Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Դավիթ Բաբայանի՝ Զարուհի Փոստանջյանը «բարոյական իրավունք չունի արտահայտվելու Արցախի ժողովրդի անունից»

Նոյեմբեր 14,2013 12:14

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ներկայացրած ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ, նախ՝ ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը, ապա՝ ՀՀԿ խմբակցության անդամ Շուշան Պետրոսյանը հարց ուղղեցին նրան այն մասին, թե արդյո՞ք նա ծանոթ է իր օրինագծի նկատմամբ ԼՂՀ իշխանությունների վերաբերմունքին, կո՞ղմ են նրանք Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչմանը, թե՞ դեմ։

Զարուհի Փոստանջյանը երկու դեպքում էլ խուսափողական պատասխան տվեց՝ հայտարարելով, որ իրեն հայտնի է Արցախի հանրության դիրքորոշումը, որ այն դրական է տրամադրված ՀՀ-ի կողմից անկախության ճանաչմանը, քանի որ ԼՂՀ-ն արդեն արտահայտել է իր դիրքորոշումն անկախության հանրաքվեի միջոցով, և հիմա Հայաստանի հերթն է՝ ճանաչելու անկախության հանրաքվեի արդյունքները։

Քանի որ Զարուհի Փոստանջյանն այդպես էլ հստակ չասաց, թե ինչ տեսակետ ունեն իր ներկայացրած օրինագծի նկատմամբ ԼՂՀ իշխանությունները, մենք փորձեցինք այդ հարցը հստակեցնել ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դ. Բաբայանի միջոցով։ Վերջինս չափազանց վրդովված էր. «Այս անձնավորությունը որևէ բարոյական իրավունք չունի արտահայտվելու Արցախի ժողովրդի անունից, քանի որ իմ կարծիքով՝ նա նույնիսկ Արցախի տեղն էլ չգիտի, երևի Ղարաբաղում չի էլ եղել։ Համենայն դեպս, ես նրան ոչ մի անգամ չեմ տեսել Ղարաբաղ այցելած պատվիրակությունների կազմում»։

Դ. Բաբայանն ասում է, որ Արցախի և ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են ԼՂՀ միջազգային ճանաչման համար։ «Բայց Հայաստանը չէ, որ պետք է առաջինը ճանաչի ԼՂՀ անկախությունը։ Դա կարող է լինել ցանկացած պետություն, բայց ոչ Հայաստանը։ Հիմա գնում է բանակցային գործընթաց, և ՀՀ-ն այդ բանակցային գործընթացի մասնակիցներից է։ ՀՀ-ի կողմից ԼՂՀ ճանաչումը նշանակում է, որ ՀՀ-ը դուրս է գալիս բանակցային գործընթացից, որը կարող է բերել անկանխատեսելի հետևանքների, սադրել նոր պատերազմի սկիզբ։ Այսինքն՝ այս անձնավորությունն՝ իր սադրանքով, Ադրբեջանին և միջազգային հանրությանը հնարավորություն կտա ՀՀ-ին մեղադրել բանակցային գործընթացը տապալելու և պատերազմ սանձազերծելու մեջ»։

Մեր այն հարցին, թե անարդար չէ՞ Արցախի ճանաչումը պահանջող գործչին սադրիչ որակելը, Դ. Բաբայանը պատասխանեց. «Անկեղծ ասած՝ ես չգիտեմ, թե նա ինչ շարժառիթներ ունի նման գործողությունների համար, բայց, որ նման քայլերով նա հարվածում է մեր պետականությանը, որ դա չի բխում հայ ժողովրդի շահերից, դա միանշանակ է։ Եթե նրան իսկապես մտահոգում է ԼՂ-ի միջազգային ճանաչումը, ապա նա կարող էր այդ հարցը բարձրացնել ԵԽ ԽՎ նստաշրջանների ժամանակ, կարող էր եվրոպացի խորհրդարանականների առջև հարց դնել, թե ինչու իրենց երկրների խորհրդարանները չեն ճանաչում ԼՂՀ անկախությունը։ Բայց նա և իր կուսակցությունն անընդհատ այդ հարցը բարձրացնում են ՀՀ խորհրդարանում՝ լավ հասկանալով, որ Հայաստանը չի կարող գնալ նրան, որ նման օրենք ընդունի։ Մենք հոգնել ենք նման մուտիլովկաներից, նման սադրանքներից, մի բան է, որ դա անում են ադրբեջանցիները, բայց մեզ համար շատ ծանր է, որ դրան են միանում նաև հայաստանցի պատգամավորները»։

Ավետիս ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930