Լրահոս
Օրվա լրահոսը

Նկարիչը՝ ակամա տնանկի կարգավիճակում

Նոյեմբեր 13,2013 14:11

nkarich4 nkarich2 nkarich1Փիլիսոփա եւ  գեղանկարիչ Շոթա Խաչատրյանը ժամանակին ամենապահանջված նկարիչներից էր: Նա մասնակցել է մի շարք ցուցահանդեսների, այդ թվում՝ ԱՄՆ-ում եւ Իտալիայում, ունեցել է երկու անհատական ցուցահանդես:  Այժմ արվեստագետը խնդիրներ ունի, սակայն դրանք ո՛չ ստեղծագործական են՝  այն տարածքը, որտեղ  շուրջ 10 տարի Շոթա Խաչատրյանն է զբաղեցրել եւ ստեղծագործել, այժմ ստիպված է ազատել: Նկարիչը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ գոհ է տան տերերից, ուղղակի մարդիկ ստիպված են տունը օգտագործել իրենց կարիքների համար: Այժմ նկարիչը լուրջ խնդրի առաջ է կանգնած՝ ո՞ւր տեղափոխի նկարները, որոնք իրեն «զրկում» են ազատությունից:  Չի կարող դրանք ուղղակի լցնել ինչ-որ տեղ, դուռը փակել ու հեռանալ: «Ինձ մի խնդիր է պետք լուծել՝ այս մարդկանց (տանտերերին) ու նկարները փրկել, մոտ 200 գեղանկարչական աշխատանք կա,  շուրջ 300 գրաֆիկա: Այս աշխատանքները ո՞ւր  տանեմ, ախր ափսոս են, թանգարանային գործեր  են: Ես երիտասարդ ժամանակվանից հասկացել եմ, ներկայացնում ես ազգ, ազգը դարձնում ես համամարդկային արժեք: Ազգի որդիները իրենց յուրովի տեսակով խոսելով՝ բարձրացնում են ազգի արժեքը: Արվեստագետները ստեղծագործում են մարդկանց համար: Ամեն մեկն  իր խնդիրն է դնում, իմ խնդիրն է՝  պայքարել կեղծիքի դեմ: Կան սրիկարներ, որ հասնում են վերեւ, հանճարներին ու ուժեղներին դա պետք չէ, ժամանակի ընթացքում իրենք կընդունվեն: Ես միշտ աշխատում եմ մնալ մարդու կողքին՝ որպես հոգեւոր արժեք»,- նշում է նկարիչը:

Հետաքրքրվեցինք՝ վերջին անգամ մշակութային ոլորտի որեւէ պաշտոնյա ե՞րբ է այցելել:  Պարզվեց՝ չի եղել նման բան: Ասում է՝  ինքը ստեղծագործող է ու հաճախ չի կարողանում մատուցել իրեն, երբեմն չի ցանկանում ցուցահանդեսների մասնակցել, որովհետեւ իր ձեւակերպմամբ՝ չի սիրում «մեծամտանալ»: Մի բանում, սակայն, Շոթա Խաչատրյանը վստահ է. «Արվեստագետը, ստեղծողը իրավունք չունի իր արվեստը մատուցել, պետք է լինեն մարդիկ, որոնք կգնահատեն, կզբաղվեն դրա վաճառքով ու մատուցմամբ,  եւ այդ ներկայացնողներն էլ կկիսեն նկարչի փառքն ու վաճառքի գումարը: Թե չէ՝ ես չեմ կարող այդտեղ խոսել, ես վրձնով եմ խոսում, դա՛ է իմ հրաշքը»:

Շոթա Խաչատրյանի բնակարան-արվեստանոցում տառացիորեն ասեղ գցելու տեղ չկա, ամենուր նրա աշխատանքներն են՝ լուսավոր, խորհրդավոր, հեղինակի խոսքով՝ թանգարանային գործեր, ոչ թե ուղղակի նկարչություն: Նա պատրաստ է իրեն տրամադրվող տարածքի դիմաց փոխհատուցել նկարներով: Մնում է՝ գտնվի որեւէ բարերար կամ  բարի կամեցող մեկը, ով կցանկանա լուծել այդ խնդիրը: Գուցե նաեւ մշակույթի նախարարությունը վերջապես տեղաշարժվի:  Ի վերջո, պետք է հարգել արվեստագետի արժանապատվությունը:

Նկարիչը  չցանկացավ խոսել Նկարիչների միության՝ առաջիկայում կայանալիք համագումարից: Ընդամենն ասաց, որ խոնարհվում է իր բոլոր վրձնակիցների առաջ եւ դեմ է ամեն տեսակ աղմուկին: Նա հիշեց, թե ժամանակին ինչ հզոր կառույց էր այդ միությունը ու ինչ լայն լիազորություններ ուներ, մինչդեռ այժմ հասարակական կազմակերպության կարգավիճակում է:

Շոթա Խաչատրյանն այլ արժեքներով է ապրում՝ նյութը նրա կենսակերպում շեշտադրված չէ, բայց մարդը, իսկապես, տարրական պայմանների կարիք ունի: Նա տիեզերական կատարելություն է երազում երկրի վրա, տիեզերքն էլ կնոջ տեսքով է ներկայացնում, որովհետեւ կինն էլ յուրատեսակ արարիչ է:

«Երբ մարդը կտրվում է տիեզերքից, ամեն ինչ ավերում է: Կենդանական պահանջները հաճախ խանգարում են տիեզերական ներդաշնակությանը»,- համոզված է փիլիսոփա նկարիչը, ում ժամանակին պետպատվեր էին տալիս, սակայն  նրա  վրձնած գեղանկարներն արվեստի գործեր էին դառնում:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930