Լրահոս
Օրվա լրահոսը

Հասմիկ Պողոսյան. «Պետք չէ հուսալ, թե այս մյուզիքլում կլսենք Սայաթ-Նովա»

Նոյեմբեր 13,2013 17:00

«Արտ Թիմ» ընկերությունը և «Շարմ» հոլդինգը,  ՀՀ մշակույթի նախարարության և ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ, դեկտեմբերի 4-ին և 5-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կներկայացնեն «Սիրո կամուրջ» մյուզիքլը, որը նվիրվում է Սայաթ-Նովայի 300-ամյակին:

««Սիրո կամուրջ»-ը, որը, ժամանակակից լինելով հանդերձ, անդրադառնում է Սայաթ-Նովայի սիրո պատմությանը, ժամանակակից հայկական մյուզիքլի զարգացմանը միտված նախաձեռնություն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

«Շարմ» հոլդինգի տնօրեն Կարեն Ղազարյանն ասաց, որ առաջին անգամը չէ, որ իրենք մշակույթի նախարարության և ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ փորձում են իրականացնել մի նախագիծ, որի շուրջ համախմբվում են բավականին լուրջ և տաղանդավոր մարդիկ: Նա համոզվածություն հայտնեց, որ իրենց երկար ժամանակ կատարած աշխատանքը դուր կգա հանդիսատեսին: «Քսան օր հետո նավը, որ մենք ստեղծում ենք, կիջեցվի ջրի վրա, և հուսանք՝ երկար-երկար ժամանակ կնավարկի մեր մշակութային տարբեր բեմերում: Մյուզիքլում ամեն մարդ կգտնի իր Սայաթ-Նովային՝ թե´ իր երաժշտությամբ, թե´ կյանքի պատմությամբ, բայց այն այսօրվա կյանքի, այսօրվա երիտասարդ երաժիշտների մասին է»,- նշեց Կ. Ղազարյանը: Նրա խոսքով՝ նախագիծը հետաքրքիր է իրենց համար նաև այն առումով, որ առաջին անգամ են անդրադառնում մյուզիքլի ժանրին:

Մյուզիքլի բեմադրող ռեժիսոր Վահան Բադալյանն էլ ասաց, որ նման մեծ մասշտաբի բեմադրական պրոցես առաջին անգամ է արվում Հայաստանում. «Ստեղծագործական մեծ խումբ է աշխատում: Ունենք Մոսկվայից հրավիրված պարուսույց (Վալերի Արխիպով): Իսկ մյուզիքլը ընդհանուր ներկայացնելու համար պարզապես ասեմ, որ այն Սայաթ-Նովայի սիրո պատմության կրկնությունն է մեր ժամանակներում»,- ասաց Վահան Բադալյանը:

Հ. Պողոսյանը նկատեց, որ պետք չէ հուսալ, թե այս մյուզիքլում կլսենք Սայաթ-Նովա. «Սա Սայաթ-Նովայի հիշատակին նվիրված մի ամբողջական ստեղծագործություն է, որի համար գրվել է նոր երաժշտություն: Հեղինակներն են Արմեն Մարտիրոսյանը, Արա Թորոսյանը և Էմմա Ասատրյանը: Խոսքերի հեղինակներն են Անիտա Հախվերդյանը, Էմմա Ասատրյանը, Գրիգոր Կյոկչյանը, Քրիստ Մանարյանը, գործիքավորումը` Արա Թորոսյանի և Մարտին Միրզոյանի»,- նշեց նա:

Հասմիկ Պողոսյանն ասաց նաև, որ 2014թ. սկզբին, երբ արդեն կամփոփվեն Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված միջոցառումները, «Սիրո կամուրջ» մյուզիքլից բացի, կթողարկվի նաև երկու ձայնասկավառակ, որոնցից մեկում կընդգրկվեն Սայաթ-Նովայի ստեղծագործությունների ավանդական կատարումները, իսկ մյուսում՝  դրանց ժամանակակից, մշակված տարբերակները:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մյուզիքլը երաժշտաթատերական ժանրի ամերիկյան տեսակն է: Այն, ի տարբերություն օպերայի և բալետի, համարվում է թեթև և ոչ բարձրակարգ ժանր: 200 միլիոն դրամով հնարավոր էր մի քանի բարձրակարգ /,,Տրավիատա,,-ի, ,,Կարմեն,,-ի, ,, Բոհեմ,,-ի, ,,Անուշ,,-ի մակարդակի/ ազգային նոր օպերաներ ստեղծել և բեմադրել, կամ մի քանի տասնյակ օրատորիաներ, կանտատներ, սիմֆոնիաներ կատարել և աշխարհին ներկայանալ հավասարի իրավունքով: Ի՞նչ իմաստ ունի միուզիքլի վրա այդպիսի հսկայական ծախսեր կատարելու, որը, միևնույն է աշխարհը չի նկատելու և արժևորելու… Հարգանքով` Ա. Բաբայան

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930