Aravot.am-ը շուրջ 700 անդամ ունեցող Հայաստանի նկարիչների միությունից տեղեկացավ, որ այս ստեղծագործական միության համագումարը նախատեսված է դեկտեմբեր ամսին, սակայն օրը դեռ հստակեցված չէ:
Aravot.am-ը 1969թ.-ից Հայաստանի նկարիչների միության անդամ, ՀՀ ժողովրդական նկարիչ Լեւոն Թոքմաջյանից, որը նաեւ ժամանակին միության քարտուղար է եղել, հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է իրենց համագումարում կրկնվի նույն սցենարը, ինչ գրողների ու կոմպոզիտորների միությունների համագումարների ժամանակ, այսինքն՝ բանը հասնի փոխադարձ վիրավորանքների: «Չեմ կարծում, որովհետեւ նկարիչները մի քիչ ուրիշ են, գրողները տպագրության խնդիր ունեն, իսկ նկարիչները իրենց աշխատանքները՝ վաճառելու: Մեկ է՝ Նկարիչների միութունը նրանց նկարները չի առնի, փող չունի, կամ առնի՝ ի՞նչ անի»,-պատասխանեց պարոն Թոքմաջյանը:
Մեր դիտարկմանը՝ եթե որեւէ շահ չկա, ինչո՞ւ են բոլոր միությունների նախագահները ձգտում կրկին պաշտոնավարել, օրինակ՝ գործող նախագահ Կարեն Աղամյանը եւս «հնաբնակ» է, նա Նկարիչների միությունը ղեկավարում է արդեն 13 տարի, մեր զրուցակիցը պատասխանեց. «Եթե ասեմ շահ չկա, սխալ կլինի: Եթե ասեմ՝ շահ կա, էլի սխալ կլինի: Ես այժմ այդ կառույցի մեջ չեմ ու չեմ կարող որեւէ բան ասել: Մյուս կողմից էլ, եթե միության նախագահի աթոռի համար պայքար է գնում, ուրեմն հաստատ մի բան կա, ամեն ինչ փողի շուրջն է պտտվում: Ցանկացած միության նախագահ ժյուրիների, կառավարական բաների մեջ է, ցցուն մոմենտներ կան: Ի դեպ, եթե ինձ խնդրեն էլ, ես միության նախագահ չեմ լինի, որովհետեւ դա ինձ պետք չէ, ես աշխատող, ստեղծագործող մարդ եմ: Քարի վրա մի սիրուն քանդակ անելը ինձ համար մի ամբողջ աշխարհ է, ինձ պե՞տք է՝ գնամ նստեմ էդ աթոռին, ինչ է, թե մեկի ծնունդը պետք է լինի, հոբելյանը… Առանց այն էլ սիմպոզիումների այնքան հրավերներ ունեմ, որ հրաժարվում եմ: Երիտասարդ ժամանակ չենք հասկանում, որ հավիտենական չենք, հիմա որ հետադարձ հայացք ես գցում, նայում ես, թե ինչ ես ստեղծել, հասկանում ես, որ կարեւորը արված գործերն են»:
Լեւոն Թոքմաջյանի հետ հարցազրույցը՝ տպագիր «Առավոտի» առաջիկա համարներից մեկում:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Avproduction.am-ից