ՀԱԿ պատգամավորներն օրերս 16 էջանոց փաստաթուղթ են ուղարկել կառավարություն։ «Սրանք կոնկրետ հարցադրումներ են կառավարությանը, որոնք ցույց են տալիս, թե ինչ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում արագաչափիչների եւ տեսախցիկների տեղադրումը, բերված են հաշվարկներ։ Մենք պատասխանը կստանանք եւ արդեն, կապված այդ պատասխանից, գուցեեւ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գանք Ազգային ժողովում»,- ասում է ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը։ Կոնգրեսի հարցադրումները վերաբերում են նրան, թե ինչ հիմքերով է որոշվել, որ արձանագրված ճանապարհատրանսպորտային խախտումներ կատարած քաղաքացիներից գանձվող տուգանքների 70 տոկոսը, ըստ ոստիկանության հետ կնքված պայմանագրի, 25 տարի պետք է ստանա «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ն, որը, ըստ չհերքված տեղեկությունների, նախագահի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի բիզնեսն է, ի՞նչ մրցույթ է անցկացվել, ինչպե՞ս են որոշվել տուգանքների դրույքաչափերը եւ այլն։ Ինչպես արդեն հրապարակվել է, ըստ ոստիկանության տվյալների, մինչեւ սեպտեմբերի 27-ը խախտողներից գանձվել է 4 մլրդ 177 մլն 600 հազար դրամի տուգանք, եւ այս գումարից մոտ 3 մլրդ-ն փոխանցվել է «Սեքյուրիթի Դրիմ»-ին, որը, ակնհայտորեն տեղը նստած, առանց էական ջանքերի գերշահույթներ է ստանում։ «Այդ խախտումներն արձանագրող տեսախցիկներն ու ֆոտոխցիկները պետք է ոստիկանության մենաշնորհը լինեն, քանի որ, նախ, ինքն է վերահսկում գործընթացը, ինքն է դրա պատասխանատուն, ինքն է վարույթներ հարուցում։ Մոտ 5 մլրդ դրամը 9 ամսվա կտրվածքով հսկայական գումար է թե ոստիկանության, թե ՀՀ բյուջեի համար։ Սրանով կարելի էր նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը ՃՈ համակարգում, ավելի արժանապատիվ պայմաններ ստեղծել ոստիկանության համար, շտկել արագաչափերի եւ տեսախցիկների տեղադրման գործընթացի գոնե այն թերությունները, որ մեքենա վարողներս զգում ենք մեր մաշկի վրա»,- ասում է ՀԱԿ իրավական աջակցության կենտրոնի համակարգող Արմեն Խաչատրյանը։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում