Հաշմանդամ մարդկանց կոնվենցիան վավերացրած Հայաստանում չտեսնող մարդկանց համար միջավայրը շատ անմատչելի է
Aravot.am-ը Մալայանի անվան աչքի կենտրոնի մանկական ակնաբույժ Ռուզաննա Հարությունյանից, որը վստահեցնում էր, որ մեր երկրում ամենավերջին ու գերժամանակակից տեխնոլոգիաները ներդրված են աչքի վիրահատության, տեսողության վերականգնման համար, հետաքրքրվեց, թե նման պայմաններ ունենալու պարագայում ինչո՞ւ են մեր քաղաքացիներից շատերը մեկնում արտերկիր՝ աչքի վիրահատություն անցնելու համար: Ակնաբույժի խոսքերով, կան որոշ հիվանդություններ, մասնավորապես` ներակնային գոյացությունները, որոնց բուժումը Հայաստանում դեռեւս չի կատարվում: Գոյացությունը հեռացնելուց հետո արվող ճառագայթումն ու քիմիաթերապիան նույնպես մեր երկրում հնարավոր չէ անել:
Այսօր «Հենարան» ակումբում կույր մարդկանց միջազգային օրվա առիթով հրավիրված ասուլիսի մեկ այլ մասնակից, Կույրերի միավորման նախկին ղեկավար Ալբերտ Մուշեղյանը, որը տեսողությունը կորցրել է 6 տարեկանում` պայթուցիկի պատճառով, ասաց, որ Հայաստանում չտեսնող մարդիկ մի շարք խնդիրների են բախվում: Պարոն Մուշեղյանը, որը մեծ ջանքերի շնորհիվ բարձրագույն կրթություն է ստացել, եւ նրա մի շարք նախաձեռնությունների շնորհիվ մեր երկրում ստեղծվել է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը, ներդրվել է բրայլյան գրքերի գաղափարը եւ այլն, ստիպված է կողմնակի մարդու ուղեկցությամբ տեղաշարժվել մայրաքաղաքում: Պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե հազար ու մի կոնվենցիաներ ենք վավերացրել, որով պարտավորվել ենք հաշմանդամ մարդկանց համար մատչելի միջավայր ապահովել, արդյոք ապահովվա՞ծ է այդ միջավայրը, Ալբերտ Մուշեղյանն ասաց. «Ժամանակին ես դիմել էի խորհրդային իշխանություններին ներքաղաքային, միջքաղաքային տրանսպորտն ու ավիացիան 50 տոկոսի չափով մատչելի դարձնել չտեսնող մարդկանց համար, որպեսզի տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ կարողանան զեղչով տոմս գնել նաեւ իրենց ուղեկցողների համար: Հայաստանի անկախացումից հետո չտեսնող մարդկանց համար վերացան արտոնությունները, ես տրանսպորտից օգտվելու, աշխատանքի գնալ-գալու համար ստիպված եմ վճարել երկու հոգու փոխարեն: Սա մեր անկախության շրջանի «մարդասիրության» արդյունքն է, ավելի ճիշտ՝ կատարյալ անհոգության, բարձիթողի վիճակի: Բայց նույն Ռուսաստանի Ֆեդերացիայում մնացել են արտոնությունները»:
Ըստ նրա` այսքան տարիների ընթացքում, չտեսնող մարդու տեղաշարժը հեշտացնելու համար միայն մի լուսացույց է տեղադրվել Էջմիածնում, որը սակայն աշխատում է խափանումներով:
Նրա դիտարկումները` տեսանյութում
Ակնաբույժ Ռուզաննա Հարությունյանի ներկայացմամբ՝ ճիշտ է, բժշկագիտությունն այնպես է զարգացել, որ հաջողվում է պահպանել վաղահաս ծնված երեխային, սակայն
եթե երեխան 14 շաբաթ շուտ է ծնվում, նրա տեսողական օրգանը լիարժեք զարգացած չի լինում, ուստի մեր երկրում վաղահաս ծնված երեխային անմիջապես ենթարկում են սկրինինգ հետազոտության, եւ եթե անհրաժեշտություն է լինում` աչքի լազերային վիրահատություն են անում. «12 շաբաթական պտուղը ունի աչք, բայց տեսողությունը ձեւավորվում է 40 շաբաթականում»:
Ըստ ակնաբույժի, այսօր լազերային վիրահատությունը կարող է կանխել շաքարային դիաբետի պատճառով առաջացած տեսողության իջեցումը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ