Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս են թոշակառուների ու հանգուցյալների թաղման փողերը իրար մեջ արել սոցապի աշխատակիցները

Նոյեմբեր 13,2013 19:06

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը`դատավոր Էդուարդ Մանուկյանի նախագահությամբ շարունակեց  լսել  կեղծ փաստաթղթեր սարքելու, պետությունից առանձնապես խոշոր չափի` 91.566.229 ՀՀ դրամի կենսաթոշակի, թաղման, նպաստի եւ ժառանգվող գումար հափշտակելու մեջ մեղադրվող աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Գյումրու տարածքային ստորաբաժանման նախկին պաշտոնյաների գործը:

IMG_0298

Հիշեցնենք, որ դատվողները թվով 4-ն են`Գյումրու տարածքային բաժնի պետ Էդուարդ Վարժապետյանը, գլխավոր մասնագետ Արթուր Աբրահամյանը, վճարող տեսուչներ Կիմա Փիլոյանը, Անյա Խաչատրյանը, ով փախուստի մեջ է և վճարումների ծառայության ստորաբաժանման նախկին պատասխանատու Ռուբեն Մնացականյանը, ով միակ կալանավորվածն է այս գործով:

Այսօր դատարանում ցուցմունք  տվեց  Արթուր Աբրահամյանը, ով ըստ քրեական գործի, համարվում է գլխավոր դերակատարներից մեկը և նախորդ անգամ հրաժարվել էր խոսել դատարանում` առաջարկելով ընթերցել իր նախաքննական ցուցմունքը: Այսօր էլ նա իրեն ուղղված ոչ բոլոր հարցերին էր պատասխանում, այդուհանդերձ  հայտնեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը ամբողջությամբ չի ընդունում: Նա ընդունում է,  որ կեղծիքներ է կատարել, սակայն պետությունից ոչ թե հափշտակել է 91 միլիոն դրամ, ինչպես նշված է քրեական գործում, այլև`29 միլիոն դրամ: Ընդ որում, ըստ նրա, այդ 29 միլիոն անհամապատասխանության մասին խոսք է գնացել Վազգեն Խաչիկյանի առանձնասենյակում  ու ինքը այդ գումարը վերադարձրել է նրան: Ըստ նրա, դրա  մեջ ներգրավված են եղել նաև իր գործընկերները. Գյումրու տարածքային բաժնի պետ Էդուարդ Վարժապետյանի հետ առանձին է գործ բռնացրել ու կեղծիք թույլ տվել` 4 միլիոնի, մնացածների հետ առանձին` հավասարաչափ կիսվելով: Դատախազը առարկեց` նշելով, որ ամբաստանյալը նախաքննական մարմնին ինքնախոստովանական ցուցմունք է տվել` մանրամասն բացատրելով հատկապես թաղման գումարների յուրացման մեխանիզմները:

IMG_0297

Ամբաստանյալը խնդրեց իրեն փաստաթղթեր  ցույց տալ, որ հափշտակած գումարի ընդհանուր չափը 91 միլիոն դրամ է: Վճարող տեսուչ, ներկայումս ամբաստանյալ Կիմա Փիլոյանի փաստաբանի այն հարցին, թե գլխավոր հաշվապահ Անահիտ Նաչաջյանի միջոցո՞վ է կրկնակի գումարներ դուրս բերել, Արթուր Աբրահամյանն ասաց, որ այդ հարցին չի պատասխանի: Կիմա Փիլոյանը տեղից արձագանքեց. «Երդվի տղայիդ արևով ու ճիշտը պատասխանի»:

Դատավոր Էդուարդ Մանուկյանը զայրացավ այս տիկնոջ պահվածքից` ասելով, որ ոստիկանությունից ևս բողոքներ ունի նրանից: «Ես ձեզ անցած անգամ էլ ասի` դուք հլը ձեր արածի համար պատասխան տվեք, ես Անահիտ Նաչաջյան անուն-ազգանունով մեղադրյալ չունեմ, ասել եմ դուք խոսեք, ասեք ինչ եք արել, Վազգեն Խաչիկյանի՞ն եք գումարները տարել տվել»,- ասաց դատավորը:

Այս գործով կալանավորված Ռուբեն Մնացականյանն էլ մեկ  անգամ ևս իր կասկածները հայտնեց, թե չի հավատում, որ  այդ ամբողջը համակարգչային օպերատոր Արթուր Աբրահամյանը արած լինի: «Էդ ինչպե՞ս է, որ վճարման ցուցակների ու ակտի միջև տարբերություն չի եղել, որ վերևներում  հալած յուղի տեղ են ընդունել: Դու կարո՞ղ էիր այդքան ակուռատնի ակտ կազմել, որ վերևներից հեչ բողոք չի հնչել, թե էս մի թիվը ճիշտ չէ: Իսկ ես ակտը ամեն օր եմ ուղարկել մեր վերադասին», -ասաց Ռուբեն Մնացականյանը:

Դատավորն էլ հաստատեց, որ  սա իրոք շատ տրամաբանական հարց է` այդ ինչպես է, որ երկու տվյալները համընկնում են: «Այստեղ երկու պատասխան կա. կամ նրանք տեղյակ են եղել ու աչք փակել կամ դուք եք շատ պրոֆեսիոնալ եղել», -ասաց դատավորը: Վճարող տեսուչ Կիմա Փիլոյանը  տեղից բացականչում էր. «ճիշտ չեն Արթուրի ասածները, ես իր հետ գումար չեմ կիսվել»:

Այնուհետ ցուցմունք տալու հերթը հասավ Կիմա Փիլոյանին, ով ասաց, որ իրենց հաշվապահ Անահիտ Նաչաջյանը անընդհատ եկել   է իր մոտ`պատճառաբանելով որ տվյալ թոշակառուն կամ նպաստառուն իր  ծանոթ-բարեկամն է, և անհրաժեշտ է նրա գումարը փոխանցել, վերցրել է գումարը, որից ամեն մեկի դիմաց հաշվապահը  իրեն կոպեկներ է թողել` 3000-5000 դրամ:

«Ես մեղավոր չեմ, նա ամսական 3-4 թոշակառուի թոշակ էր գալիս-տանում: Իմ մոտ միշտ այդ հարցով  հաշվապահն է  եկել, ոչ թե Արթուր Աբրահամյանը: Ես կարող եմ ձեզ նաև ձայնագրություն ներկայացնել, թե ինչպես հաշվապահի ամուսինը ինձ համոզում էր մեղքը վրաս վերցնել, և ասում էր` եթե քեզ բռնեն, ես ի տունը կծախեմ, քեզ կազատեմ: Նա ինձ չնչին կոպեկներ էր թողնում իր տարած գումարից, երբեմն էլ չէր թողնում`ասելով, որ թոշակառուն խեղճ ապրող է: Ես ինչ իմանայի, որ նա այդ գումարները ոչ թե նպաստառուներին է  տվել, այլ յուրացրել է, ես մեղավոր եմ այնքանով, որ  վստահել եմ իրեն»,-ասաց Կիմա Փիլոյանը:

Դատախազ Հովհաննես Ենոքյանը  հաշվարկ արեց, որ 2008-2010 թվականներին Կիմա Փիլոյանը  84-130 անձի գումար է տվել ու հետաքրքրվեց` այդ մարդկանց թաղման արարողությանը մասնակցե՞լ է   երբևէ: Կիմա Փիլոյանը  այսպես արձագանքեց. «Ես ինչի՞ պիտի գնայի թաղման»: Դատախազը շարունակեց. «Բա ձեր մոտ հեչ կասկած չառաջացա՞վ, թե էդ մարդու տունը տարին 84-130 մա՞րդ է մեռնում»: Տիկինը ոչ մի կերպ չէր ընդունում իր մեղքը, դատարանը հրապարակեց նաև նրա նախաքննական ցուցմունքից հատվածներ, որտեղ խոստովանում էր, որ 39 հոգու դիմաց  պատահական ստորագրություններ է դրել, որպեսզի կասկածի տեղիք չտա:

Դատվող տիկինը սա մեկնաբանում էր նրանով, որ քննիչն է իրեն թելադրել, ինքն էլ գրել, ու իրականում ոչ մի ստորագրություն չի դրել: Դատախազը նաև հետաքրքրվեց, թե ո՞վ կարող էր իմանալ, որ մարդը 6  ամիս չի եկել ստանալու իր անցողիկ կենսաթոշակը: Բանն այն է, որ եթե անձը 6 ամիս շարունակ չի գալիս գումարը տանելու,  ապա գումարը այսպես ասած հետ է գնում: Այս ամենին միջամտեց Ռուբեն Մնացականյանը, ով ասաց, որ բացառում է, թե Արթուր Աբրահամյանը 50/50 տոկոսով կիսված լիներ գործընկերների հետ:

«Ստացվում է Արթուրը սկզբում հաշվապահին է  խաբել, հաշվապահն Կիմային, վերջում էլ ինձ են խաբել, էնպիսի արձակ եք գրել, որ Դերենիկ Դեմիրճյանը գլուխը քարն է տվել: Եթե ես իմանայի յուրացման մեխանիզմը, ես կյուրացնեի այդ գումարները  և չէի էլ թողնի, որ ինձ բերդի ուղեգիր ուղարկեին», -ասաց Ռուբեն Մնացականյանը: Դատավորի այն հարցին, թե Կիմա Փիլոյանը պատրա՞ստ է վճարել պետությանը պատճառած վնասը, նա ասաց, որ եթե խոսքը իրեն տված 3000-5000 դրամ մասին է, ապա կվերադարձնի, այլ գումար չունի տալու: Դատարանը անցավ ապացույցների հետազոտման փուլին` հրապարկելով գործին առնչվող փաստաթղթերը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930