Ներկայումս երթեւեկության համար շարունակում են փակ մնալ Իջեւան-Բերդ հանրապետական նշանակության ճանապարհը եւ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը:
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանին հարցրեցինք, թե մինչեւ ե՞րբ են դրանք փակ մնալու: Նա ասաց, որ ճանապարհները փակվել են անվտանգության նկատառումներով եւ փակ կմնան այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ լինի: ՊՆ մամլո քարտուղարն ասաց, որ Վազաշեն-Պառավաքար հատվածում, որտեղ հոկտեմբերի 22-ին ադրբեջանական զինուժի ոտնձգությունների հետեւանքով ժամկետային զինվոր է զոհվել, 3-ը վիրավորվել, ներկայումս պաշտպանության նախարարության կողմից ճանապարհի անվտանգության ապահովման համար լայնամասշտաբ աշխատանքներ են կատարվում:
Ա. Հովհաննիսյանը նաեւ հայտնեց, որ ՀՀ տարածքային կառավարման, տրանսպորտի եւ կապի նախարարությունները քննարկում են Իջեւան-Գանձաքար-Իծաքար-Նավուր-Բերդ ճանապարհի վերանորոգման հարցը: Նշենք, որ այժմ այդ ճանապարհով է իրականացվում Տավուշի մարզկենտրոնի կապը Բերդի տարածաշրջանի հետ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ