Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղթանակ Շահումյան. «Նկարիչների միությունը գնում է ինքնաոչնչացման»

Նոյեմբեր 14,2013 12:24

 ՀՀ նկարիչների միության նախորդ՝ 2008թ կայացած համագումարում միության նախագահի թեկնածու առաջադրված, ճանաչված նկարիչ եւ ակտիվ քաղաքացի Հաղթանակ Շահումյանից Aravot.am-ը հետաքրքրվեց, չի՞ պատրաստվում կրկին առաջադրվել նկարիչների միության գալիք համագումարին:

«Ես տեղյակ չեմ՝ համագումար լինելու է, թե՞ ոչ: Երեկ մամուլից իմացա, որ նման մտադրություն կա: Ի դեպ, մեր միության կանոնադրությամբ նախատեսվում էր, որ 2010 թվականի վերջին պետք է լինի համագումար: Սակայն երեք տարի արդեն անցել է այդ օրվանից, համագումար չի եղել, ինչը արդեն օրենքի կոպիտ խախտում է»,-ասաց պարոն Շահումյանը: Գեղանկարիչը հավելեց, թե գալիք համագումարից սպասելիքն այն է, որ նկարիչների միությունը պետք է պահպանվի, սակայն փոխի իր աշխատաոճը: Մեր զրուցակիցը նեղսրտում է, որ ստեղծագործական միության նախագահի թեկնածու առաջադրվելու մեջ հանրությունն անպայման կոնֆլիկտ է փնտրում, մինչդեռ, նրա ասելով, դա կարող է լինել ամենաազնիվ մղումներով:

«Նկարիչների միությունը շատ անհրաժեշտ է, քանի որ մեր երկրում կերպարվեստով զբաղվող լիարժեք համակարգ չի կայացել, փոքր երկրներում նման համակարգը դժվար է կայանում, մեր ցուցասրահները լավ չեն գործում: Դրա համար միությունը պետք է այլ կերպ աշխատի, կերպարանափոխվի, սովետական ժամանակ այլ հարաբերություններ էին, հիմա՝ ուրիշ: Միությունը պետք է լրիվ փոփոխության ենթարկի իր գործունեությունը, կարողանա օգտակար լինել արվեստի միջավայրին, կերպարվեստի զարգացման խթան հանդիսանա: Ճիշտ է՝ նկարիչների միությունը արվեստագետ չի պատրաստում, որովհետեւ տաղանդը մարդու հետ է ծնվում, բայց այդ կառույցը պետք է պայմաններ ստեղծի, որ նոր ուժեր գան, երիտասարդությունը ոգեւորվի, ունենա ապագայի զգացողություն: Եթե չկարողանանք այդ միջավայրը ստեղծել, երկրից գնացող ստեղծագործողների թիվը կմեծանա: Ինչ վերաբերում է իմ առաջադրվելուն, դա ես չեմ որոշում, այլ կոլեգաներս: Բոլորս գիտենք, թե ով ինչի է ընդունակ:

Եթե ինձ առաջարկեն, չեմ հրաժարվի, չնայած դա զոհողություն կլինի իմ ստեղծագործական կյանքում, բայց երեք տարի պատրաստ կլինեմ լծվել միությունը կերպարանափոխելու գործին: Թե չէ մինչեւ հիմա այն գնում է ինքնաոչնչացման: Այս տարիների ընթացքում, միայն կորցրել ենք, եւ այդ կորցրածի արդյունքում նկարիչների միության մեջքը չի շտկվել»,-հայտնեց Հաղթանակ Շահումյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930