Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Մեհրաբյան. «Ռուսաստանն ինքն է հրահրել Ղարաբաղյան կոնֆլիկտը»

Նոյեմբեր 14,2013 11:58

Նոյեմբերի 22-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը պաշտոնական այցով Ռուսաստան է ժամանելու: Վերլուծություններ կան, որ այս այցից շատ բան է կախված ու հատկապես կանխատեսումներ կան, որ ինչպես Շվեյցարիայի իշխանություններին է Թուրքիան խնդրել միջնորդել ԼՂ հարցում, այնպես էլ Ռուսաստանի իշխանություններին կհիշեցնի ԼՂ հարցի՝ իրենց համար նպաստավոր «պահանջների» մասին: Ու Թուրքիան Ռուսաստանից այս հարցում շատ սպասելիքներ ունի:

Aravot.am-ը «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանից հետաքրքրվեց` ի՞նչ ակնկալել Ռուսաստանից: Նա պատասխանեց. «Ամեն դեպքում՝ ով էլ ինչ կառաջարկի ՌԴ-ին, Ռուսաստանի շահերը բխում են իրենց հարևանության ընկալումներից և իրենց դերի մասին ՌԴ-ում եղած պատկերացումներից: Հետևաբար չեմ կարծում, որ այստեղ ինչ-որ բան է փոխվել: ՌԴ-ն ինքն է հրահրել Ղարաբաղյան կոնֆլիկտը, որ կարողանա պահպանել տարածաշրջանում իր ազդեցությունը: ՌԴ-ն կգնա կոնֆլիկտի կարգավորմանը միայն այն դեպքում, երբ կարգավորումը բերի ՌԴ-ի ազդեցության և դերի էլ ավելի մեծացման: Հակառակ դեպքում չի գնա կարգավորման»:

Հարցին` ո՞ր դեպքում էլ ավելի կմեծանա Ռուսաստանի դերակատարությունը, պարոն Մեհրաբյանն այսպես արձագանքեց. «Պատկերացնում եմ այնպես, որ ԼՂՀ-ում միջազգային խաղաղարարները կլինեն ռուսներ, և նաև Ադրբեջանն էլ Ռուսաստանի օրբիտայում կլինի` չնայած ՌԴ ազդեցությունն Ադրբեջանի վրա արդեն իսկ շատ մեծ է, բայց համենայն դեպս, չի որոշում Ադրբեջանի քաղաքականությունը: Իսկ Հայաստանն այդ տարածաշրջանային ռազմավարության մեջ թե՛ գործիքի, թե՛ հենարանի է վերածվել Ռուսաստանի համար»:

Հարցին` դրա պատճառն ավելի շատ ՀՀ արտաքին քաղաքականության դաշտում եղած բացթողումնե՞րն են, թե՞ իրավիճակի նման դասավորությունը, պարոն Մեհրաբյանն այսպես պատասխանեց. «Արտաքին քաղաքականությունը ներքինի շարունակությունն է, և, ընդհանրապես, իշխանության քաղաքական տհասության, պետականության զգացման բացակայության, ագահության, չտեսության արդյունք է»:

Լուրեր են շրջանառվում, թե Թուրքիան մյուս կողմից էլ հեռահար ցանկություններ ունի հայ-թուրքական հարաբերությունները մինչև 2015-ը կարգավորել, բայց միայն այն դեպքում, եթե Հայաստանը «դուրս գա գրավյալ տարածքներից»: Հետաքրքրվեցինք` հնարավո՞ր է իրադարձությունների արագ զարգացում և հանգուցալուծում, պարոն Մեհրաբյանն ասաց. «Չեմ կարծում, որ դա հեշտ լուծելի հարց է և կբերի արագ փոփոխությունների: Ինչ վերաբերում է Թուրքիայի դերին, ապա այն տարածաշրջանում իրականացնում է բավականին ոչ կառուցողական քաղաքականություն, ինչ- որ տեղ նաև իներցիոն, որը ձևավորվել է դեռ 1990-ականներին: Թուրքիան փակել է ոչ միայն հայ-թուրքական, այլև Հայաստան-ՆԱՏՕ սահմանը` դրա դիմաց ստանալով ռուսական բազա: Եվ չեմ կարծում, որ դա բխում է Թուրքիայի շահերից»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930