Այսօր ԱԳՆ-Դատական դեպարտամենտ եւ սփյուռքի նախարարություն-տրանսպորտի եւ կապի նախարարություն հանդիպումներով ավարտվում է ֆուտբոլի «ՀՀ վարչապետի գավաթ 2013» հոբելյանական` 5-րդ խաղարկության խմբային մրցաշարը: Սակայն անկախ դրանցում գրանցվելիք արդյունքներից, արդեն հայտնի են երկու երթախմբերի երկուական լավագույն թիմերը, որոնք պայքարը շարունակելու են կիսաեզրափակիչ փուլում: «A» խմբից հաջորդ փուլի ուղեգիր նվաճել են ՀՀ ոստիկանության եւ ՀՀ պաշտպանության նախարարության, իսկ «B» խմբից` ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ու էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության թիմերը: Նրանք միմյանց հետ խաչաձեւ կհանդիպեն 1/2 եզրափակչում, որի արդյունքներով պարտության մատնվածները նոյեմբերի 18-ին կվիճարկեն 3-րդ մրցանակակրին, իսկ հաջողության հասածները նոյեմբերի 22-ին կորոշեն հաղթողին:
Երեկ Աբովյանի քաղաքային մարզադաշտում ՀՀ ոստիկանություն-ՀՀ ՊՆ թիմերի հանդիպմանը, որում որոշվում էր «A» խմբից հաջորդ փուլ անցնող երկրորդ թիմի ճակատագիրը, ներկա էին նաեւ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը, ոստիկանության պետի տեղակալներ Սամվել Հովհաննիսյանը, Լեւոն Երանոսյանը, երկու գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ: Խաղն ավարտվեց 1:1 հաշվով: Մարզադաշտում «Առավոտը» հանդիպեց մրցաշարի հիմնական կազմակերպիչ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանին:
– Պարոն Ասրյան: Ֆուտբոլի «Վարչապետի գավաթը» խաղարկվում է հինգերորդ անգամ: Ի՞նչ կասեք: Այն արդարացնո՞ւմ է սպասելիքները:
– «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարն արդեն իրականություն է եւ կայացած մրցաշար, որի բոլոր հանդիպումները միշտ էլ անցնում են լուրջ ու թեժ պայքարում: Մրցաշարը կայացած է նաեւ այն առումով, որ մասնակից գերատեսչությունների աշխատակիցները գրեթե ամբողջ տարի նախապատրաստվում են պայքարին: Իսկ մրցաշարի գերնպատակը ամենամասսայական եւ ամենասիրված ֆուտբոլ մարզաձեւի միջոցով պետական կառավարման համակարգի աշխատակիցների շրջանում ֆիզիկական պատրաստվածությունն ակտիվացնելն է, առողջ ապրելակերպի ու մասսայական սպորտի գաղափարների ներմուծելը, ինչն էլ իրականացնում ենք արդեն հինգ տարի: Լինելով «ՀՀ վարչապետի գավաթի» մրցաշարի հիմնական կազմակերպիչը եւ հինգ տարի հետեւելով դրա ընթացքին` տեսնում եմ, թե ինչպիսի աշխատանքային ու բարեկամական կապեր են հաստատվում մասնակից տարբեր գերատեսչությունների աշխատակիցների միջեւ:
– Արդեն քանի տարի խմբային փուլի արգելքը հաղթահարում են գրեթե նույն թիմերը:
– Եթե նկատի ունեք ՀՀ ոստիկանության եւ ՀՀ պաշտպանության նախարարության թիմերը, դա գալիս է նրանց մասնագիտական առանձնահատկությունից: Այդ ոլորտների աշխատակիցները ֆիզիկապես ավելի պատրաստված են: Բայց կիսաեզրափակիչ անցել են նաեւ ՀՀ կրթության եւ գիտության ու ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունները, որոնց աշխատակիցներն իրենց ֆիզիկական պատրաստվածության աստիճանով չեն զիջում ուժային կառույցներին: Ես հետեւել եմ խմբային փուլի գրեթե բոլոր հանդիպումներին ու գիտեմ թիմերից յուրաքանչյուրի հնարավորությունները: Հավատացեք, որ առաջիկա հանդիպումներում ավելի անզիջում ու դիտարժան «ճակատամարտեր» են սպասվում: Օգտվելով առիթից` բոլոր ֆուտբոլասերներին հատկապես նոյեմբերի 22-ին հրավիրում եմ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ` ներկա լինելու վճռական խաղին:
– Այս տարի «ՀՀ վարչապետի գավաթի» հոբելյանական խաղարկությունն է: Ի՞նչ մրցանակներ են սահմանված:
– Կազմկոմիտեն հոբելյանական մրցաշարի առիթով առաջին անգամ վարչապետին կհանձնի հատուկ գավաթ: 1-3-րդ տեղերն զբաղեցրած թիմերը կստանան համապատասխան գավաթներ: Մրցանակակիր թիմերի յուրաքանչյուր խաղացողի հանձնվելու է մեկական լրակազմ մարզահագուստ, հուշամեդալ, իսկ թիմերը ըստ տեղերի կպարգեւատրվեն 600, 400 եւ 200 հազար դրամով: Սահմանված են նաեւ հատուկ անվանակարգեր`լավագույն դարպասապահի, պաշտպանի, կիսապաշտպանի. ֆուտբոլիստի, ռմբարկուի համար: ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը սահմանել է իր ավանդական մրցանակը` «Լավագույն քաղծառայող» անվանակարգով: Կպարգեւատրվի նաեւ մրցաշարն ամբողջությամբ լուսաբանած լավագույն լրատվամիջոցը:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ