Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող Գագիկ Գյուլնազարյանը դիմել է մեր լրատվամիջոցին, իր եւ մյուս դատապարտյալների անունից խնդրելով հանդիպել իրենց հետ՝ իրենց խնդիրներին հրատապ բարձրաձայնելու մարդասիրական նպատակներով:
Դատապարտյալը հանդիսանում է առաջին կարգի հաշմանդամ:
Գ.Գյուլնազարյանը տառապում է մի շարք հիվանդություններով, այդ թվում ՝ անբուժելի, մասնավորապես, խցանվող թոմբանգիտ, զարկերակների նեղացում, երրորդ աստիճանի իշեմիա, լյարդի ցեռոզ, հեպատիտ C, թոքերի էմֆիզեմիա, ասցիտ, քրոնիկ թոք-սրտային անբավարարվածություն:
Դատապարտյալը տեղեկացնում է, որ այդ հիվանդությունների ցավերը մեղմացնելու համար, պետությունից ստանում եւ օգտագործում է «Տրամադոլ» հաբեր եւ «Օմնոպոնի» լուծույթ:
Կարդացեք նաև
Ըստ դատապարտյալի, ամեն վայրկյան հիվանդություններից որեւէ մեկը կարող է իր մահվան պատճառը դառնալ: «Իմ առողջական վիճակը օրեցօր ավելի է վատանում, քանի որ կալանավայրում, թեկուզ «Դատապարտյալների հիվանդանոցում» համապատասխան բուժօգնություն ստանալու հնարավորություն չկա: Ես մշտապես նեղ մասնագիտական բժշկական օգնության եւ բժիշկների հսկողության տակ պետք է գտնվեմ, ունեմ կողմնակի խնամակալի կարիք »,-հայտնում է նա:
Գագիկ Գյուլնազարյանի տեղեկացմամբ, անբուժելի հիվանդություններով տառապում են «Դատապարտյալների հիվանդանոցում» գտնվողներից շատերը, իսկ իրենց պատժից ազատման խնդիրը մինչ օրս պատշաճ իրավական ընթացակարգով չի ստացել լուծում:
«Վաղուց պետք է լուծված լիներ մեր վերաբերյալ այդ հրատապ խնդիրը: Մեր պետական պաշտոնատար անձինք բացարձակ անտարբերության են մատնել մեր կյանքին սպառնացող վտանգի առկայության վերաբերյալ այդ փաստը, մեր նկատմամբ նման անմարդկային վերաբերմունքը ես որակում եմ ակնհայտ խոշտանգում, մեր շահերի եւ օրինական իրավունքների կոպիտ խախտում»,-հայտարարում է դատապարտյալը: