Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Բացելով նիստը, վարչապետն անդրադարձել է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի գրասենյակ նոր հայտ ներկայացնելու, ինչպես նաև 2014թ. հունվարի 1-ից կուտակային կենսաթոշակային համակարգը ներդնելու խնդիրներին (տե՛ս առանձին):
Հաստատելով նիստի օրակարգը, գործադիրը ձեռնամուխ է եղել հարցերի քննարկմանը:
Կարդացեք նաև
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» և «Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» օրենքներում լրացումներ կատարելու օրինագծերին, որոնք մշակվել են ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ստեղծված պետական խորհրդանշանների ճանաչման, արժևորման և հանրահռչակման ապահովման աշխատանքային խմբի, «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի ու հասարակական այլ կազմակերպությունների հետ համատեղ: Նախագծերի ընդունմամբ կառավարությունը կունենա ՀՀ պետական դրոշի և ՀՀ պետական զինանշանի տեխնիկական պայմանները հաստատելու` օրենքով սահմանված լիազորություն: «Պետք է շնորհակալություն հայտնենք հասարակական կազմակերպություններին, որոնք նախաձեռնող, շահագրգիռ և հետևողական էին այս հարցում, – հարցի առնչությամբ նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: – Նաև պետք է խնդրենք նրանց, որպեսզի այս օրենքի կիրառման առումով հասարակական վերահսկողություն իրականացնեն, քանի որ զինանշանը, դրոշը պետականության կարևոր խորհրդանշաններ, ատրիբուտներ են և նպաստում են նաև մեր երիտասարդների հայրենասիրական դաստիարակությանը: Շատ շնորհակալ ենք հասարակական հատվածին»:
Կառավարության հավանությունն է ստացել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի գործողությունը մինչև 2013թ. դեկտեմբերի 1-ը երկարաձգելու նախաձեռնությունը, որը 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին հնարավորություն կտա սահմանված ժամկետում մուծել համապատասխան վճարը, վերադառնալ հայրենիք և ազատվել քրեական հետապնդումից: Հաջորդ որոշմամբ գործադիրն անհետաձգելի է համարել օրենքի նախագիծը:
Նիստում հավանության է արժանացել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով սահմանվում է համայնքի զարգացման ծրագրի հասկացությունը, հստակեցվում ծրագրի ընդունման, դրանում փոփոխություն կատարելու ընթացակարգը, պարտադիր բաղադրիչները:
Գործադիրը քննարկել է «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է Ազգային Ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Օրինագծի ընդունման դեպքում ՍՊԸ ժողով հրավիրելու իրավունք կունենան նաև ընկերության առնվազն 20 տոկոս բաժնեմաս ունեցող մասնակիցները: Կառավարությունը նախագծի վերաբերյալ սկզբունքային առարկություն չի ներկայացրել:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:
Բնակիչներն ապահովվում են անվտանգ բնակելի տարածությամբ
Կառավարությունը փոփոխություն է կատարել իր նախկին որոշումներից մեկում և ՀՀ քաղաքաշինության նախարարին հանձնարարել Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Շիրազի փողոցի N 26 և 27 շենքերի շինարարության ավարտման փաստագրումից հետո մեկամսյա ժամկետում այդ շենքերը որպես սոցիալական բնակարանային ֆոնդ փոխանցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշվեկշռին` դրանց նկատմամբ իրավունքների պետական գրանցումն ապահովելու համար: Որոշումը նաև պարտավորեցնում է Մարալիկ քաղաքի NN 17, 22, 28 և 35 բազմաբնակարան շենքերի բնակարանների հատկացմամբ կարգավորել քաղաքի քանդման ենթակա վթարային N 5 շենքի բնակիչների վերաբնակեցման` անվտանգ բնակելի տարածությամբ ապահովելու, ինչպես նաև երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեցող անձանց բնակարանային խնդիրները:
Վերաբաշխում կատարելով 2013թ. պետբյուջեում, փոփոխություններ` ավելի վաղ ընդունած իր որոշումներից մեկում, գործադիրը 2013թ. հղիության և ծննդաբերության նպաստների և ժամանակավոր անաշխատունակության նպաստների գծով կատարված փաստացի ծախսերի ֆինանսավորման նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը հատկացրել է մոտ 2.5 մլրդ դրամ: Որոշման ընդունմամբ ապահովվում է ընթացիկ տարվա պետբյուջեի եկամտային մասի` Ծառայության կողմից փաստացի ծախսերին համապատասխան վճարումների կատարումը, ինչպես նաև վճարում չկատարելու դեպքում պետության հանդեպ տույժ և տուգանքի առաջացման կանխումը:
ՀՀ կառավարությունն ավելի վաղ ընդունած իր երեք որոշումներում կատարել է փոփոխություններ և լրացումներ, վերաբաշխում` 2013թ. պետբյուջեում և երկու ծրագրերի տնտեսումից առաջացած շուրջ 20 միլիոն դրամը հատկացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` ապահովելու համար համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում տեղակայված տեխնիկայի պահպանումը և Երևանի Թբիլիսյան խճուղի N 3 մասնաշենքի, Մարալիկի Շիրազի փ. 25, 33 և 34 շենքերի և Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատության մասնաշենքերի պետական գրանցումը: Մեկ այլ որոշմամբ սույն հաստատությանն են հանձնվել իր իսկ զբաղեցված մասնաշենքերը, որոնք հիմնանորոգումից հետո հնարավորություն կտան պատշաճ կազմակերպել գիշերօթիկում բնակվող երեխաների շուրջօրյա խնամքը և բարձրացնել սպասարկման որակը:
Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտության առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի ուսումնական գործընթացը բնականոն կազմակերպելու համար պահպանվող միջոցները կառավարությունը որոշել է տրամադրել Լոռու մարզպետարանին նախատեսված ծրագրերից մեկի հաշվին:
Կառուցվում են կրթական և մշակութային օբյեկտներ, ճանապարհներ
ՀՀ կառավարությունը 2013թ. պետբյուջեում կատարել է վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ` ավելի վաղ ընդունած իր երկու որոշումներում: Նոր որոշումը միտված է պահպանման և շահագործման արդի պահանջները բավարարող կրթական և մշակութային օբյեկտների ձեռքբերմանը և ՀՀ պետգնումների գործընթացին միջին և փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ակտիվ մասնակցության ապահովմանը: Հատկացված ֆինանսական միջոցներով կբարեկարգվի Գեղարքունիքի մարզի Վաղաշենի նորակառույց դպրոցի տարածքը, կավարտվեն շենքի կահավորման մնացորդային աշխատանքները, կվերակառուցվի Երևանի Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի տանիքը, կշարունակվի Արարատի մարզի Մասիսի N 5 ավագ դպրոցի վերակառուցումը, կնորոգվի Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, ինչպես նաև ձեռք կբերվի քաղաքաշինական ծախսային ծրագրերով նախատեսված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման էլեկտրոնային համակարգի արդյունավետության վերաբերյալ հանրամատչելի տեսահոլովակ:
Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրված վարկային համաձայնագրի Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի առաջին տրանշով նախատեսվում է իրականացնել Երևանի Արշակունյաց պողոտան Արտաշատի խճուղուն միացնող և Արգավանդի ճանապարհային հանգույցը Շիրակի փողոցին միացնող մայրուղու շինարարությունը: Կառավարության նիստում հաստատվել է նշված առաջին ճանապարհահատվածի համար հողի օտարման և տարաբնակեցման N 1 ծրագիրը: Առաջիկայում կսկսվի իրացման աշխատանքը: Հաջորդ որոշմամբ գործող որոշման հավելվածում ընդգրկված ցանկից հանվել են այն հասցեները, որոնք ըստ ավտոճանապարհի նոր նախագծի այլևս չեն համարվում բացառիկ` գերակա հանրային շահ, ինչպես նաև այդպիսիք են ճանաչվել նոր տարածքներ: Օտարման ենթակա տարածքների ճշտումից հետո Երևանի քաղաքապետարանը` որպես ձեռքբերող, կիրականացնի իր պատվիրակված լիազորությունները:
Մեկ այլ որոշմամբ գործադիրը Երևանի քաղաքապետին լիազորել է Հայաստանի Հանրապետության անունից «Ավո Ֆ.Մ.Հ.» ՍՊԸ հետ կնքել Երևան քաղաքի Աբովյան, Նալբանդյան, Արամի փողոցներով պարփակված տարածքում սեփականության օտարման ընթացքում պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտավորություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագրում քաղաքաշինական ծրագրի վերջնաժամկետը 2016թ. դեկտեմբերի 30-ը սահմանելու վերաբերյալ փոփոխություն կատարելու համաձայնագիր:
Միջազգային համագործակցություն
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՄԱԿ-ի մոնիթորինգային մարմիններ ներկայացվող «ՀՀ բոլոր պաշտոնական թեմատիկ զեկույցների մաս կազմող հիմնարար փաստաթղթին» և ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարել ապահովել դրա թարգմանությունը:
Նիստի հավանությանն է արժանացել Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի վերաբերյալ ՀՀ ազգային զեկույցը (հաշվետու ժամանակաշրջան` 2009-2012թթ):
Գործադիրը համաձայնություն է տվել ԱՊՀ պետությունների համագործակցությանը վերաբերող երեք համաձայնագրերում փոփոխություններ կատարելու արձանագրությունների կնքման առաջարկություններին: Դրանք վերաբերում են ապրանքների ծագման երկրի որոշման կանոններին, ցուցահանդես-տոնավաճառային և կոնգրեսային գործունեության զարգացմանը, միջպետական հարաբերությունների համակարգմանը վերաբերող նախկինում ստորագրված փաստաթղթերին:
Կառավարությունը «Արտակարգ իրավիճակներին ՀԱՊԿ անդամ պետությունների արձագանքման կարգի մասին» կանոնակարգով նախատեսված արտակարգ իրավիճակների վերացման համատեղ միջոցառումների իրականացման պատասխանատու իրավասու մարմին է նշանակել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Նիստում համաձայնություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության կառավարությունների միջև կրթության և գիտության բնագավառներում համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Կատարելագործվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգը
Փոփոխություն և լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից երկուսում, գործադիրը սահմանել է, որ ՀՀ կառավարության պաշտոնական կայքի «Գրեք նամակ» և էլեկտրոնային կառավարում (e-gov.am) «Գրեք նամակ կառավարությանը» բաժիններից ՀՀ կառավարության աշխատակազմ և այլ մարմիններ էլեկտրոնային թվային ստորագրությամբ կամ նույնականացման քարտի միջոցով ուղարկված նամակները (այդ թվում` ստացված կարծիքները, առաջարկությունները, բողոքները) կառավարության աշխատակազմի էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ են մուտքագրվում ավտոմատ կերպով:
Կառավարությունը լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որով սահմանվել է պետական անտառային հողերում անտառային տնտեսության վարման և անտառօգտագործման հետ չկապված աշխատանքների իրականացման կարգը: Լրացումների շնորհիվ կապահովվի անտառների կայուն կառավարումը, ինչը Հելսինկիի գործընթացի իրականացման երաշխիքն է և ՀՀ անտառի ազգային քաղաքականության գլխավոր նպատակը:
Գործադիրը լրացումներ է կատարել նաև Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն ստեղծելու իր նախկին որոշման մեջ` նշված կենտրոնում ստեղծելով արբանյակային կապի բաժին, որը, մինչև տիեզերական գործակալության ստեղծումը, զբաղվելու է արբանյակային կապի զարգացման խնդրով: Ինչպես հայտնի է, Հայաստանը նախատեսում է իրականացնել Արմսաթ արբանյակի արձակում և շահագործում, ինչը կապված է ծրագրային և տեխնիկական մի շարք գործընթացների հետ:
Կթեթևանա ընկերությունների ֆինանսական բեռը
ՀՀ կառավարությունը հաստատել է`
-ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի գեոդեզիայի և հողային պետական տեսչության կառավարման խորհրդի կանոնադրությունները,
-սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության նպատակով փորձարկում իրականացնող լաբորատորիաների մրցույթով լիազորման կարգը,
-մաքսային ձևակերպման համար սահմանված վայրերից և մաքսային ձևակերպում իրականացնող մաքսային մարմինների աշխատանքային ժամերից դուրս մաքսային ձևակերպման իրականացման կարգի փոփոխություններն ու լրացումը,
-արդյունաբերական ընկերությունների կողմից ձեռք բերված մի շարք ծածկագրերին դասվող ապրանքների մասով վճարված ակցիզային հարկի գումարի վերադարձման կարգը, ինչի գործադրմամբ կթեթևանա ընկերությունների ֆինանսական բեռը և կբարձրանա արտադրանքի մրցունակությունը,
-ռազմարդյունաբերության աշխատանքը համակարգող նորմատիվ տեխնիկական ակտերի մշակման ծրագիրը, որը կնպաստի ոլորտի համալիր, փոխկապված, կայուն և հավասարակշռված զարգացմանը:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել`
-իրական հատվածի համար ֆինանսական ռեսուրսների հասանելիության բարձրացման հայեցակարգին և գործողությունների ծրագրին, ինչը վկայում է, որ կառավարությունը որդեգրում է միաժամանակ տնտեսության ֆինանսական և իրական հատվածներում նպատակային քաղաքականության իրականացման մոտեցումը,
-բնապահպանության ոլորտի նորարարական ֆինանսատնտեսական մեխանիզմների ստեղծման հայեցակարգից բխող խնդիրների իրականացման միջոցառումների ծրագրին:
Այլ հարցեր
Կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև 2017թ. աշնանային զորակոչը տարկետում է տրվել Արարատի մարզի Մրգավետ գյուղի բնակիչ, մաթեմատիկա մասնագիտությամբ Օքսֆորդի համալսարանի սան Վահագն Ասլանյանին: Երևանի բնակիչ, Լոնդոնի համալսարանական քոլեջի մագիստրատուրայի սան Վարդան Համբարձումյանին ՀՀ զինված ուժերի պահեստազորի բժշկական կազմի սպաների զորակոչից տարկետում է տրվել մինչև ուսումնառության ավարտը` բժշկական կազմի սպաների 2014թ. զորակոչը:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ