«Հայերի համար թափանցել որևէ երկիր դժվար չէ, վիզայի ստանալը հեշտ լինի, թե՝ ոչ: Եթե հային պետք է, նա հասնում է այդ երկիր»,-այսօր «Երկու երես» մամուլի ակումբում հայտարարեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ անդրադառնալով հարցին, արդյոք այն, որ ՀՀ ԱԺ-ն միաձայն կողմ քվեարկեց Շենգենյան վիզայի դյուրացման օրենսդրական նախագծին կնպաստի՞ հայերի արտագաղթին: Սակայն միևնույն ժամանակ սոցիոլոգը նշեց. «Արտագաղթի տոկոսը հնարավոր է աճի, արտագաղթելը՝ հեշտանա»:
Նա շենգենյան վիզայի դյուրացումը բնութագրեց որպես «լայն ժպիտ՝ վատ խաղի դեպքում» ու մանրամասնեց. «Երբ ԵՄ-ն չկարողացավ ՀՀ-ն ներգրավել իր ոլորտ, ՀՀ-ն մնաց Եվրասիական միության ուղեծրում, հիմա ամեն կերպ փորձում են այնպես անել, որ պահպանեն մեզ իրենց շրջանակներում: Մենք դեռ Եվրոպայում անելիք չունենք, մեզ Եվրոպան չի սպասում: Եթե Եվրոպան ուզում է ձգել Հայաստանին, պետք է մեծացնի ներդրումային դաշտը: Գոնե տասը տարվա ընթացքում ութսունից հարյուր միլիարդ դոլար պիտի դնի մեր տնտեսության մեջ, բացի շուկաները, որ մենք տնտեսապես ներգրավվենք Եվրոպային: Այդ դեպքում քաղաքական ներգրավումը կլինի հավանական»:
Ահարոն Ադիբեկյանը կարծում է, որ մենք «Եվրոպայից ստանալու շատ բան ունենք՝ ստանդարտները՝ տեխնոլոգիական և հասարակական հարաբերություններում»:
Իսկ վիզայի դյուրացման հետ կապված հարցը եզրափակելով՝ սոցիոլոգն ասաց. «Չեմ կարծում, որ երբ վիզան 60 եվրոյի փոխարեն 35 դառնա, հայերն ավելի շատ են արտագաղթելու, ու դա էր պատճառը, որ հայերը Եվրոպա չէին գնում»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ