ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Երեմ Սարգսյանն այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ ավազակային հարձակման մեջ մեղադրվող, իր պաշտպանյալ, Արագած գյուղի բնակիչ, գործարար Գուրգեն Գասպարյանի քրեական գործին:
Մենք անդրադարձել ենք այս գործին:
Գուրգեն Գասպարյանը կալանավորվել է Ռուսաստանի Դաշնությունում, ուր գտնվել էր իր բիզնեսի հետ կապված գործերով:
Գուրգեն Գասպարյանն Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Խալաթյանի դատավճռով դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: Պաշտպան Ե.Սարգսյանը բողոք է բերել ՀՀ քրեական վերաքննիչ դատարան: Վերաքննիչ բողոքի քննությունը նշանակվել է նոյեմբերի 19-ին:
«Գուրգեն Գասպարյանը հատուկ ներքաշվել է սույն քրեական գործի մեջ: Դեռեւս մինչեւ նրան հարցաքննելը, քննիչը նրա բնակարանում խուզարկում անելու թույլտվություն ստանալու միջնորդություն էր արել դատարան, եւ միջնորդության մեջ գրելով, որ 15.07.2010թ. ոստիկանության Վաղարշապատի բաժնից հաղորդում է ստացվել, որ վերոհիշյալ ավազակային հարձակումը կատարել են Գուրգեն Գասպարյանն ու Արսեն Գրիգորյանը: Սակայն պարզվում է, որ գործում այդպիսի գրություն չկա»,-ասաց Ե.Սարգսյանը:
Փաստաբանն ասում է, որ գործի նյութերից բացակայել են մի շարք փաստաթղթեր, իսկ մեր հարցին էլ, թե մասնավորապես, ո՞ր փաստաթղթերի մասին է ակնարկում փաստաբանը, Ե.Սարգսյանն ասաց.«Մեղադրյալ Ռոմեն Բարսեղյանի ցուցմունքը, հեռախոսային վերծանումները, որոնք էական նշանակություն ունեին իմ պաշտպանյալի անմեղության հաստատման համար»: Ըստ պաշտպանի, նման ապացույցների անհետացումն առեղծվածային պայմաններում է եղել:
Ի դեպ, փաստաբանը տեղեկացրեց, որ այդ փաստաթղթերի անհետացման մասին հայտարարել է նաեւ դատարանում, դատավորն ու դատախազը՝ Արմավիրի մարզի դատախազի տեղակալ Արսեն Աղաբեկյանը, բացարձակ անտարբերություն ցուցաբերեցին:
Ե.Սարգսյանը տեղեկացրեց նաեւ, որ իրենց միջնորդությամբ դատարան են հրավիրվել վկաներ, որոնք հայտնել են, թե որտեղ է գտնվել Գուրգեն Գասպարյանը դեպքի օրը:
Մասնավորապես, Գուրգեն Գասպարյանի հարեւանն ասել էր, որ իր հարեւանը չէր կարող ավազակային հարձակման մասնակցել, քանի որ դրա կատարման ժամանակ նա իր կնոջ հետ գտնվել է իրենց տանը:
Դատավորն արդեն իսկ գնահատական է տվել այս վկայի ցուցմունքին, ըստ պաշտպանի, դրանով կանխորոշելով մնացյալ հնարավոր վկաների ցուցմունքների արժանահավատությունը:
Ե.Սարգսյանը հրապարակեց, թե ինչ «ռեակցիա» է ցույց տվել դատավոր Վ.Խալաթյանը. «Բոլոր դեպքերում նորմալ մարդը, թեկուզ հարեւանը , ժ.12-ին մեկը մյուսի տուն չի գնա, թեկուզեւ հրավիրեն, ու ստիպեն, որովհետեւ դա էն ժամն ա, երբ մարդիկ տներում հանգստանում են»:
Մեկ այլ ուշագրավ հայտարարություն էլ արեց փաստաբան Ե.Սարգսյանը, երբ ինքնաբացարկ է հայտնել դատավորին, եւ այն մերժվել է, անհիմն լինելու պատճառաբանությամբ: Դատարանն իր որոշման մեջ գրել էր, որ որոշումը ենթակա է բողոքարկման, սա այն դեպքում, երբ նման որոշումների բողոքարկման կարգ ու ժամանակ նախատեսված չէ:
Փաստաբան Ե.Սարգսյանի տեղեկացմամբ՝ ինքնաբացարկի այս որոշումը դատավճռի բողոքի հետ նա ներկայացրել էր ՀՀ քրեական գործերով դատարան, սակայն դատարանը քննության է առնելու դատավճռի դեմ բերված բողոքը, արձանագրելով. «այդ որոշումը վերաքննիչ բողոքարկման ենթակա չէ»:
Նշենք, որ ՀՀ սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-918 որոշման մեջ նշված է.«Միջազգային փորձի եւ տարբեր երկրների սահմանադրական արդարադատության պրակտիկայի վերլուծությունը վկայում է, որ այս հարցում գոյություն ունի հստակ դիրքորոշում, ինքնաբացարկի, որոշումը ենթակա է պարտադիր բողոքարկման, սակայն դրա կարգի եւ ժամկետների որոշումն օրենսդրի հայեցողության հարցն է»: Բայց ում համար է նշված, պարզ չէ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Կարդացեք նաև