Լրահոս
Օրվա լրահոսը

Սայաթ- Նովան՝ իսրայելցի արվեստագետների պրիզմայով

Նոյեմբեր 13,2013 14:16

Հայաստան առաջին անգամ այցելած ծնունդով Ուկրաինայից, իսրայելաբնակ երիտասարդ կոմպոզիտոր Աննա Սիգալը եւ ճանաչված հրեա դիրիժոր Լիոր Շամբադալը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ օպերային սոպրանո Մագդա-Մարիան Մկրտչյանի մեկնաբանմամբ կներկայացնեն «Հոգու երգեր» երգաշարը՝ ըստ Սայաթ-Նովայի բանաստեղծությունների: Երեկոն կկայանա «Արամ Խաչատրյան» համերգասրահում, նոյեմբերի 15-ին:

«Առավոտի» հետ զրույցում Աննա Սիգալը, ով 20 տարի ապրում եւ ստեղծագործում է Իսրայելում, ասաց, որ Սայաթ-Նովայի խոսքերով երգաշարը գրելու առիթ է հանդիսացել Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը: Նշեց, որ դեռեւս 5 տարի առաջ իսրայելաբնակ կինոռեժիսոր Էդուարդ Մարտիրոսյանի ֆիլմի համար  երաժշտություն է գրել եւ ունի նաեւ Նարեկացու սաղմոսներով երգչախմբային երկ: «Սայաթ-Նովայի պոեզիան անմիջական է, խոր, փիլիսոփայական: Երբ մաեստրո Շամբադալիին հայտնեցի երգաշարիս մասին, նա անմիջապես առաջարկեց համաշխարհային պրեմիերան իրականացնել Հայաստանում, ինչն էլ համընկավ Ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից մեր հրավերին»,- հավելեց Աննան:

Դիրիժոր Շամբադալն էլ հիշեց նախօրեին Մայր տաճար իր այցելության մասին, մանրամասնելով. «Ինձ ուղեկցում էր երգչուհի Մագդա-Մարիանը (Մկրտչյանը): Երբ հասանք Էջմիածին, արդեն փակ էր տաճարը, սակայն երկու բարեկիրթ հոգեւորականներ տաճարի դռները բացեցին մեզ համար: Ավելին, ներկայացրին հայ հոգեւոր երգեր եւ, որ ցնցված եմ՝ իհարկե իմանալով, որ ես քրիստոնյա չեմ, տաճարի դռները փակելու պատվին արժանացրին ինձ»: Լավագույն  նվագախմբեր ղեկավարած դիրիժորը բարձր կարծիք հայտնեց մեր ֆիլհարմոնիկի մասին, ասելով. «Մեր ազգերը անչափ նման են, մասնավորաբար՝ մշակույթի մասով: Ցավոք, մեզ «միացնում» են նաեւ Հոլոքոստն ու Եղեռնը, աշխարհում դուք էլ կազմում եք շուրջ 13 միլիոն, մենք էլ: Բայց պիտի ասեմ, որ Հայոց ցեղասպանության մասին աշխարհը քիչ գիտի: Թեպետ, երբ վերջերս Մեքսիկայում էի եւ այցելեցի Հանդուրժողության թանգարան, երկու մեծ բաժիններ էին ներկայացված՝ Հոլոքոստի եւ Հայոց ցեղասպանության թեմաներով: Մեզ կապում է նաեւ հրեա գրող Ֆրանց Վերֆելը՝ իր «Մուսա լեռան 40 օրը» վեպով, որը Իսրայելում ներգրավված է դպրոցական ծրագրում: Երկու ժողովուրդներիս էլի կապող բան կա. Երուսաղեմի պատմական հատվածը բաժանված է 4 մասի՝ հրեական, քրիստոնեական, իսլամական եւ հայկական թաղամասերի… Ի վերջո, իմ արվեստից ելնելով՝ մշտապես շփվում եմ աշխարհով մեկ սփռված հայազգի երաժիշտների հետ…»: Միջամտելով դիրիժորի խոսքին, Աննա Սիգալը նշեց, որ ինքն էլ շնորհիվ իր «թատերական» ընտանիքի (մայրը՝ բեմանկարիչ, հայրը՝ դերասան)՝ քաջածանոթ է ոչ միայն  հայ մշակույթին, այլեւ տարբեր ազգերի, իր խոսքերով՝ մշակույթի ընտրանիին: Ժպտալով էլ շեշտեց, թե իրենք երկվորյակ քույրեր են, եւ մարդիկ հաճախ են քրոջը նմանեցնում հայուհու:

Մագդա-Մարիանից հետաքրքրվեցինք, թե ինչպես են հնչում սայաթնովյան տողերը օտար կոմպոզիտորի երաժշտությամբ: «Բնականաբար, այս ստեղծագործությունը կապ չունի Սայաթ-Նովայի աշուղական արվեստի հետ, սակայն կա հայկական շունչ, ինչը համոզում է, որ Աննան իսկապես քաջածանոթ է հայ մշակույթին, մասնավորաբար՝ Սայաթ-Նովային»,- հայտնեց երգչուհին:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Մագդա-Մարիան Մկրտչյանը (ձախից), Աննա Սիգալը

եւ Լիոր Շամբադալը:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մի փոքր սխալվում է հարգարժան դիրիժորը,երեւի դա ասում է ելնելով իր ողջ ցանկության տեսակետից: Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպը, ներգրավված չէ Իսրայելի դպրոցական ծրագրում:Իր ժամանակ նախարար Յոսի Սարիդը փորձեց դա անել,սակայն յոթ երես ունեցող իշխանությունը արգելեց այն:արժե նշել,որ ի տարբերություն ցեղասպանությունը չնդունող իսրայելյան շահամոլ իշխանության, հրեա ժողովուրդը լրիվ հակառակ մոտեցում ունի հայոց ցեղասպանության հանդեպ:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930