Լրահոս
Օրվա լրահոսը

Էպոսագետի բողոքի քննությունը նշանակվել է նոյեմբերի 21-ին

Նոյեմբեր 13,2013 17:50

Քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը՝ դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի նախագահությամբ, նոյեմբերի 21-ին քննության կառնի էպոսագետ, ՀՀ նախագահի այս տարվա թեկնածու, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի այս տարվա թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով 14 տարվա ազատազրկման դատապարտված Վարդան Սեդրակյանի եւ մյուսների բողոքները:

Բողոքաբերները բողոք են ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի՝ սեպտեմբերի 23-ի դատավճռի դեմ:
Այս գործով 14 տարվա ազատազրկման էր դատապարտվել նաեւ Խաչատուր Պողոսյանը, իսկ Սամվել Հարությունյանը՝ 12 տարի ժամկետով ազատազրկման: Դատարանը Վարդան Սեդրակյանի գույքի վրա դրված կալանքը թողել էր անփոփոխ։
Հիշեցնենք, որ մեղադրանքը պաշտպանել էր գլխավոր դատախազության ԱԱԾ մարմինների գործերով վերահսկողություն իրականացնող դատախազ Արամ Ամիրզադյանը: Ըստ մեղադրանքի կողմի էլ, Վարդան Սեդրակյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, առաջադրվելով 2013 թվականի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու, քարոզարշավի ընթացքում, իր մտերիմներ Սամվել Հարությունյանին և Խաչատուր Պողոսյանին 2013 թվականի հունվարի սկզբներին պատվիրել էր ՀՀ նախագահի մեկ այլ թեկնածուի, քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանի սպանությունը, նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով:
Ըստ գործի նյութերի, մահափորձն իրականացնելու համար զենք ձեռք բերելու նպատակով Խ.Պողոսյանին եւ Ս.Հարությունյանին տրվել էր 1000 ԱՄՆ դոլար: Խաչատուր Պողոսյանն օգտագործել էր իր մոտ պահված, 1941թ. գործարանային արտադրության 7,62մմ տրամաչափի «HG 201» համարի «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակը։
Ազգային անվտանգության ծառայության տարածքում գտնվող «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավորներ Վ.Սեդրակյանը, Խ.Պողոսյանը եւ Ս.Հարությունյանը պահանջում են բեկանել և փոփոխել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 23.09.2013թ. դատավճիռը, քաղաքացիական հայցն առանց քննության թողնելու մասով` բավարարել տուժող Պարույր Հայրիկյանի քաղաքացիական հայցը և Վարդան Սեդրակյանից, Խաչատուր Պողոսյանից և Սամվել Հարությունյանից համապարտության կարգով հօգուտ տուժող Պարույր Հայրիկյանի բռնագանձել 43.424.000 ՀՀ դրամ :
Խաչատուր Պողոսյանը պահանջել էր իր արարքին տալ քրեաիրավական ճիշտ գնահատական և նրա նկատմամբ սահմանել արդարացի պատիժ, իսկ
Սամվել Հարությունյանը պահանջել է անհնարինության դեպքում բեկանել այն, ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930