Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ են ակնկալում Անկարան ու Բաքուն Պուտինից

Նոյեմբեր 13,2013 12:32

Ո՞ր տարբերակը կընտրի այսօրվա Ռուսաստանը Ղարաբաղի հարցում 

Նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո նոյեմբերի 12-ին Իլհամ Ալիեւն իր առաջին արտասահմանյան պաշտոնական այցը կատարեց Թուրքիա: Մինչ Ադրբեջանում տոնում էին երկրի Սահմանադրության օրը՝ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը Ալիեւին շնորհեց Թուրքիայի Պետական շքանշանը։
Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը կողմերն ընդգծել են, որ երկու երկրների հարաբերությունները հիմնված են ռազմավարական համագործակցության վրա եւ հաջողությամբ զարգանում են քաղաքական, տնտեսական, էներգետիկ եւ այլ ոլորտներում: Գյուլն ու Ալիեւը քննարկել են տարածաշրջանային մի շարք հարցեր, այդ թվում՝ Ղարաբաղյան խնդրի կարգավորումը:

Ալիեւի այցի օրերին, վստահաբար ոչ պատահաբար, թուրքական մամուլում հայտնվեց Ղարաբաղյան կարգավորման առնչությամբ թուրքական հերթական «ջանքերի» մասին տեղեկատվությունը: Ըստ Today’s Zaman թերթի՝ Թուրքիան դիմել է Շվեյցարիային, որպեսզի այս երկիրը միջնորդի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, ինչն էլ հնարավորություն կստեղծի Երեւանի հետ Անկարայի կապերի վերականգնման համար։ Պարզվում է, հոկտեմբերի կեսին Շվեյցարիա կատարած այցի ընթացքում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Շվեյցարիայի իշխանություններին հայտնել է, թե Թուրքիան պատրաստվում է կարգավորել Հայաստանի հետ իր հարաբերությունները, սակայն նա, բնականաբար, հասկացնել է տվել, որ դրա իրագործելու համար Հայաստանը պետք է՝ «ազատի Ադրբեջանի գրավյալ տարածքները», որից հետո միայն Անկարան կբացի Հայաստանի հետ սահմանը: «Մենք ձեր օգնությունն ենք ակնկալում Հայաստանի իշխանություններին համոզելու հարցում», նշել է Դավութօղլուն, իսկ շվեյցարացի դիվանագետները, ըստ թուրքական թերթի՝ դրականորեն են արձագանքել Դավութօղլուի առաջարկին: Վերջինս վստահեցրել է նաեւ, թե Թուրքիան փորձելու է գտնել նոր գաղափարներ՝ առաջընթաց ամրագրելու խնդրի կարգավորման հարցում ու առաջիկայում կակտիվացնի այդ աշխատանքը։ ԱԳՆ-ի անանուն աղբյուրները թերթին փոխանցել են, թե Թուրքիան մտադրվել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել մինչեւ 2015 թվականը, երբ կլրանա Հայոց ցեղասպանության իրականացման 100-րդ տարելիցը: Վերջին օրերին համառորեն տեղեկություններ էին շրջանառվում նաեւ այն մասին, թե Ադրբեջանը դեմ չի լինի Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանի բացմանը, եթե հայկական կողմը «դուրս գա գրավյալ տարածքներից»:

Պաշտոնական Երեւանն արձագանքել է թուրքական թերթի «տեղեկություններին»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն նշել է, որ «հորինված աղբյուրներով հիմար հրապարակումները մեկնաբանության կարիք չունեն»։

Թուրքիա-Ադրբեջան՝ «եղբայրական» հարաբերություններն ու համաձայնեցված դիրքորոշումը ԼՂ հարցում նորություն չեն։ Անակնկալ չեն նաեւ նմանօրինակ «տեղեկությունները», անանուն աղբյուրների հրապարակումները թուրքական մամուլում, դրանք բազմիցս գործի են դրվում հարմար առիթներին տարիներ շարունակ:

Առավել ուշագրավն այդ տեղեկությունների ի հայտ գալու համար ընտրված պահն է եւ, իհարկե, նպատակը: Իսկ թուրք-ադրբեջանական քարոզչական «ջանքերի» համար ընտրված փուլը, վստահաբար, պատահական չէ: Նոյեմբերի 22-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը պաշտոնական այցով Ռուսաստան է ժամանելու: Վերջերս Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան ներկայացուցիչը հայտնել էր, որ Էրդողանի հետ Ռուսաստան են ժամանելու մի շարք նախարարներ եւ ներկայումս համաձայնեցվում է այցի ծրագիրը: Իսկ ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Մեշկովը հայտնել էր, որ աշնան վերջին պլանավորված է անցկացնել ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստ, որին մասնակցելու են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, ովքեր ամփոփելու են վերջին մեկ տարում երկու երկրների միջեւ համագործակցությունը եւ քննարկելու են զարգացման հեռանկարները:
Այսինքն, առաջիկայում նախատեսված ռուս-թուրքական բանակցություններից, ինչպես նաեւ՝ նոյեմբերին ծրագրված Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումից առաջ Թուրքիան ու Ադրբեջանը անցել են ավանդական քարոզչական պրեսինգին: Բայց այս իրավիճակում ավելի հետաքրքրական է լինելու Կրեմլի պահվածքը:
Ռուսաստանի իշխանությունների կեցվածքը դիտարկման արժանի է, քանի որ վերջին շրջանում նախկին խորհրդային հանրապետությունների նկատմամբ բավական հզոր ճնշումները՝ ընդդեմ ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու, այնքան ցայտուն են, որ որեւէ հիմք չկա կարծելու, որ այսօր Ռուսաստանն իր ազդեցության ցուցադրման որեւէ առիթ կարող է բաց թողնել:

Ավելին՝ հայաստանյան իրականությունն արդեն իսկ ձեւավորել է մի այնպիսի մթնոլորտ, որ Հայաստանին վերաբերող ճակատագրական բոլոր հարցերը կարող է լուծվել միայն մեր «անվտանգությունն» ապահովող Ռուսաստանի հետ: Այնպես որ, որքան էլ ցինիկ հնչի՝ Անկարան նույն ոգով, ինչպես Շվեյցարիայի իշխանություններին է խնդրել միջնորդել ԼՂ հարցում, այնպես էլ Ռուսաստանի իշխանություններին կհիշեցնի ԼՂ հարցի՝ իրենց համար նպաստավոր «պահանջների» մասին:

Որ Ռուսաստանի համար ԼՂ հակամարտության անհապաղ կարգավորումը կենսական նշանակության հարց չէ եւ Մոսկվային առավելապես հետաքրքրում է ազդեցության պահպանումը տարածաշրջանում այդ մասին տարիներ շարունակ ասվել է, սակայն նույնիսկ այդ պայմաններում, դժվար է կանխատեսել, թե այսօրվա Ռուսաստանը, որ տարբերակը կընտրի՝ ԼՂ խաղաղ կարգավորմա՞ն, ռազմական գործողությունների՞, թե՞ ստատուս քվոյի պահպանման պայմաններում ազդեցության պահպանումը:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930