Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփանակերտ: Համաժողով նվիրված զբոսաշրջության ոլորտին

Նոյեմբեր 14,2013 13:06

2013թ. նոյեմբերի 12-13ը Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն հոթելի» խորհրդակցությունների սրահում անցկացվեց «Տուրիզմը Ղարաբաղում» խորագրով համաժողով: Համաժողովը, որին մասնակցում էին Հայաստանի մոտ 50 առաջատար զբոսաշրջային ընկերությունների ղեկավարներ և այլ ներկայացուցիչներ, Ստեփանակերտում գործող երեք զբոսաշրջային կազմակերպությունների ղեկավարներ, ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջային վարչության պետը, ԼՂՀ մշակույթի փոխնախարարը և այլ պաշտոնյաներ, կազմակերպվել էր «Վալլեքս» խմբի հյուրանոցային-զբոսաշրջային գործունեություն իրականացնող միավորների տնօրինության նախաձեռնությամբ:
Խորհրդաժողովին բացման խոսքով ներկաներին դիմեց «Վալլեքս Գարդեն Հոթելի» տնօրեն Միքայել Ղալումյանը, ով, ողջունելով միջոցառման մասնակիցներին, հույս հայտնեց, որ նման հանդիպումները կդառնան ավանդական և կնպաստեն Ղարաբաղը ակտիվ զբոսաշրջային ծրագրերում ընդգրկելուն:
Այնուհետև ելույթ ունեցան «Արիես Լիբեր», «Լևոն Թրավլ», «Սիդոն Թուր ընդ Թրավլ», «Սիրով Թրավլ», «Երևան թրավլ», Ստեփանակերտի «Վարանդա թրավլ» ընկերությունների ներկայացուցիչները: Բանախոսները խոսեցին այն խնդիրների մասին, որոնք խոչընդոտում են ղարաբաղյան տուրիզմի զարգացումը: Դա նախ և առաջ հեռավորությունն է Երևանից և ոլորապտույտ ճանապարհների անբարեկարգ վիճակը, որը վանում է հատկապես արտասահմանյան զբոսաշրջիկին: Դրա լուծման ուղիներից մեկը կարող էր լինել փոքր ավիացիայի զարգացումը, ուղղաթիռային կանոնավոր թռիչքների կազմակերպումը: Խոչընդոտների թվում նշվեց նաև արտերկրում Ղարաբաղի մասին ոչ լիարժեք տեղեկատվության առկայությունը և Ադրբեջանի կողմից իրականացվող հակաքարոզչությունը: Խոսվեց նաև այն մասին, որ Ղարաբաղում զբոսաշրջային պատշաճ մակարդակի ծառայություններ մատուցող ընկերությունները քիչ են, չկան ազգային խոհանոց առաջարկող ռեստորաններ և զբոսաշրջության զարգացումը խթանող այլ բաղադրիչներ: Ոլորտի մասնագետներն այնուամենայնիվ նշեցին, որ այդ խնդիրները չպետք է արգելափակեն իրենց ջանքերը և պատրաստակամություն հայտնեցին այսուհետ ավելի ակտիվ աշխատել Ղարաբաղում: Բավարար քանակի հյուրանոցային տեղեր ապահովելու հարցում արդեն զգալիորեն բարելավվել է վիճակը. գործում է շուրջ 1000 հյուրանոցային տեղ: «Վալլեքս Գարդեն Հոթելի» բարձրակարգ հյուրանոցային պայմաններն արդեն հնարավորություն են տալիս վստահորեն Արցախ հրավիրել ամենախստապահանջ զբոսաշրջիկին:
ԼՂՀ տուրիզմի վարչության պետը, ամփոփելով խորհրդաժողովը, նշեց, որ վերջին տարիներին լուրջ փոփոխություններ են նկատվում ոլորտում, և կառավարությունը փորձում է աշխատանքներ իրականացնել ոլորտի զարգացումը խթանելու նպատակով: Սակայն նշված խնդիրների հաղթահարումը տեսնում է Հայաստանի զբոսաշրջային կազմակերպությունների ակտիվ գործունեությամբ, քանի որ, ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների՝ տարեկան 15 000 զբոսաշրջիկի այցելության պայմաններում, ոչ մի մասնավոր ընկերություն լուրջ ներդրումներ չի կարող կատարել ոլորտում:
Արցախում զբոսաշրջության զարգացման լուրջ ներուժ համարվեց Արցախում դեռևս չեղած Հայաստանի բնակիչների մեծ թիվը: Առաջիկայում կմշակվեն ծրագրեր, որոնք նպատակ կունենան կարճատև ու մատչելի զբոսաշրջային փաթեթներ առաջարկել Հայաստանի բնակիչներին՝ հնգօրյա հանգիստը Արցախում կազմակերպելու նպատակով: Քննարկվեց նաև որակյալ զբոսավարների պատրաստման խնդիրը: Նոյեմբերի 12-ին համաժողովի մասնակիցները եղան «Արցախ բրենդի քոմփանի» ընկերությունում, ծանոթացան ոգելից խմիչքների արտադրությանը և մասնակցեցին համտեսի:

«Վալլեքս» խմբի ընկերությունների
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930