Լրահոս
Օրվա լրահոսը

«Բաղդադում փողոցների վիճակը անհամեմատ լավ է Գյումրուց»

Նոյեմբեր 14,2013 13:47

Այս կարծիքին է  Գյումրու ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանը

Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը, ով նաեւ Գյումրու ավագանու անդամ է, արդեն որերորդ անգամն է՝ խստորեն քննադատում է կառավարությանը` տարբեր տեսակի անհեթեթ ծախսեր կատարելու, օրինակ` 170 հազար դոլար վատնելու  ու մեկ զուգարան ձեռք բերելու,  պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնելու, սակայն փոխարենը  Գյումրին ծայրահեղ թշվառության մղելու համար: Գյումրու ավագանու անդամը հարազատ քաղաքի խոշոր  խնդիրները ներկայացնում է այսպես. «Մենք դեռ մեր քաղաքում 4500 անօթեւան ընտանիքներ ունենք, դրանց մի կեսը այն ընտանիքներն են, որոնք 25 տարվա ընթացքում աճել են եւ կիսվել են. մի կեսը նոր տուն է ստացել եւ գնացել է շենք, մյուս կեսը մնացել է տնակում, որովհետեւ չեն կարող տեղավորվել նոր ստացած բնակարանում: Տարբեր հաշվարկներով` 300-ից մինչեւ 400 կիլոմետր, գծամետր փողոց ավերակ է Գյումրի քաղաքում: Կարող ենք ասել, որ 25 տարի այդ փողոցները չեն նորոգվել, Բաղդադում վիճակը անհամեմատ լավ է էս իմաստով: Գործազրկության տարբեր թվեր կան`չգիտեմ՝ 25-ից մինչեւ 40 տոկոս հասնող, արտագաղթի մասին թիվ ասեմ, կպատկերացնեք` նախաերկրաշարժյան դպրոցների աշակերտների թվի եւ այժմյան դպրոցների աշակերտների թվի հարաբերակցությունը  2,5-3,5 անգամ փոքր է հիմա, հիմա 14 հազար 500 աշակերտ ունենք Գյումրու բոլոր դպրոցներում: Նախկինում արխիվներից փորձում էինք  գտնել, չէինք գտնում էն ժամանակվա տարեց ուսուցիչներին, մանկավարժներին ենք հարցուփորձ անում, տարբեր թվերով 36 հազարից մինչեւ 52-53 հազար թիվ են ասում. այդքան աշակերտ է ունեցել Գյումրի քաղաքը: Արտագաղթի ու ծնելիության անկման ծավալները ըստ այդմ՝  պատկերացնում եք: Փոշու, աղտոտվածության մակարդակով Հայաստանում ամենաբարձրն է մի քանի տարի շարունակ, Գյումրին մրցում է Արարատի եւ Հրազդանի ցեմենտ արտադրող քաղաքների հետ… Եվ մի շարք այլ սոցիալական պրոբլեմներ»,- թվարկում է Գյումրու ավագանու անդամը: Լեւոն Բարսեղյանը շեշտում է, որ 3 միլիարդանոց քաղաքային բյուջեով եթե անգամ աշխարհի ակադեմիկոսները գան ու զբաղեցնեն  Գյումրու  քաղաքապետի ու ավագանու անդամների տեղը,  ոչինչ անել չեն կարող: «Եթե պետական մակարդակով նայենք, անշուշտ, սա պետության համար խնդիր չէ, որը Երեւանում ընտիր ասֆալտած փողոցը կարող է քանդել տարվա մեջ երկու անգամ, տեղը  նորից ասֆալտ փռել: Էս բնակարանները` 4500 անօթեւան ընտանիքի համար, միջին հաշվով բազմապատկեք 20 հազար դոլարով, կտեսնեք, որ խոսքը 80-100 միլիոն դոլարի ներդրման մասին է, ու Գյումրիում էս  բոլոր անօթեւանների  խնդիրը կլուծենք, կավարտենք: Չեմ ասում՝ բոլորը բնակարան ստանան, նրանք, ովքեր ստացել ու վաճառել են, էդ մարդկանց համար պատշաճ, արժանապատիվ սոցիալական բնակարաններ կկառուցվեն, որոնք կմնան որպես քաղաքային կամ պետական սեփականություն, բայց տրվեն էդ մարդկանց, որ իրենց կարիքները հոգան: Դրանք մեր բյուջեի համեմատ թվեր չեն»,- հաշվարկում է  Լեւոն Բարսեղյանը:

Նա մեզ հետ զրույցում անդրադարձավ նաեւ պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման թեմային` գեղարվեստորեն ու պատկերավոր ներկայացնելով վիճակը: «Բարձրաբերձ պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը շատ նման է հետեւյալին` ասենք, տալիս՝ Հայաստանին սպանում են, մորթում են, քերթում են, դնում են դագաղի մեջ, ժամերգություն են կարդում վրեն, մխում-պրծնում են, փոսը դնելուց առաջ ուռած-խմած գալիս ասում են` ապե, բեր մի 3 հատ էլ նիկելից մեխ խփենք վրեն էլի. մոտավորապես էս է աշխատավարձ բարձրացնելու սրանց նախաձեռնությունը… Ծաղրի, քաղաքացիների նկատմամբ հեգնանքի, էս երկրի ասպատակության հետ մեկտեղ նայեք, տեսեք, ժողովուրդ, մենք ձեզ վրա ոնց ենք հռհռում: Բոլորն էլ գիտեն, որ նրանց ճնշող մեծամասնությունը էդ աշխատավարձով չի ապրում, բայց էդ աշխատավարձերի բարձրացումը… Կասկած կար, որ անում են, որ  վերջին րոպեին ասեն` չէ  ախպեր,  էս ժողովուրդը մեղք է, բերեք վերջին րոպեին հետ տանք էս օրենքը, էդ կասկածները մնում են երկրորդ ընթերցում, չգիտեմ ինչ… Գուցե փորձեն վերջին րոպեին PR խաղացնել, ՁՌՍՏ, սիրուն չի, էլի, Հովիկ Աբրահամյան, հեչ սիրուն չէ, դավայ թարգ տուր. մոտավորապես այսպես: Ես ռուսերեն բառերը օգտագործում եմ սեպտեմբերի 3-ից հետո: Մի խոսքով՝ էս ձեւի ենթադրություններ կան, բայց չեմ կարծում, որ սրանք էնքան հանդուգն  են ու հաբռգած, որ ընդունակ են: Պիտի երախտապարտ լինենք, որ քառակի, հնգակի, ութակի չեն բարձրացնում իրենց ռոճիկները, պետական իշխանությունը վաղուց իրեն սպառել է»,- քննադատում է Գյումրու ավագանու անդամը:

Անդրադառնալով  նպաստային համակարգի վերացմանը` մեր զրուցակիցը կարծիք հայտնեց, որ,  բնականաբար, վիճակը կոնկրետ Շիրակի մարզում  ծանրանալու է՝ չնայած որ խոսքը մեծ գումարի կրճատման մասին չէ: «Իռացիոնալ համակարգերում ինչ հեքիաթային, առասպելական, անհնարին թվացող բաներ ասես կարող են լինել, զարմանալ պետք չէ, որ վերցնում, գործազուրկների նպաստը կտրում-հանում են: Մի երեւելի գումար չէ, որ նայում ես, անօթեւանների բերածս թիվն էլ` 80-100 միլիոն դոլարը, Հայաստանի բյուջեի համար, որը կարող է ծախսել 170 հազար դոլար մեկ զուգարանի համար, նախագահականի համար առնել ավելի շատ զուգարանի թուղթ, քան գրելու թուղթ, եւ այլն, էս տեսակ իշխանության համար դա թիվ չէ: Չգիտեմ` ինչ են ուզում անել, ինչ են ուզում ապացուցել, շատ նման է զավթիչների քաղաքականությանը, իսկապես նման է: Ես չեմ ուզում որեւէ մեկին վիրավորել,  եկել են, ասպատակում են, սրբեն, դատարկեն երկիրը՝ եւ մարդկանցից, եւ ռեսուրսներից, եւ հանքերից, եւ հարստություններից, ու ասեն` ինչ մնաց, մնաց հիմի… Մոտավորապես էսպիսի անդուր, տհաճ, զզվելի մտահոգություններ ունեմ»,- ասաց Լեւոն Բարսեղյանը:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ծնող says:

    Լևոնը այսօր մի շատ հետաքրքիր բան է բացահայտել կապված Գյումրու քաղաքապետարանի հետ:Պարզվում է այդ կառույցի ժողկրթբաժնի վարիչը մանկապարտեզների համար մեկ կիլոգրամ կովի միսը գնում է ոչ պակաս 3000-3500 դրամով:Ում գումարներն է այդ կառույցը լափում և ամենակարևորը՝ումից է լափում:Այ անամոթի մեկը գոնե երեխաներին մի թալանի:Քաղաքի ամենաթանկ խանութներից է առևտուր անում իբրև թե երեխաների համար.հիմա է պարզվում թե ինչի համար է այս ամենը արվում:Իշխան Զաքարյանը որտե՞ղ է:կարող է մի կիլոգրամ միսը ձեռքին գա Ազգային Ժողով:

  2. Levon says:

    ըբը Նունեն ընչի չի գրե էս մսի պատմության մասին?նոր իմածա.հալալ եղնի ըդոնց.էրեխոնցիցել կգողնան ապերախտները.

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930