Լրահոս
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյանը` Զուրաբյանի եւ Փաշինյանի կասկածների մասին

Նոյեմբեր 13,2013 15:38

Այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը եւ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հանդիպել են վարչապետ Տիգրան Սարգսյանի և արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ՝ պարզաբանում ստանալու, թե ինչո՞ւ է շաբաթ օրը խոչընդոտվել Փաշինյանի մուտքը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, իսկ Արաբկիրի ոստիկանության բաժնի պետը հրաժարվել է Զուրաբյանի հետ հանդիպումից:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 5-ի իրադարձություններից հետո փորձել էր մտնել «Նուբարաշեն» ՔԿՀ` պարզելու, թե ի՞նչ վիճակում են կալանավորված անձինք, սակայն ՔԿՀ պետի տեղակալը չէր թույլ տվել, այն դեպքում, երբ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48 հոդվածում ասվում է, որ ԱԺ պատգամավորները կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի և ելքի իրավունք ունեն: Այդ թվում՝ այն խցեր, որտեղ պահվում են կալանավորված անձինք:

Հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշեց, որ քննիչի որոշմամբ՝ այդ պահին Շանթ Հարությունյանի հետ բոլոր տեսակցությունները սահմանափակված են եղել: Թովմասյանը նաեւ հավելեց, որ օրենքում առկա բացառությամբ՝ տվյալ անձը կարող է հանդիպել միայն իր փաստաբանի հետ։

Նախարարն ընդգծեց, որ ՔԿՀ մուտք ու ելքի իրավունքը և դատապարտյալին կամ մեղադրյալին տեսակցելը միանգամայն այլ ինստիտուտներ են։ Նրա խոսքով՝ մուտք ու ելքն ազատ է, իսկ տեսակցության համար կան հստակ ընթացակարգեր, համաձայն որոնց, տվյալ անձը պետք է համաձայն լինի, որ այդ անձինք իր հետ հանդիպեն: Պետք է լինի նաեւ համապատասխան դիմում, անձը հաստատող փաստաթուղթ, ՔԿՀ պետի որոշումը։ «Շանթ Հարությունյանի դեպքում եղել է քննիչի որոշումն, իսկ այլ ցանկացած դեպքում, եթե կարգելվի պատգամավորի մուտքն ու ելքը կալանավայրում, ապա իմ կողմից համապատասխան միջոցներ կձեռնարկվեն»,- ասաց Հրայր Թովմասյանը՝  հավելելով, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրեն թույլ են տվել մուտք գործել մեկ ՔԿՀ, մյուս ՔԿՀ՝ չեն թողել։ Նախարարն ասաց նաեւ, որ ՔԿՀ ծառայության պետի կողմից նշանակվել է ծառայողական քննություն, քննության արդյունքում կպարզվի, որ դա օրենքի խախտումով է եղել, տվյալ ՔԿՀ-ի պետը, ով թույլ է տվել տեսակցություն, կենթարկվի պատասխանատվության։

Aravot.am-ի հարցին, որ ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը Հրայր Թովմասյանին մեղադրել է օրենքի կամայական մեկնաբանությունների մեջ, նախարարն ասաց. «Լևոն Զուրաբյանն ինձ մեղադրելու փոխարեն, կարող է ՔԿՀ պետի որոշումը բողոքարկել կամ ինձ, կամ դատախազություն, կամ դատարան։ Մնացածն, ըստ իս, օդում հայտարարություններ են, ես նմանատիպ մեղադրանքներ՝ առավելևս ոչ իրավաբանին չեմ տալիս»։

Արձագանքելով այն հարցին էլ, որ Փաշինյանն իր մուտքը ՔԿՀ չթույլատրելու արդյունքում կասկածներ ունի, որ ՔԿՀ-ներում բռնության դեպքերը շարունակվում են, արդարադատության նախարարն ասաց․«Դեռևս հին հույներն ասում էին, որ իրենք ամեն ինչի վրա կասկածում են։ Եթե կասկածում է, ուզում եք ես ասեմ՝  ինչի՞ է կասկածում։ Մարդը կասկածամիտ է և կարող է կասկածել, բայց գոյություն ունեն օրենսդրական հստակ ընթացակարգեր, կան նաև բողոքարկման ինստիտուտներ։ Եթե բռնություններ կան, ուրեմն դրանք արձանագրված են, ես ձեզ վստահեցնում եմ»։

Ի դեպ, Հ․Թովմասյանն ասաց, որ Շանթ Հարությունյանին չի տեսակցել։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930