Լրահոս
Օրվա լրահոսը

Կալանքը՝ խափանման իրավաչափ միջո՞ց, թե՞ պատիժ

Նոյեմբեր 14,2013 12:12

«Խափանման միջոցի կիրառումից, իհարկե, բավարար հիմքերի առկայության դեպքում, ձեռնպահ մնալու գերխնդիրը պաշտպանության արդյունավետ կազմակերպումն է, ինչն իր հերթին արդար դատաքննության լուրջ երաշխիք է: Ինքնին հասկանալի է, որ մինչդատական վարույթի ընթացքում ազատության մեջ մնալը տալիս է հավուր պատշաճի քննություն, ինչպես նաև մատչելի պաշտպանություն իրականացնելու հնարավորություն, ինչում պակաս շահագրգռված չեն նաև տուժողները: Վերջիններս ևս հետաքրքրված են գործի բոլոր հանգամանքների համակողմանի բացահայտմամբ: Իհարկե, ձևավորված է այն մտայնությունը, որ կալանք չկիրառելը, ըստ էության, ներողամտություն է, իսկ կալանքի կիրառումը յուրատեսակ կերպով «հագուրդ է տալիս» տուժողներին, ընկալվում է, որպես պատժի անխուսափելիության երաշխիք, ինչի հետ, կամա, թե ակամա, հաշվի են նստում պրակտիկ իրավաբանները:

Ի դեպ, այն սխալ մտայնությունն է տիրում, թե իբր ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց կիրառելու դեպքում գրեթե անխուսափելի ու անկանխելի է դառնում անձի հնարավոր փախուստը: Հաճախ կարելի է լսել, օրինակ, որ այդ դեպքում կասկածյալը կարող է անարգել հատել սահմանը և դիմել փախուստի: Գործող օրենսդրությունն այդչափ «անճարակ» չէ. Սահմանադրության 16-րդ հոդվածի 3-րդ կետի հիման վրա այդպիսի փորձ կատարող անձին կարելի է անհապաղ ձերբակալել, քանզի ազատությունից զրկելու հիմք է հանդիսանում նաև «օրենքով սահմանված որոշակի պարտականությունների կատարումը» ապահովելը»,-մեր հետ զրույցի ժամանակ ասաց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, Սահմանադրական դատարանի խորհրդական, «Սահմանադրական իրավունքի կենտրոն» խորհրդի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը, պատասխանելով «Եկեք խնդիրը դիտարկենք նաեւ բարոյականության, հանրության մեջ ձևավորված իրավագիտակցության տեսանկյունից: Որքանո՞վ կարող է արդարացի համարվել կասկածյալի ազատության մեջ մնալը, երբ ակնհայտ են նրա կողմից կատարված արարքի ծանր հետևանքները: Ի՞նչ ենք շահում այդպիսի դեպքերում կասկածյալի նկատմամբ կալանք չկիրառելով, թեկուզ և կան հավաստի հիմքեր առ այն, որ վերջինս միանշանակ խույս չի տա քննությունից ու պատասխանատվությունից, չի խոչընդոտի քննությանը» հարցին:

Հաջորդ հարցին էլ, թե «Զուտ գործնական տեսանկյունից. Ինչպե՞ս կարող է քրեական հետապնդում իրականացնող մարմինը «կռահել», որ կասկածյալը կարող է խուսափել քննությունից, խոչընդոտել, արդյոք դա անմեղության կանխավարկածի խախտում չէ», պարոն Դանիելյանն ասաց. «Դրա համար անհրաժեշտ են քննության մեթոդաբանության և քննչական տակտիկայի անհրաժեշտ գիտելիքներ ու փորձ: Մասնավորապես, այդպիսի հիմքերի առկայության մասին կարող են վկայել այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են դեպքի վայրից փախուստի փորձը, արարքը կատարելուց հետո հետքերը թաքցնելուն ուղղված գործողությունները, վկաների, տուժողների հետ հանդիպումները և դեպքի հանգամանքների վերաբերյալ ուղղորդված քննարկումները, փախուստի համար իրականացված նախապատրաստական քայլերը և այլն»:

Խափանման միջոցի ընտրման իրավաչափության մասին Գեւորգ Դանիելյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք վաղվա «Առավոտ» օրաթերթում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարատ says:

    Դեռեւս 1979թ. Ուկրաինայում քննիչ աշխատելիս վարույթումս ունեցել եմ սպանության մեղադրանքով քրեական գործ, որով որպես խափանման միջոց կիրառել եմ չհեռանալու մասին մեղադրյալի ստորագրությունը: Որեւէ խնդիր չի առաջացել, դատարանն արձակել է մեղադրական դատավճիռ, այն մտել է օրինական ուժի մեջ` նոր միայն այդ անձին վերցրել են կալանքի:
    Նույն կերպ, 1982թ. Հայաստանում, Արագածի շրջանում աշխատելիս, վարույթումս ունեցել եմ այն ժամանակվա քր օրի 90 հոդ. 3-րդ մասի ծանր հանցագործության մեղադրանքով քրեական գործ, որով որպես խափանման միջոց նույնպես կիրառել եմ չհեռանալու մասին մեղադրյալի ստորագրությունը: Որեւէ խնդիր չի առաջացել, դատարանն արձակել է մեղադրական դատավճիռ, այն մտել է օրինական ուժի մեջ` նոր միայն այդ անձին վերցրել են կալանքի:
    Հանցագործության ծանրությունը կամ շանր հետեւանքների առկայությունն ինքնին ամենեւին էլ կալանավորման հիմք չի կարող հանդիսանալ:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930