Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի կարծիքով, «ԼՂ անկախությունը ճանաչելու մասին» նախագիծը, որն այսօր «Ժառանգություն» խմբակցության նախաձեռնությամբ կքննվի ԱԺ-ում, ծուղակ է:
«Որոշ քաղաքական ուժեր, ցավոք սրտի, փորձում են դրսի ուժերի համար քաղաքական դիվիդենտ շահել: Ամբողջ մի արկածախնդիր կուսակցություն փորձում է այդ հարցը կրկին մտցնել ԱԺ օրակարգ»,-այսօր «Peoplematter» ակումբում ասաց պարոն Ավետիսյանը: Նա հիշեցրեց՝ այդ նախագծին դեմ է արտահայտվել նաև Արցախի արտաքին գործերի նախարարը, եւ ասաց, որ այսօր այդ նախագծի քվեարկությանը ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը չեն մասնակցելու.«Դեմ քվեարկելը մեր կողմից սխալ կլինի, իսկ կողմ քվեարկել և այդ օրենքն անցկացնելը՝ արկածախնդություն… Ճիշտը կլինի այն, որ երկու երկրների ժողովրդներն էլ ասեն, որ այո, ուզում են այդ ճանաչումը»:
Հետո անդրադառնալով պաշտոնյաների աշխատավարձի բարձրացմանը՝ ասաց, որ 165. 000 պաշտոնյաների աշխատավարձ պետք է բարձրանա, բայց շեշտվում է հենց բարձրաստիճան 630 պաշտոնայների հարցը. «Բայց չգիտես ինչու, հանրության մեջ միայն բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձն է շրջանառվում: Մենք ընդհանուր խնդիր ենք փորձում լուծել, մենք խնդիր ենք դրել, որ մեր պետական աշխատողները ստանան այնպիսի աշխատավարձ, որ նվիրված աշխատեն իրենց ոլորտներում»:
Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպմանը, պարոն Ավետիսյանն ասաց, որ հանդիպման ակնկալիքներից մեկն այն է, որ Արցախի խնդիրը քննարկվի Մինսկի խմբի շրջանակներում, եւ Ադրբեջանն իր վրա վերցրած պարտավորությունները կատարի:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ