Սյունիքի մարզի Քաշունի գյուղը մարզի ամենասակավաբնակ գյուղն է, որտեղ այսօր ապրում է ընդամենը 7 բնակիչ: Գորիսի տարածաշրջանի այս գյուղը պաշտոնական տվյալներով ունի 27 բնակիչ, բայց միայն 7-ն է մշտական բնակություն հաստատում գյուղում: Քաշունին այսօր կենդանի է պահում ընդամենը 4 ընտանիք, գյուղի մյուս տներից վաղուց ծուխ չի ելնում, փոխարենը՝ կողպած դռներով անմարդաբնակ ու լքված տներ են մնացել այստեղ:
Հնում Քաշունին եղել է զուտ հայաբնակ բնակավայր, նախկինում ունեցել է Մալդիշ, Մալդաշ, Մալտաշ անվանումները, իսկ Քաշունի է վերանվանվել 1992թ.-ին: Ինչպես պատմում են գյուղացիները՝ գյուղը կառուցողներն ի սկզբանե հայերն են եղել, նախկին բնակիչները 1920-ական թթ. այստեղ են տեղափոխվել Գորիսի տարածաշրջանի Տանձատափ գյուղից, որը մինչ այդ եղել է վերջինիս ամառանոցավայրը, որից էլ ստացել է Մալդաշ անվանումը: Ամենաշատ թվով բնակիչներ այստեղ ապրել են 1939թ.-ին՝ մոտ 250 բնակիչ: Տարիների ընթացքում գյուղը կամաց-կամաց դատարկվել է, Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ զոհված 26 գյուղացիների ընտանիքները տարբեր ուղղություններով հեռացել են Մալդաշից, հիմնականում աշխատանք գտնելու հույսով են լքել գյուղը եւ այլն:
«Գյուղում երեխա չի ծնվում արդեն 6 տարի է, մի մասը թողել-գնացել է Կապան, Քաջարան կամ Երեւան, իսկ եղած բնակիչներն էլ մահանում են, տենց էլ կամաց-կամաց մարում է գյուղը: Գյուղում մնացել են զառամյալներ ու մի քանի երիտասարդ բնակիչներ, նույնիսկ դպրոցահասակ, մանկապարտեզահասակ երեխաներ չկան գյուղում», -ասացին գյուղի բնակիչները:
Դպրոցահասակ երեխա չլինելու պատճառով՝ գյուղի դպրոցը 1974թ.-ից դադարել է իր գործունեությունը, տարիներ շարունակ Քաշունիում նաեւ մանկապարտեզ չի գործում: Քաշունիի գյուղապետ Գառնիկ Հակոբյանը ներկայիս իրավիճակում արդեն դժվարանում է խոսել գյուղի վերակենդանացման հնարավոր տարբերակների մասին, լրջագույն խնդրի առջեւ են կանգնել, գյուղի գոյությունն է վտանգված: «Մեծ պրոբլեմ է գյուղը վերակենդանացնելը: Դեռ ազատագրված տարածքների վերաբնակեցման ժամանակ դիմել եմ համապատասխան մարմիններին, ասել եմ մի քանի ընտանիք էլ մեզ մոտ բերեք մնան: Ազատ տներ կային բավականին, կնորոգեին ու կմնային գյուղում: Հիմա էլ կան դատարկ տներ, 700 հա հողատարածք ունենք, 70 հա վարելահող, որի 50 տոկոսն հնարավոր է հնձել, մշակել, անսահման արոտավայրեր, բայց այսօր էդ հողերն բարձիթողի վիճակում են մնացել, չեն մշակվում, չեն օգտագործվում: Պայմաններ պիտի ստեղծվեն, որ մարդիկ ցանկանան գան մնան»,- ասաց գյուղապետ Գառնիկ Հակոբյանը: Գյուղապետի գնահատմամբ՝ գյուղն ունի հնարավորություններ բնակիչներին այստեղ ընդունելու համար, միայն թե պետք է անհրաժեշտ հարմարություններ ստեղծել, որպեսզի բնակիչները կարողանան գյուղում ապրել, գյուղատնտեսությամբ զբաղվել՝ հող մշակել, անասուն պահել, այլապես մի քանի տարի հետո Քաշունի գյուղը կդադարի գոյություն ունենալ: «Մեխանզիմ չկա, ո՛չ վարում ենք, ո՛չ հնձում: Ամենքս ընդամենը մի քանի հեկտար խոտ ենք հնձում վարելահողերից, որտեղ խոտառատ է, մնացած տեղերն անասունը կոխ է տալիս փչացնում: Էս դարում մենք դեռ ձեռքով ենք խոտը հնձում, չոքում ենք կլոլում խոտը հավաքում, որ ձմռանն անասուններին կերակրելու բան լինի, հլա էդ վիճակում ենք»,-ասաց Գառնիկ Հակոբյանը, ով 1996 թվականից գյուղապետ է ընտրվել և առ այսօր ղեկավարում է Քաշունու գյուղական համայնքի ղեկավարի պաշտոնը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Անունը փոխեք, դրեք Սերժավան: