Հաշվետվությունը թերի է
Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում(www.tavush.gov.am) տեղադրված է «ՀՀ Տավուշի մարզի զարգացման ծրագրի մոնիտորինգի եւ գնահատման կիսամյակային հաշվետվությունը(հունվար-հունիս 2013թ.)»: Հաշվետվության մեջ գրված է, որ այն պատրաստվել է մարզպետարանի մոնիտորինգի խմբի կողմից, մարզի զարգացման ծրագրի մոնիտորինգի եւ գնահատման հայեցակարգի շրջանակում, « հաշվետվությունն արձանագրում է 2013թ. հունվար-հունիս ամիսներին մարզի գրանցված առաջընթացը»:
Հաշվետվության մեջ ըստ ոլորտների նշված են կատարված աշխատանքները, խնդիրները: Որքանո՞վ է հաշվետվության մեջ նշվածը համապատասխանում իրականությանը: Հաշվետվության 3-րդ բաժինը վերնագրված է «Գյուղատնտեսություն եւ բնապահպանություն», սակայն այդ բաժնում միայն գյուղատնտեսության վերաբերյալ նյութեր են, բնապահպանության մասին խոսք չկա: 4-րդ բաժինը կոչվում է «Բնապահպանություն»:
Սակայն այդ բաժնում տեղեկություններ չկան Տավուշի մարզի բնապահպանական ցավոտ խնդիրների` Գետահովտում, Գոշում, Աչաջրում, Հովքում հողի սողանքների, մարզի տարածքով հոսող Դեբեդ գետը ծանր մետաղներով, քիմիական նյութերով աղտոտվածության մասին: Բնապահպանության բաժնի « Խնդիրներ» խորագրի ներքո գրվածը ներկայացնում ենք առանց որեւէ փոփոխության. «Մարզի տարածքում իրականացվող բնապահպանական ծրագրով նախատեսնված աշխատանքները կատարվում են հիմնականում պայմանագրային եղանակով, մրցութային կարգով: Մարզպետարանի բնապահպանության վարչությունը լիարժեքորեն իրազեկված չէ մարզի տարածքում կատարվող բնապահպանական ծրագրերից»: Հավելենք, որ Տավուշի մարզպետարանում չկա բնապահպանության վարչություն, կա մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչություն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև