Նոյեմբերի 11-ին «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բ. Պիպոյանը հայտարարություն էր տարածել այն մասին, որ կազմակերպությունը այսուհետ հրաժարվում է մասնակցել ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման, այդ թվում` չափորոշիչների, հաշվարկների և դրանց առնչվող այլ հարցերի, ինչպես նաև վարձի կիրառման մեխանիզմների քննարկման նպատակով ստեղծված հանձնաժողովի աշխատանքներին: Սակայն արդեն հաջորդ օրն իսկ՝ նոյեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բ. Պիպոյանը հայտարարեց, թե ոչ թե դուրս է եկել հանձնաժողովի կազմից, այլ չի մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին:
Ձեռնպահ մնալով պարոն Պիպոյանի հանձնաժողովի աշխատանքներին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ որոշումը մեկնաբանելուց՝ մեջբերենք «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության կայքից վերցված, խնդրո առարկա հարցին վերաբերող նրա կողմից նախկինում արված հայտարարություններից որոշ հատվածներ։ Այսպես.
«Բայց իսկապես քաղաքապետարանը շատ մեծ, բովանդակային ու ծավալուն փաստաթուղթ է ներկայացրել: Ինչ-որ բան փոխելու համար ահռելի աշխատանք է պետք իրականացնել»,
«Քաղաքապետարանը պատրաստված թիմով է հանդես գալիս»,
«Եթե ինչ-որ մեկն այսօր ասի, որ թիվ է հաշվել, ես կբանավիճեմ, որովհետև մաքսիմալ գրագետ և կլասիկ գործող իրավիճակում ոչ ոք ներկայացնել չի կարող»,
«Դա ոչ թե պետք է ներկայացնեյի ես, այլ այն մարդիկ, որոնք զբաղվում են քաղաքականությամբ»,
«Ընդհանուր առմամբ քաղաքապետարանի ներկայացրած ծախսերը կարելի է կրճատել 20 տոկոսով»,
«Քաղաքապետարանի 40 էջանոց այս փաստաթուղթը չի կարող միայն մեկն ուսումնասիրել և հակադարձ հաշվարկ ներկայացնել, անհրաժեշտ է խնդրին քաջատեղյակների ներգրավվածությունը»…։
Անշուշտ կարելի է էլի շարունակել, սակայն պարոն Պիպոյանի բարձրաձայնած հայտարարությունները, որոնք արձանագրվել ու տարածվել են նաև էլեկտրոնային և տպագիր այլ լրատվամիջոցներով, հիմք են տալիս եզրակացնելու, որ նա ի սկզբանե համաձայն լինելով մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին և տեսնելով կոնկրետ հարցերի վերաբերյալ ներկայացված հաշվարկները, որոշել է մի քանի հավակնոտ, բայցև հաշվենկատ հայտարարություններ անելով՝ դուրս գալ բնակչությանն իսկապես հուզող խնդրի մասնագիտական բանավեճի ձևաչափից, և մնալ ավելի «հարմար» ձևաչափում, այն է՝ սպառողի շահերը ներկայացնելու, դրանք հիմնավորված պաշտպանելու համար այլևս որևէ պատասխանատվություն չվերցնել։ Ամեն դեպքում որոշումն իրենն է, սակայն, ինչպես ժողովուրդն է ասում, խոսքը թռչուն չէ, երբ ասվեց՝ այլևս բոլորի սեփականությունն է դառնում ։
Պարզապես գնահատելով քննարկվող հարցում պարոն Պիպոյանի որոշակի իրազեկվածությունն ու պատրաստվածության աստիճանը, կխնդրենք ի սկզբանե մասնագիտական հիմնավորումները չտեղափոխել քաղաքականացված կամ պոպուլիստական տիրույթ։
Միայն մեկ օրինակ։ Ձեռքի տակ ունենալով նախ հանձնաժողովի անդամներին, ապա և հանրությանը ներկայացված ուղևորավարձի գնի ձևավորման վրա ազդող հիմնական բաղադրիչների հաշվարկները, նա կատարում է սեփական վերլուծություն և հաշվարկ ու հայտարարում, որ այդ հաշվարկներով սակագինն արդեն իսկ կազում է 153 դրամ։ Միաժամանակ պարոն Պիպոյանը հայտարարում է, որ այս արժեքը կարելի է նվազեցնել 20 տոկոսով, իսկ ընդամենը մեկ օր առաջ հայտարարում, որ երթուղիներ կան, որ կարելի է շահույթով սպասարկել մեկ ուղևորից գանձելով ոչ ավելի քան 80 դրամ։ Յուրաքանչյուրի համար ակնհայտ է, որ պարոն Պիպոյանի նշած թե՛ 153 և թե՛ 80 դրամ սակագինը իրականության հետ որևէ առնչություն չունի: Իսկ թվային մանիպուլյացիաները, ինչպես հայտնի է, որևէ ողջամիտ սահման չեն ճանաչում ուստիև մեկնաբանություններն էլ այս դեպքում ավելորդ են։
Ինչ վերաբերվում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի հարցին վերաբերող խոսքերի յուրովի մեկնաբանմանը, ապա պարոն Պիպոյանը, ուշադիր լսելու դեպքում, կարող էր հասկանալ, որ այդ պարագայում նրանք արտահայտել են սոսկ իրենց տեսակետը, մեկ անգամ ևս շեշտելով, որ որևէ հաշվարկ կամ մեկնարկային արժեք դեռևս գոյություն չունի, քանի որ հանձնաժողովը շարունակում է իր աշխատանքը։
Երևանի քաղաքապետարան