Լրահոս
Օրվա լրահոսը

Տնօրենը հեռացվել է, պաշտոնակատարը խուսափում է մեկնաբանություններից

Նոյեմբեր 14,2013 13:33

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանով նոյեմբերի 11-ին  Երեւանի պարարվեստի պետական քոլեջի տնօրեն  Արմեն Գրիգորյանին (լուսանկարում) աշխատանքից հեռացնելու լուրը իսկապես անակնկալի բերեց շատերին, այդ թվում՝  բալետային արվեստի գործիչներին: Նույն օրը երեկոյան մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանն էլ հայտնեց. «Արմեն Գրիգորյանն ազատվել է աշխատանքից՝ վերջին մեկ տարվա ընթացքում պարբերաբար իր պարտականությունները ոչ պատշաճ կատարելու պատճառով»: Փոխնախարարը հաստատեց «Առավոտի» լուրը, թե Արմեն Գրիգորյանը մի ուսանողի է ծեծել, ում ծնողներն այդ մասին տեղյակ են պահել նախարարությանը, ինչն էլ պատճառ է դարձել նախարարի հրամանի: Փոխնախարարը հայտնել էր նաեւ, որ ստեղծվել է հանձնաժողով՝ ծառայողական քննություն անցկացնելու համար:

«Առավոտին» տեղեկություններ էին հասել կատարվածի մասին, սակայն մենք նպատակահարմար գտանք սպառիչ պատասխաններ լսել քոլեջի ուսումնական մասով փոխտնօրեն Հասմիկ Մարկոսյանից, որը նոյեմբերի 11-ից նշանակվել է տնօրենի պաշտոնակատար:

Տիկին Մարկոսյանը ի սկզբանե չցանկացավ տալ համապատասխան տեղեկատվություն, սակայն հարցապնդումից հետո համաձայնեց ամսի 13-ին, ժամը 13.30-ին ընդունել մեզ: Տիկին Մարկոսյանի աշխատասենյակի մոտ մեկ ժամ սպասեցինք, սակայն, չնայած խոստմանը, նա զլացավ մեկնաբանություն տալ, անգամ չբացվեց նրա աշխատասենյակի դուռը, թեեւ ներսում էր:

Հասմիկ Մարկոսյանից ուզում էինք ստանալ ընդամենը մեկ հարցի պատասխան, այն է՝ ինչպե՞ս է մեկնաբանում փոխնախարարի խոսքը, որ «Արմեն Գրիգորյանն ազատվել է աշխատանքից՝ վերջին մեկ տարվա ընթացքում պարբերաբար իր պարտականությունները ոչ պատշաճ կատարելու պատճառով», քանի որ քոլեջի կառավարումը իրականացվում է կոլեգիալ սկզբունքով: Եվ եթե կառավարման ոլորտում ակնհայտ են թերություններն ու բացթողումները, ապա մեղքի հավասար բաժին ունի փոխտնօրենը եւս: Ի դեպ,  տնօրենի հավանական թեկնածուների անունների ցանկի առաջին հորիզոնականում  Հասմիկ Մարկոսյանի անունն է: Իսկ Հայաստանում, ավանդաբար, տնօրենի պաշտոնակատարները հենց տնօրեններ էլ նշանակվում են:

Փորձեցինք որոշ պարզաբանումներ ստանալ ծառայողական  աշխատանքային խմբում ընդգրկված՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի  ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանից: Վերջինս չխոսեց կատարվածի մասին, նշեց, որ իրեն հուզում է միայն քոլեջ-օպերային թատրոն կապը: «Չորս տարի է՝ ինչ ղեկավարում եմ օպերային թատրոնի բալետային խումբը եւ օրինական պահանջով թատրոնը բազմիցս դիմել է քոլեջի տնօրինությանը, որպեսզի ավարտական կուրսի ուսանողները թատրոնում անցնեն պրակտիկա: Չէ՞ որ քոլեջի նպատակը մեկն է՝ թատրոնի համար պատրաստել բալետի արտիստներ: Օրինակ՝ ժամանակին, երբ ես պարարվեստի ուսումնարանի ուսանող էի, զբաղված էի մեր թատրոնի ամբողջ բալետային խաղացանկի ներկայացումներում»,- հայտնեց պարոն Խառատյանը:

Ռեպլիկին, թե այսօր իր ղեկավարած բալետային խումբը համալրում են քոլեջի շրջանավարտները, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ճիշտ է, համալրում են, սակայն գալիս են բացարձակ անփորձ ու անտեղյակ: Քոլեջի սաները կամ ավելի ճիշտ՝ շրջանավարտները կտրված են մեզանում տարվող բալետային քաղաքականությունից»: Մեր զրուցակիցը հավելեց նաեւ, թե ճանաչված թատրոններն ունեն իրենց բալետային դպրոցները, օրինակ՝ «Grand Opera»-ն իր բալետային խումբը,  Սան Ֆրանցիսկո,  Թագավորական բալետ ճանաչված խմբերն՝ իրենցը եւ այլն: Պարոն Խառատյանն ասաց, որ պարարվեստի քոլեջի սանը, մասնավորաբար՝ շրջանավարտը, ի վերջո, պետք է տեղյակ լինի օպերային թատրոնում կատարվող անցուդարձին: Նրա խոսքերով՝ «Թատրոնն է թելադրում ժամանակի զարգացման ռիթմը, ուղղվածությունը,  մեթոդիկան, մի խոսքով՝ բալետային քաղաքականությունը»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930