Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

2014 թվականին 4600 քաղաքացի ավանդների փոխհատուցում կստանա

Նոյեմբեր 13,2013 16:38

Այսօր առավոտից խորհրդարանում մեկնարկել են 2014 թվականի բյուջեի նախագծի քննարկումները։

Նախագիծը խորհրդարանին ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը։ Նախարարը հիշեցրեց, որ հաջորդ տարվա բյուջեի նախագծով կանխատեսվում է 5,2 տոկոս տնտեսական աճ, 5,5 տոկոս միջին գնաճ, իսկ 12-ամսյա ժամանակահատվածի համար՝ 4,5 տոկոս գնաճ: Նրա խոսքով՝ կառավարությունն առաջիկա տարիներին կարևորում է բյուջեի ծախսերը հիմնական երեք ուղղություններով՝ սոցիալական ոլորտի, այդ թվում՝ առողջապահություն և կրթություն, հանրապետության տարածքային ամբողջականության պահպանության նպատակով պաշտպանության ոլորտի ֆինանսավորումը եւ տնտեսության առանձին ոլորտներում ենթակառուցվածքների վերականգնման և զարգացման ծրագրերի իրականացումը:

Նախարարը նշեց, որ ՀՀ կառավարությունը որդեգրել է աշխատավարձերը հետևողականորեն բարձրացնելու քաղաքականությունը, և հաջորդ տարվա բյուջեով, ըստ նրա, նախատեսվում է բարձրացնել 238 հազար պետական ծառայողների աշխատավարձեր: Նախատեսված է նաև թոշակների բարձրացում՝ միջինը 15 տոկոսով:
Պատասխանելով ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Գրիգորյանի հարցին` թե 2014-ին ինչքա՞ն է կազմելու ավանդների փոխհատուցման գումարի չափը, և որքա՞ն մարդ է օգտվելու այդ ծրագրից, Դավիթ Սարգսյանն ասաց, որ գումարի չափը չի փոխվելու՝ 1 մլրդ 600 մլն դրամ, ինչպես 2012-2013 թվականներին էր: Իսկ ավանդների փոխհատուցում կստանա շուրջ 4600 քաղաքացի։
ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանի հարցը վերաբերում էր 2013 թվականի տնտեսական աճի դանդաղման պատճառներին: Դավիթ Սարգսյանն ասաց, որ տնտեսական աճի դանդաղեցման պատճառները մի քանիսն են՝ արտաքին գործոնները, որոնց ազդեցությունը դրական չէ Հայաստանի տնտեսական զարգացումների համար, գազի սակագնի բարձրացումը: Երրորդ գործոնը շինարարության ոլորտի անկումն է՝ կապված «Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարարության հետ։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930