«Տիկին Փոստանջյան, նախ շնորհակալություն հարցի համար. ըտենց ա ընդունված հա՞, դուք ստեղ ինչ ասում եք, անցնում ա, հա՞: Եթե Բեգլարյան Գագիկն ուզում է մոնոպոլիա ստեղծել, ապա տաքսիստների համար գործընթացն այսքան չէր հեշտացվի: Պարզեցնել, որ մոնոպոլիա սարքել, ըտենց բան հնարավոր չի: Եթե Բեգլարյան Գագիկ անուն ազգանուն էիք ուզում հայտարարել, ուրիշ բան, բայց եթե տրամաբանությունից դուրս հարցեր եք տալիս, դա չի կարելի»,- այսօր խորհրդարանում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ դիմելով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին, ասաց ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը:
Փոստանջյանի հարցը վերաբերվում էր տաքսիստների խնդիրներին: Ըստ պատգամավորի, կառավարության ներդրած նոր կարգից նրանք դժգոհում են: Փոստանջյանը տրանսպորտի ու կապի նախարար Գագիկ Բեգլարյանին մեղադրեց ոլորտում մենաշնորհ ստեղծելու մեջ, նա պնդում էր, որ Գագիկ Բեգլարյանը ցանկանում է այդ ոլորտում նոր տարեթվի մեքենաներ ներկրել: Բեգլարյանն ասաց, որ պարզեցնելով տաքսիստ-իշխանություն հարաբերությունները մոնոպոլիա չի ստեղծվում: Հավելեց, որ տաքսիստները շնորհակալ են նախարարությանը նոր կարգի համար, քանի որ ավելորդ գումարը չեն վճարում, այն տանում են տուն:
Բեգլարյանը խորհուրդ տվեց Փոստանջյանին նստել տաքսի, վարորդի հետ զրուցել ու փոշմանել այստեղ իր ասածների համար: Փոստանջյանն ասաց, որ հիմնականում ոտքով է տեղաշարժվում, բայց այսօր նստել է տաքսի ու տաքսիստը դժգոհ էր:
Նախարարը պատգամավորին հորդորեց, որ եթե այսուհետ տաքսի նստի, ինքը հուսով է, որ, որպես պատգամավոր տաքսիստին մանրամասն կբացատրի, որ պարզեցումը չի կարող մոնոպոլիայի հանգեցնել, ինքն էլ շնորհակալ կլինի Փոստանջյանից. «Իմ բացատրությունից հետո, որ նստեք տաքսի, տաքսիստներին կասե՞ք չէ, որ իրենք սխալ են: Պարզ հաշվարկ է, չէ՞, որ եթե պարզեցվում է, չի կարող բարդանալ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ