60-ամյա զոլաքարցի Օնիկ Հովսեփյանը է՛լ պաշտոնական ու կուսակցական դուռ ու բարձրաստիճան պաշտոնյաներ չի թողել, որ նամակ չգրի. ՀՀ վարչապետին, ՀՀ նախագահին, մարզպետին, ԲՀԿ-ին ու ՀՀԿ-ին դիմած նամակներն անպատասխան են մնացել, միայն Գեղարքունիքի մարզպետարանն է արձագանքել, այն էլ ըստ էության խնդրի լուծում չի տվել: Մի նամակ էլ Օնիկը պատրաստել է, որ ուղարկի կաթողիկոսին, բայց 60-ամյա այս տղամարդը հույսը չի կապում նույնիսկ եկեղեցուն ու Աստծուն ծառայողի հետ. նամակը երեւի թե այդպես էլ չուղարկի: Իսկ Զոլաքար համայնքի այս բնակչի խնդրանքը մեկն է՝ 4 պատ՝ իր 5 երեխաների համար: Հիմա նրա ընտանիքն ապրում է մետաղյա, բայց արդեն լավ մաշված տնակում, այնքան մաշված, որ զգուշությամբ են տեղաշարժվում, որպեսզի հատակին նոր անցք չառաջանա, տանիքն էլ մշտապես անձրեւներին ու ձյանը կաթում է, տնակի ներսի խոնավության պատճառով ընտանիքի անդամները տարին կլոր հիվանդ են:
Այս երկրում, ինչպես «Առավոտի» հետ զրույցում ասաց Օնիկ Հովսեփյանը, չինովնիկների խոստումներն ու երաշխիքները միայն թղթի վրա են՝ սկսած մայր օրենքից:
«Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր ոք ունի իր եւ իր ընտանիքի համար բավարար կենսամակարդակի, այդ թվում՝ բնակարանի, ինչպես նաեւ կենսապայմանների բարելավման իրավունք: Պետությունն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների այս իրավունքի իրականացման համար». սա ՀՀ Սահմանադրության 34-րդ հոդվածն է: Մինչդեռ պետությունը ոչ մի անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկում իր քաղաքացու՝ Օնիկ Հովսեփյանի վերոնշյալ իրավունքներն իրականացնելու համար: Օնիկը բազմիցս խնդրել է պետական տարբեր գերատեսչություններին մի քիչ շինանյութ՝ քար տրամադրել, իսկ մեկ սենյականոց փոքրիկ տունն ինքը կկառուցի, միայն թե երեխաները ազատվեն այդ դժոխքից ու մարդու ապրելու համար ստորացուցիչ մետաղյա, ծակծկված տնակից: «Այլեւս անհնար է այդտեղ ապրել, աղջիկներս չեն կարողանում նույնիսկ խորը քուն մտնել, որովհետեւ ամեն վայրկյան հնարավոր է առնետները սողոսկեն անկողին: Էլ չեմ ասում՝ ինչ անտանելի ցուրտ է»,- նեղսրտած պատմեց Օնիկը՝ հավելելով, որ անգամ նման պայմաններում երեխաները գերազանց են սովորում:
Օնիկ Հովսեփյանի՝ տուն ունենալու խնդրանքին Գեղարքունիքի մարզպետարանը պատասխանել է. «Մարզպետարանը բնակարանային խնդիրներ լուծելու հնարավորություններ չունի: Գեղարքունիքի մարզում բնակապահովման որեւէ ծրագիր ՀՀ պետական բյուջեի եւ միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից ներկայումս չի իրականացվում»: Մարզպետարանը նաեւ հնարավորություն չունի մի քիչ շինանյութով այս ընտանիքին ապահովելու: Սակայն մարզպետարանի պատասխանում ուշագրավն այն է, որ մատնանշել են, թե որքան եկամուտ ունի այս ընտանիքը, մինչդեռ նույնիսկ այդ գումարով մեկ ամիս կուշտ ապրել հնարավոր չէ: «Պարզվել է, որ ձեր 6 շնչից բաղկացած ընտանիքը հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում, ստանում է 34 հազար դրամ, ձեր կինը 2-րդ խմբի հաշմանդամ է, ստանում է 17,400 դրամ կենսաթոշակ, դուք աշխատում եք, ստանում եք 54,628 դրամ»,- գրված է մարզպետարանի պատասխանում. այսինքն՝ մարզպետարանը փորձել է աղքատ այս ընտանիքին հասկացնել, որ եկամուտ ունես, կամ՝ «եղունգ ունես՝ գլուխդ քորի»: Ինչ վերաբերում է անապահովության 34 հազար դրամ նպաստին, ապա ընտանիքը դրանից էլ է զրկվել՝ մեզ հետ զրույցում վստահեցրեց Օնիկը, մնացած մոտ 72 հազար դրամով դժվար թե մարզպետը կամ մեկ այլ պետական պաշտոնյա կարողանար, ինչպես իրենք էին նշել, 6 շունչ պահել ներկայիս գնաճի պայմաններում: Մարզպետարանը երբեմն-երբեմն դրամական օգնություն է տրամադրել Օնիկի ընտանիքին, բայց պաշտոնական նամակում այնպես է այդ օգնությունը ներկայացված, կարծես երեսով տալու նման մի բան լինի. «Տեղեկացնում ենք նաեւ, որ մարզպետարանը ձեր ընտանիքին հաճախակի է տրամադրել դրամական օգնություն (վերջին անգամ 2013թ. սեպտեմբերին՝ 40 հազար դրամ), մարզպետարանը ներկայումս ձեզ ֆինանսական օգնություն տրամադրելու հնարավորություն չունի»: Իսկ Օնիկ Հովսեփյանը ներկայումս չգիտի՝ «գլուխը ո՞ր պատովը տա», որ գերազանց սովորող աղջիկների ուսման վարձերը ճարի, որպեսզի վարձի պատճառով բուհից դուրս չմնան: Մարզպետարանի նշած՝ հաճախակի ֆինանսական աջակցության տրամադրումը, ինչպես Օնիկը վստահեցրեց՝ մեկ-մեկ 10 կամ 20 հազար դրամ է եղել:
Կարդացեք նաև
Օնիկի ներկայացմամբ՝ 2 աղջիկներն էլ գերազանց են սովորում՝ մեկը մանկավարժական համալսարանում, մյուսը՝ մայր բուհում, երկուսի ուսման վարձն էլ 550 հազար դրամ է. «Էնքան եմ գնացել-էկել, հազար հոգու դուռ ծեծել. մեկն ասում է՝ պետպատվեր հասնում է էրեխեքին, մյուսն ասում է՝ չի հասնում: Գոնե վարձի խնդիրը լուծվի: Լավ, էս երկրում բոլոր պաշտոնյաները թքած ունե՞ն, որ չքավորությունը խեղդում է մեզ, ես պատմության ուսուցիչ եմ աշխատում, ուրիշ գործ չեմ գտնում, չեմ էլ կարող աղջիկ էրեխեքիս թողնել, մենակ գնալ խոպան՝ աշխատելու, կինս հաշմանդամ է, չի կարող խնամել նրանց: Խելագարվելու բան է մեր կյանքը: Ի՞նչ անեմ»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ