Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիշա Վիրաբյանի գործով Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել

Նոյեմբեր 13,2013 16:33

Ակտիվիստ Գրիշա Վիրաբյանը 2004-ին ոստիկանների կողմից խոշտանգումների ենթարկվելու գործով կրկին դիմել է Վճռաբեկ դատարան:

Նրա փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն այսօր «Նոյան Տապան» ակումբում իր պաշտպանյալի գործի նախապատմությունը նախ ներկայացրեց. «Գրիշա Վիրաբյանին 2004-ին ոստիկանությունն առեւանգեց, տարավ տնից` պատճառաբանելով, որ ահազանգ են ստացել, թե նա զենք է պահում: Ամեն ինչ կատարվել է առանց ծանուցագրի, առանց հաղորդման: Այդ ընթացքում դիմադրություն է ցույց տվել Գրիշան, դիմադրությունը վերածվել է ծեծկռտուքի, Գրիշան ստացել է մարմնական վնասվածքներ, վնասվել են նրա ամորձիներն, որոնք հետո հեռացվել են»:
Փաստաբանի խոսքով, Վիրաբյանի դատական գործն առանձնահատուկ է. « Գրիշայի նկատմամբ քրեական գործ հարուցեցին ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածով: Իբրեւ թե ոստիկաններն ինքնապաշտպանվել են Գրիշայից, հետո գործը կարճեցին, Գրիշային որոշեցին չդատել, քանի որ նա, թեև բռնություն գործադրել է, բայց ստացել է զրկանքներ, դրա համար որոշում են պատասխանատվության չենթարկել: Գրիշան էլ սկսեց բողոքարկել` պահանջելով` իր մասով որոշումը փոխել»:
Այս տարվա փետրվարին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռեց, որ նա խոշտանգումների է ենթարկվել:
Պարոն Սիրունյանն ասաց, որ Վճռաբեկ դատարան են դիմել ու դեռ լիարժեք տեղեկատվություն չունեն. «Միայն գիտենք, որ վարույթ են ընդունել»:
Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն էլ ասաց, որ Գրիշան նաեւ բողոքել էր, որ իր քաղաքական հայացքներով պայմանավորված, ներպետական ատյաններում իր բողոքը արդյունավետ չի քննվել. «Ներպետական մարմինները պետք է վերանայեն իրենց կողմից արված դատական ակտերն ու փոփոխեն: Պարտավորեցնեն, որ քրեական գործեր հարուցվեն, Գրիշան արդարացվի, բեկանվեն ներպետական ատյանների որոշումները»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930