Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանին զարմացրել է կառավարության «կատաղի դիմադրությունը»

Նոյեմբեր 13,2013 15:02

«Հրայր Թովմասյանը` արդարադատության նախարարը, ներկայացրեց օրենքի այնպիսի մեկնաբանություն, որն ընդհանրապես հակասում է իրավունքի սկզբունքներին, մեր Սահամանադրությանը եւ օրենքին»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը`ԱԺ նախագահի մոտ տեղի ունեցած հանդիպումից հետո:

Այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ ժամը 13։30-ին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը եւ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հանդիպել են վարչապետ Տիգրան Սարգսյանի և արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ՝ պարզաբանում ստանալու, թե ինչո՞ւ է շաբաթ օրը խոչընդոտվել Փաշինյանի մուտքը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, իսկ Արաբկիրի ոստիկանության բաժնի պետը հրաժարվել է Զուրաբյանի հետ հանդիպումից: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 5-ի իրադարձություններից հետո փորձել էր մտնել «Նուբարաշեն» ՔԿՀ` պարզելու, թե ի՞նչ վիճակում են կալանավորված անձինք, սակայն ՔԿՀ պետի տեղակալը չէր թույլ տվել, այն դեպքում, երբ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48 հոդվածում ասվում է, որ ԱԺ պատգամավորները կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի և ելքի իրավունք ունեն: Այդ թվում՝ այն խցեր, որտեղ պահվում են կալանավորված անձինք:
ԱԺ նախագահի մոտ հանդիպմանը ներկա են եղել նաեւ խորհրդարանական հանձնաժողովների նախագահներ Դավիթ Հարությունյանը, Կորյուն Նահապետյաննը, Վարդան Այվազյանը, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը:
Ըստ Զուրաբյանի՝ Հրայր Թովմասյանը փորձել է օրենքն այնպես մեկնաբանել, որ ազատ ելքի-մուտքի իրավունքը չի ներառում հնարավորություն` կոնկրետ ձերբակալված անձի հետ տեսակցելու: Օրենքի մեկնաբանությունը Հրայր Թովմասյանի կողմից Զուրաբյանը համարում է կամայական, քանի որ վերջինս «չկարողացավ ապացուցել իր տեսակետը»: Զուրաբյանն ասաց, որ ամեն ինչ անելու են, որպեսզի այդ ապօրինությունը հաղթահարվի: Բողոքարկման ձեւերը դեռ կորոշեն: Օրենքի տարընթերցման տարբերակը Զուրաբյանը բացառում է. «Եղավ տարընթերցման իմիտացիա` Հրայր Թովմասյանի կողմից»: Զուրաբյանի կարծիքով, արդարադատության նախարարը հակասել է «օրենքի տառին եւ ոգուն»:
Օրեր առաջ կատարվածը եւ այսօրվա հանդիպման արդյունքները Զուրաբյանին հիմք են տալիս ենթադրել. «Փորձում են տառակերությամբ զբաղվել եւ սահմանափակել պատգամավորների իրավունքները, իսկ իրականում, արդեն մենք գնալով հակվում ենք այն մտքին, որ իսկապես ինչ-որ բռնություններ եղել են եւ դա փորձում են թաքցնել: Այլապես, նման կատաղի դիմադրություն չէր լինի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930