«Ժամանակակից մուսավաթ» կուսակցության նախագահ Հաֆիզ Գաջիևը կրկին մեղադրել է Ադրբեջանի եվրոպական շարժման ղեկավար Ռամին Գաջիլիին հայ աղջկա հետ պարելու համար և հրավիրել է իր մոտ զրույցի: Հայտնում է «1 նյուզ.ազ»-ը՝ հղում անելով «Վիրտուալազ.օրգ»-ին:
«Գաջիլիի հետ մենք մտերմորեն կզրուցենք: Ուզում եմ իմանալ՝ ի՞նչ է խոսել հայ աղջիկների հետ, ո՞րն էր այդ հանդիպման նպատակը: Գաջիլին դեռ երեխա է, նա չգիտի հայերին, իսկ ես Հայաստանում եմ ծնվել և լավ գիտեմ:
Իմ գաղտնի աղբյուրներից ես հավաստի տեղեկություն եմ ստացել, որ այդ աղջիկները, որոնց հետ պարել է Գաջիլին, ԿԳԲ-ի գործակալներ են», – ասել է ադրբեջանցի գործիչը, որը շատ ծանր է տանում հայերի նկատմամբ դրական վերաբերմունքը:
Գաջիևը, որը մեկ շաբաթ առաջ Գաջիլիին սպառնացել էր ծեծել հայուհու հետ պարելու համարձակության համար, հայտնել է, որ իրենց հանդիպումը կարող է տեղի ունենալ բացառապես իր կուսակցության գրասենյակում:
«Ես քաղաքական գործիչ եմ, որը երեք անգամ նախագահի թեկնածու է եղել: Ես խելագար չեմ, որ նստեմ թեյարանում, որտեղ թեյիս մեջ կարող են թույն լցնել: Գաջիլին թող չվախենա մեր գրասենյակ գալուց: Իր հետ կարող է վերցնել նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչներին», – ասել է Գաջիևը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ