Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազդարար» հանդեսի կալանավորված խմբագիրն ասում է. «Անկյուն քշված առնետի օրն եմ ընկել»

Նոյեմբեր 14,2013 11:22

«Համընդհանուր սուտ, շփոթ է: Ինձ դարձրել են հանցագործ: Ես ոչ մի ցուցմունք չեմ տալիս:Այդ մասին ասել եմ քննիչին: Ես խոսքադուլ եմ անում, չեմ ընդունել իմ մեղադրանքը: Ես օդի մեջ գնում եմ ութ տարվա ազատազրկման: Հենց այնպես:Անկյուն քշված առնետի օրն եմ ընկել»,-մեր հետ հեռակա զրույցի ժամանակ ասաց կալանավոր, «Ազդարար « հանդեսի գլխավոր խմբագիր Մարտիկ Սարգսյանը:

Օրեր առաջ տեղեկացվեց, որ կալանավորվել եւ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել «Ազդարար» հանդեսի գլխավոր խմբագիր, վերահիմնադիր, ՀՀ նախագահի թեկնածու դառնալու հայտ ներկայացրած Մարտիկ Սարգսյանը:
Հանդեսի պատասխանատու խմբագիր Շահանե Տեր-Առաքելյանն ասաց, որ «Մարտիկ Սարգսյանը զոհն է դարձել մի խարդախության, բազմաթիվ մեղադրանքների եւ լուտանքների ներքո տուժողի իր կարգավիճակից վերածվել է հանցագործի»:
Վեց տարի շարունակ լույս տեսնող հանդեսի աշխատակիցները, ըստ Շ.Տեր-Առաքելյանի կկազմակերպեն մամուլի ասուլիս, ի պաշտպանություն իրենց գլխավոր խմբագրի, նաեւ մեր լրատվամիջոց էին ուղարկել իրենց պաշտպանական խոսքը:
«Մ. Սարգսյանի մարտական ընկերները մինչ օրս էլ հաճույքով են պատմում թշնամու դեմ պայքարում նրա հերոսական արարքների մասին»,-գրում են ազդարարացիները:
Մարտիկ Սարգսյանը երկրորդ կարգի հաշմանդամ է, ստացել է կոնտուզիա մարտական գործողությունների ժամանակ, «Արծիվ -30» վետերան-մահապարտների միության նախագահն է:
«Այս օրհասական պահին, որոշ մարդիկ հանեցին իրենց դիմակները, մոռանալով, որ կյանքի եւ մահվան դաշտում հերոսական կռիվ են տվել թշնամու դեմ»,-գրում են ազդարարցիները:
Ըստ նրանց տեղեկատվության, Մարտիկ Սարգսյանի առողջական վիճակը բավարար չէ, նա անընդմեջ դեղեր է ընդունում: Այսօր Մ.Սարգսյանը տեղափոխվել էր մեկուսարանի բուժկետ, եւ ստուգվում էր:
Մ.Սարգսյանի կալանքի որոշումը բողոքարկվել է նաեւ ՀՀ քրեական եւ զինվորական վերաքննիչ դատարանում, այն մերժվել է:
Մարտիկ Սարգսյանի պաշտպանն է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, հանրային պաշտպանի գրասենյակից Համլետ Ստեփանյանը:
Մ.Սարգսյանին այցելել են ինչպես ՄԻՊ գրասենյակից, այնպես էլ դիտորդական խմբի անդամները:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930