Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյանը չգիտեր, թե Մինսկում ի՞նչ փաստաթուղթ է ստորագրել իր վերադասը

Նոյեմբեր 13,2013 18:51

Այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը մեջբերեց Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության շրջանակներում Մինսկում Սերժ Սարգսյանի կողմից ստորագրված փաստաթղթում նշված տողերը. «Չանել Մաքսային միության շահերին հակասող հայտարարություն»։ Պատգամավորը հետաքրքրվեց, թե ո՞վ և ինչպե՞ս է որոշելու, թե Հայաստանի ո՞ր հայտարարությունն է հակասում Մաքսային միության շահերին և, ընդհանրապես, ո՞րն է Մաքսային միության շահը. «Չէ՞ որ Ռուսաստանը մեկ շահ ունի, Բելառուսը՝ մեկ շահ, Ղազախստանը՝ մեկ այլ շահ»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին Մինսկում կայացած Մաքսային միության անդամ երկրների հանդիպման ժամանակ փաստաթուղթ ստորագրվեց, համաձայն որի Հայաստանը պարտավորվել է ձեռնպահ մնալ Մաքսային միության շահերին հակասող որեւէ հայտարարությունից եւ գործողությունից: Հաշվի առնելով Հայաստանի ցանկությունը՝ միանալ Մաքսային միության եւ Միասնական տնտեսական գոտու իրավապայմանագրային բազային եւ հետագայում դառնալ Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ՝ կողմերը եկել են մի շարք փոխհամաձայնությունների: Այս փաստաթղթով Հայաստանին նաեւ իրավունք է տրվում ստանալ Եվրասիական տնտեսական միության բարձրագույն մարմնի կողմից ընդունված փաստաթղթերը, բացառությամբ այն փաստաթղթերի, որոնք գաղտնի տեղեկատվություն են պարունակում:

Պատգամավորը մեջբերեց նաև Ղազախստանի, Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարությունը՝ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ. «Ղարաբաղյան խնդիրն Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հիման վրա կայունության և տարածաշրջանային համագործակցության գլխավոր խոչընդոտներից է»։

Նաիրա Զոհրաբյանը նաեւ հավելեց. «Եթե Հայաստանն այս հարցի առնչությամբ անի որևէ հայտարարություն, ուրեմն Մաքսային միության շահերի դեմ որևէ հայտարարությո՞ւն է անում»: Պատասխանելով պատգամավորի հարցին, վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդհանրական բնույթի դատողություններ արեց: Ասաց, որ ՀՀ իշխանության բոլոր մարմիններն ազատ են անել այնպիսի հայտարարություններ, որոնք իրենք նպատակահարմար են գտնում՝ այն իրավասությունների ներքո, որ սահմանված է Սահմանադրությամբ։ Կառավարության ղեկավարը համաձայնեց պատգամավորի հետ, որ ոչ միայն Մաքսային միության անդամները, այլև ՀԱՊԿ-ի շրջանակներում իրենց գործընկերները չեն պաշտպանում այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվում. «Հայաստանի քաղաքական դիրքորոշումն այն է, որ մենք պետք է մոտակա ժամանակահատվածում ձեռնարկենք այնպիսի միջոցառումներ, որոնք մեզ հնարավորություն կտա դառնալ Մաքսային միության լիարժեք անդամ, և մեր հարաբերությունները Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ այդ հունով տանենք»,- ընդգծեց նա։

Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ինքը չստացավ իր հարցի պատասխանը`մեկ անգամ եւս հստակ կրկնելով հարցը։ Վարչապետը հետաքրքրվեց, թե նման հայտարարություն ո՞ր փաստաթղթում է առկա։ Նաիրա Զոհրաբյանը կրկին հիշեցրեց, որ Մինսկում՝ Սերժ Սարգսյանի կողմից ստորագրված փաստաթղթի մասին: Կառավարության ղեկավարը տվեց սենսացիոն պատասխան․«Ես կծանոթանամ այդ ամբողջական փաստաթղթի հետ, որի վրա դուք հղում եք կատարում և կտամ ձեզ լրացուցիչ պարզաբանումներ, բայց կարծում եմ, որ քաղաքական հայտարարություններով չեն, որ որոշվում են ՀՀ տարբեր ճյուղերի լիազորություններն, ուստի որևէ մեկը չի կարող մեզ կաշկանդել մեր հայտարարություններում»։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930