Լրահոս
Օրվա լրահոսը

«Մատչելի գնով կներկայանամ որպես ձեր ընկեր»

Նոյեմբեր 14,2013 13:45

Աշխատանք փնտրողների 83.3%-ը գործազուրկ է

«Հայաստանում 67.1 հազար մարդ աշխատանք է փնտրում, որոնց գերակշռող մասը՝ 48. 3 հազարը, կանայք են»,- տեղեկացնում է «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության աշխատաշուկայի վերլուծության եւ կանխատեսման բաժնի գլխավոր մասնագետ Սվետլանա Օհանյանը՝ ներկայացնելով ՀՀ աշխատաշուկայի իրավիճակը 2013 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ:

Սվետլանա Օհանյանը նշում է՝ նախորդ տարվա համեմատ՝ աշխատանք փնտրողների թիվը նվազել է 9. 6 տոկոսով, սակայն նրանց շրջանում շարունակում են գերակա լինել երիտասարդներն (17. 900 մարդ) ու հատկապես կանայք: Մեր հարցին, թե ինչ դժվարությունների են հանդիպում երիտասարդներն աշխատանքի տեղավորման հարցում, պատասխանում է. «Հիմնական պատճառն այն է, որ աշխատանքային փորձ չունեն»: Նա նաեւ նշում է՝ լուրջ դժվարություններ ունեն  40 տարեկանից բարձր մարդիկ: «Գործատուն պահանջում է ավելի փորձառու, միեւնույն ժամանակ՝ երիտասարդ կադրեր, իսկ իրենք այդ չափանիշներին չեն համապատասխանում»,- հավելում է Սվետլանա Օհանյանը:

Ի դեպ,  աշխատանք փնտրողների 83.3%-ը գործազուրկ է: Սրանք ընդամենը վիճակագրական տվյալներ են, ըստ էության, իրական թվերն ավելի շատ են: Մարդիկ աշխատանք են փնտրում իրենց ծանոթների շրջանում հարցումներ անելով, քաղաքներում կամ մարզերում շրջելով եւ թափուր աշխատատեղեր փնտրելով, գործակալություններին եւ այլ պատկան մարմիններին դիմելով, աշխատանքի վերաբերյալ հայտարարություններ պարունակող թերթեր գնելով, վերջին տարիներին նաեւ սույն ուղղվածությամբ էլեկտրոնային կայքեր այցելելով: Որքանով է համացանցի միջոցով աշխատանք գտնելն արդյունավետ, փորձեցինք ճշտել մեր ուսումնասիրության արդյունքում: Սաթինե Թադեւոսյանը, ով իր այսօրվա՝ թարգմանչի աշխատանքի մասին տեղեկացել է թափուր աշխատատեղերի վերաբերյալ էլեկտրոնային կայքերից մեկում հայտարարություն կարդալով, ասում է՝ համացանցի միջոցով աշխատանք գտնելն ավելի իրական է, քան «դռնեդուռ» ընկնելը. «Ես խանութների վրա փակցված հայտարարություններին չեմ հավատում, նրանք հիմնականում «ձրի աշխատուժ» են փնտրում, օրինակ, ունեն 3 գրանցված աշխատող, սակայն իրենց ձեռնտու է ունենալ չորրորդին՝ սոսկ որպես «պրակտիկանտ»: Նրան մի քանի օր աշխատեցնում են, հետո ազատում՝ ասելով, թե ինչ-որ բան թերի է արել, ապա ընդունում են այլ պրակտիկանտի, եւ այսպես շարունակ շահագործում են մարդկանց: Իսկ գործատուները համացանցում հայտարարություններ են զետեղում միայն խիստ անհրաժեշտ դեպքերում, իրական աշխատակիցներ փնտրելու նպատակով»: Սաթինե Թադեւոսյանի կարծիքով, համացանցի դրական կողմերից մեկն էլ այն է, որ փողոցում շրջելու փոխարեն՝ մարդիկ կարող են տանը նստած աշխատանք գտնել՝ այցելելով համապատասխան կայքեր, որոնք ընտրության բազմազանություն են ապահովում: Համացանցի դերը կարեւորում են նաեւ գործատուները: «Հիմա բոլորը համացանցի շնորհիվ են աշխատանք գտնում, քանի որ այսպես ավելի մատչելի է եւ արագ: Ինձ համար եւս շահավետ է էսպես փնտրել ապագա աշխատողներիս, քանի որ ինքս ամբողջ օրը համակարգչի դիմաց եմ»,- ասում է «Արեւելյան սննդի» խանութի տնօրենը:

Շուրջ 5 տարի է, ինչ նա օգտվում է էլեկտրոնային կայքերում հայտարարություններ տեղադրելու հնարավորությունից: Հարցին՝ այդ տարիների ընթացքում միայն էլեկտրոնային կայքերի միջոցով իրենց դիմողներից քանիսին են աշխատանքի վերցրել, պատասխանում է՝ մոտ 40 մարդու: «Իդեա» գովազդային ընկերության մենեջեր Անահիտ Հովհաննիսյանն էլ նշում է, որ  եթե թափուր աշխատատեղեր են ունենում, ապա այս մասին հիմնականում համացանցով են հայտարարություն տալիս: «Կան նաեւ կադրային կենտրոններ, որոնք մեզ աշխատակիցներ են տրամադրում, բայց մենք գերադասում ենք կայքերում հայտարարություններ տալ, քանի որ այդպես խուսափում ենք ավելորդ ծախսերից եւ մեր ապագա աշխատողների հետ էլ անմիջական կերպով ենք շփվում»,- ասում է Անահիտ Հովհաննիսյանը: Նշենք, որ աշխատանքի ուղղվածությամբ մի շարք կայքեր ոչ միայն գործատուներին են հնարավորություն շնորհում հայտարարություններ զետեղել, այլեւ աշխատանք փնտրողներին: Ընդ որում, թափուր աշխատատեղերի վերաբերյալ կայքերից շատերն ունեն իրենց կանոնադրությունը, որի միջոցով տեղեկացնում են, թե գործատուն կամ աշխատանք փնտրողն ինչ իրավունք ունի անելու եւ ինչ չունի, օրինակ՝ չհրատարակել, չփոխանցել նյութեր, որոնք խախտում են այլ անձի իրավունքները, նաեւ հեղինակային իրավունքը, ապրանքանիշի կամ այլ սեփականության իրավունքը, ինչպես նաեւ օգտագործել նյութեր՝ առանց նախնական համաձայնության օրինական սեփականատիրոջ կամ համապատասխան: Համապատասխան սյունակում նշում են նաեւ հայտարարություն տալու պայմանները, թե ինչպես պետք է գրանցվել, ինչպես պետք է մշակել հայտարարությունը: Գործատերերն ու աշխատանք փնտրողները զգուշացվում են, որ հայտերը ենթարկվում են խմբագրման. եթե նրանց հայտարարությունները չեն համապատասխանի կայքի օրենքներին, ապա անմիջապես հեռացվում են: Սակայն որոշ կայքերում (հիմնականում նրանցում, որտեղ հայտարարություններ գրելու համար գումար չեն վճարում: Անունները չենք նշել կայքերի գործարար համբավը չվնասելու նպատակով), չկա վերահսկողություն հայտերի վերաբերյալ: Տվյալ դեպքում կարելի է հանդիպել այնպիսի բովանդակությամբ «աշխատանքի առաջարկների», ինչպիսիք են «Մատչելի գնով կներկայանամ որպես ձեր ընկեր», «Փնտրում եմ աղջիկ՝ տուն տանելու նպատակով», «Եթե շփվող եք եւ կոմպլեքսներից զերծ, ապա դիմեք մեզ», «Պահանջվում են առաքյալներ» եւ այլն: Այս դեպքում հարց է առաջանում՝ ինչպես լրջությամբ վերաբերվել համացանցային հայտարարություններին եւ գնալ դրանց հետքերով: Եղել են դեպքեր, երբ գործատուներն աշխատանքի պատրվակով փորձել են ծանոթություն հաստատել աշխատանք փնտրողների հետ: Քիչ չեն պատահում նաեւ, որ գործատուներն, օգտվելով այն հանգամանքից, որ գործազուրկները պատկանում են խոցելի խավին, նաեւ այն առիթից, որ իրենց հայտերը չեն խմբագրվում, զետեղում են ոչ ստույգ հայտարարություններ. ստացվում է, որ աշխատանքի դիմողները միայն հարցազրույցի ժամանակ են տեղեկանում իրական աշխատանքի մասին: Նման իրավիճակում է հայտնվել նաեւ Ելիզավետա Ասատրյանը: Վերջինս ամիսներ առաջ լրագրողի մասնագիտությամբ աշխատանքի հայտարարություն էր կարդացել: Հեռախոսազանգի միջոցով պայմանավորվել էր եւ գնացել հարցազրույցի: Տեղում պարզել էր, որ իրականում գործատուն լրագրողի անհրաժեշտություն չէր զգում. «Ինձ ասացին, որ հարկավոր են մարդիկ, ովքեր կզբաղվեն միայն գովազդային հարցերով, մինչդեռ ես կարդացել էի, որ «Երեւակ» լրատվականին անհրաժեշտ են լրագրողներ՝ տնտեսական ոլորտը լուսաբանելու համար: Ես նույնիսկ նախօրոք հարցրել էի՝ Ձեզ լրագրո՞ղ է պետք, նրանք ասել էին՝ այո»: Ելիզավետան հավելում է՝ իրեն խաբված զգալով, թողել-հեռացել է. «Ես ո՛չ մարկետոլոգ եմ, ո՛չ էլ PR մասնագետ… Իրենք, օգտվելով այն առիթից, որ դու գործ չունես, խաբեության միջոցով հրավիրում են հարցազրույցի՝ մտածելով, որ դու ամեն գործի կհարմարվես»: «Կայքերն իրենց հերթին պիտի պատասխանատվության զգացում ունենան եւ սխալ կամ ոչ ճշգրիտ ինֆորմացիա չտարածեն»,- ասում է «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության աշխատաշուկայի վերլուծության եւ կանխատեսման բաժնի գլխավոր մասնագետ Սվետլանա Օհանյանը: Նշենք, որ «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունը եւս ունի իր կայքը (www.employment.am), որի միջոցով հանրությանն են ներկայացնում թափուր աշխատատեղերի մասին. «Մենք էլ ունենք կայք եւ այն կարծիքին ենք, որ համացանցի միջոցով ինֆորմացիան ավելի հասանելի է, սակայն մենք մեծ պատասխանատվություն ենք զգում աշխատանք փնտրողներին օգտակար լինելու հարցում, հետեւողական ենք հայտարարությունների վերաբերյալ արձագանքի եւ այլ հարցերում»: Նրա խոսքով՝ նոյեմբերի 1-ի դրությամբ՝ թե համացանցի միջոցով իրենց դիմողներից, թե անձամբ այցելողներից աշխատանքի են տեղավորել 10, 385 մարդու: Ս.Օհանյանը, կարեւորելով հանդերձ էլեկտրոնային կայքերի ընձեռած հնարավորությունները, նշում է` աշխատանք փնտրող մարդը չպիտի սահմանափակվի միայն համացանցով, աշխատանք պետք է փնտրի բոլոր ուղղություններով: «Որքան շատ փնտրեն, այնքան հավանականությունը շատ կլինի, որ մարդիկ աշխատանքի կտեղավորվեն»,- ասում է նա:

ՆԱԶԵՆԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930