտային մեխանիկայի ազդեցության մասին: Բա որ հարց չտանք, որտեղի՞ց իմանանք, որ էդ սրիկա ընդդիմության ներկայացուցիչները «…Ամեն մեկն էլ մի երեք-չորս հատ էլ կնիկ ունեն» (Մհեր Սեդրակյան, տե՛ս ): Կամ՝ դուք երբեւէ կարո՞ղ էիք իմանալ, որ Իշխանը Զաքարյանը «սաղից լավ ա աշխատել», եւ որ նա, ուշադրություն. «Հա բա, ավելի ուժեղ, ավելի ուժեղ կաշխատի» (Առաքել Մովսիսյան, տե՛ս ): Դե, իսկ Սեյրան Սարոյանի մտքերը (՞՞) ես չեմ կարող մեկնաբանել, չեն բավականացնում, հասկանո՞ւմ եք, չեն բավականացնում նվաստիս մտավոր ընդունակությունները: Պարզապես վայելեք դրանցից մեկ-երկուսը. «Քու իրավիճակում ի՞նչ վիճակ ա, հլը մի հատ ասա»: «Է, դժգոհ ա, տեսար ի՞նչ իրավիճակ ա հիմա, հիմա գո՞հ ա: Հիմա ինքը իրա վիճակից գո՞հ ա: Չի կարելի քաղաքի մեջտեղ փետերն առած մարդկանց տփես, խոմ ըտե՞նց չի…» (տե՛ս https://goo.gl/4dNqdE): «Այսինքն՝ Զաքարյան Իշխանն էթա ժողովրդի տուն, ի՞նչ անի: Հիմա ո՞վ ա ում հետ կիսվում, որ Զաքարյանը կիսվի: Ասենք, Իշխանի տունն էլ ծախինք կերանք, հետո՞…» (տե՛ս )…
Ինտելեկտուալներից անցում կատարենք խիստ ինտելեկտուալին… Դե, հասկացաք՝ ում նկատի ունեմ:
Կարդացեք նաև
… Կարոտել էի, իսկապես կարոտել էի Էդուարդ Շարմազանովի գոհարներին: Չի կարելի, չէ՞, պարոն Շարմազանով, էդքան երկար ժամանակով լռել ու մարդուն դնել մտատանջությունների մեջ: Բայց անկեղծո՛րեն պիտի ասեմ՝ նոյեմբերի 12-ի Ձեր հայտարարությունը էն չէր, չէ, էն չէր, չկար թափը, պակասում էր պաթոսը, հետո՝ տասներորդից իջել էր ութերորդ դասարանցու շարադրության մակարդակի… Վաաաայ, թող ներեն ինձ ութերորդ ու տասներորդ դասարանցիներն իրենց վիրավորելու համար. իրենք հաստատ այդպես չէին գովի մեր իմաստուն արտաքին քաղաքականության «նվաճումները», ինչպես Շարմազանովի ելույթի առաջին մասում էր… Հա, ի դեպ, այդ ելույթը հին ու բարի ժամանակների «Վրեմյա» ծրագիրն էր հիշեցնում. ժողովուրդը դրան ասում էր՝ «գովասանք, բամբասանք, մարզանք»՝ նկատի ունենալով, որ «Վրեմյայի» առաջին մասում գովվում էր ԽՍՀՄ-ը, երկրորդ մասում փնովվում էին «թշնամի» երկրները, իսկ երրորդ մասում ներկայացվում էին սպորտային լուրերը: Դե, Շարմազանովի մոտ սպորտը բացակայում էր. ելույթի առաջին մասում Մինսկում «մեր հաջողություններն» արձանագրելուց հետո Շարմազանովը երկրորդ մասում արժանի հակահարված տվեց Թուրքիայի արտաքին գործերի նախարարին: Բա, չէ՝ զահլա կա, հո չէ՞ր կարող հանգիստ նայել, թե էդ Դավութօղլուն ինչեր է դուրս տալիս… Բայց պիտի նորից կրկնեմ՝ էս անգամ էն չէր, բառերը զգույշ էին ընտրված, չէր ասում «էդ տղեն թող ձենը կտրի՝ վեր ընկնի տեղը…» եւ այլն: Ընդամենը մեղմիվ շշնջում էր՝ «Կարծում եմ՝ ավելի արդարացի կլիներ, եթե Թուրքիան իր «հեղինակությունն» օգտագործեր՝ ազդելու Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս դուրս բերի իր զորքերը ԼՂՀ գրավյալ տարածքներից՝ Շահումյանից, Գետաշենից, Մարտունաշենից, Մարտակերտի հյուսիսից, ինչպես նաեւ ավելի արդարացի կլիներ, եթե Թուրքիան դադարեցներ Եվրամիության անդամ Կիպրոսի Հանրապետության հյուսիսային մասի օկուպացիան…» (տե՛ս ): Բայց կարծում եմ նաեւ, որ էսքանն էլ բավական է, որպեսզի Դավութօղլուն կորցնի քունն ու դադարը եւ մտածի Կիպրոսից անձայն զորքերը հանելու մասին, որպեսզի հանկարծ Էդիկը (Շարմազանովը, ոչ թե իր գործընկեր Նալբանդյանը) էլ ավելի չբարկանա. չէ՞ որ այդ բարկությունը հղի է Թուրքիայի համար անկանխատեսելի հետեւանքներով:
Անկեղծո՛րեն եմ ասում:
ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ