Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքե՞ր են Ահարոն Ադիբեկյանի պատվիրատուները (Տեսանյութ)

Նոյեմբեր 13,2013 18:29

Օրեր առաջ անդրադարձել էինք այն հարցին, որ հայ հասարակության շրջանում Մաքսային միության (ՄՄ) անդամակցման վերաբերյալ կատարված երկու տարբեր հարցումներ, որոնք կատարվել են համարյա թե նույն ժամանակահատվածում, տարբեր արդյունքներ էին արտացոլել: Մի դեպքում հասարակության 86 տոկոսն է կողմ արտահայտվել ՀՀ-ի` ՄՄ-ին անդամակցությանը, մյուս դեպքում` 20 տոկոսը:

Aravot.am-ը սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանից հետաքրքրվեց` ինչի՞ արդյունք է կատարվածը և ինչո՞ւ իր ղեկավարած «Սոցիոմետր» կենտրոնը նման հարցում չի կազմակերպում: Պարոն Ադիբեկյանը պատասխանեց. «Դա անգրագետ հետազոտության հետևանք է, նախ պետք է ծանոթանանք մեթոդիկային, ոնց է եղել հարցադրումը, ընտրանքը ոնց է կառուցվել և  հարցվողները ինչ մակարդակի են եղել, արդյոք ճիշտ են կատարել ընտրանքի քայլը, տեղաբաշխումը: Նաև այս դեպքերում լրացուցիչ հարց է լինում. հարցվողը ունի՞ ազգական ՌԴ-ում, կամ Եվրոպայում, որ իմանանք որքանով է այդ ազգակցական կապը ազդում  իր մոտեցման վրա»:

Մենք 1989-ից սկսել ենք հարցումները, ու այդ ժամանակվանից ի վեր հայերը փորձում էին պահպանել կապերը ՌԴ-ի հետ: Ուզում էին մնալ ԽՍՀՄ կազմում, քանի որ հասկանում էին, որ նրանց շնորհիվ աշխատանք ունեին: Երբ փլուզումից հետո գործարանները փակվեցին, իրականում հասկացան, որ միայն ՌԴ-ն կարող է նրանց գործ ապահովել: Ուստի մինչև այժմ էլ հանրության կողմնորոշումը եղել է ՌԴ-ի կողմը»:

Պարոն Ադիբեկյանը խոսեց նաև իր պատվիրատուներից ու պատասխանելով հարցին` ՄՄ-ի անդամակցության հետ կապված հարցման պատվեր չունե՞ն, ասաց. «Մեր առաջին պատվիրատուները եղել են կոմունիստները, անկախ հիմնադրամներ, ՀՅԴ-ն, Լիբերալ դեմոկրատական կուսակցությունը, Հանրապետական կուսակցությունը: Տվյալ պահին Մաքսային միության անդամակցության հետ կապված հարցման պատվեր չունենք»:

Պարոն Ադիբեկյանը նշեց նաև, որ իրենք հարցումներ են կատարել նաև հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված և այլն: Այսպիսով, Ահարոն Ադիբեկյանը վստահեցնում է, որ «մենք պետք է իմանանք իրողությունը, որ հարցումների արդյունքները համահունչ լինեն ժողովրդի կարծիքին: Այնուհետև շարունակեց. «Երբ հայտարարեցինք, որ հանրության մեծամասնությունը կողմ է ՄՄ-ին ու ասացինք, որ ցույցեր չեն լինի, այդպես էլ եղավ: Հանրության շատ փոքր մասը, որոնք կողմնորոշված էին դեպի եվրոպական արժեքներ, ընդամենը նրանք ինչ-որ բան փորձեցին անել, բայց զանգվածային ալիք չեղավ: Այս հարցում խնդիրը ոչ թե խիստ գաղափարական կամ արժեքային է, կամ մարդիկ համակարգերից ելնելով են նման կարծիք հայտնում, այլ իրենց կեցությունից ելնելով»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930