Լրահոս
Օրվա լրահոսը

Հնչեցին երիտասարդ կոմպոզիտորների էստրադային երգերը

Նոյեմբեր 13,2013 12:17

Նոյեմբերի 12-ի երեկոյան «Արամ Խաչատրյան» համերգասրահում հնչեցին երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Երեկոն նախաձեռնել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ երիտասարդական տոների առթիվ։ 
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն առանձնացրեց այս միջոցառումը, քանի որ ընտրված ձևաչափը (երիտասարդ կոմպոզիտորների գործերը ներկայացնում են երիտասարդ կատարողները) ստեղծագործողներին հանրությանը ներկայանալու, մեծ բեմում հանդես գալու հնարավորություն է տալիս։ «Կատարողների և կոմպոզիտորների բավականին լուրջ ընտրություն է կատարվել մասնագետների կողմից, և մեր ցանկությունն է, որպեսզի այս նախաձեռնությամբ ստեղծագործողների նոր սերնդին ազդակներ հաղորդվեն հետագա գործունեության համար»,- ասաց Կարեն Ավագյանը։ Նա նաև շնորհակալություն հայտնեց այն երգիչ-երգչուհիներին, ովքեր անշահախնդրորեն պատրաստակամություն հայտնեցին ներկայացնել երիտասարդ ստեղծագործողների էստրադային երգերը։ Կատարումներով հանդես եկան ինչպես սկսնակ, այնպես էլ ճանաչված երգիչ-երգչուհիներ (Շուշան Պետրոսյան, Նունե Եսայան, Անդրե, Արսեն Գրիգորյան, Լեյլա Սարիբեկյան և այլք)։
Ըստ կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի, ով նաև համերգային ծրագրի գեղարվեստական ղեկավարն էր՝ երիտասարդ կոմպոզիտորները մեր ապագան են, և ժամանակը կորոշի, թե որ գործը կսիրվի ունկնդրի կողմից։ «Որոշ երիտասարդ կոմպոզիտորների գործեր առաջին անգամ են հնչում նվագախմբային կատարմամբ։ Ժամանակին մեզ էլ են հնարավորություն տվել հանդիսատեսին ներկայանալու, հիմա էլ մենք տանք այդ առիթը մեզնից հետո եկողներին։ Սա քայլ է դեպի մեծ աշխարհ։ Բարի երթ մեր երիտասարդներին»,- մաղթեց Արամ Սաթյանը։
Էդմոնդ Մակարյանը երիտասարդ կոմպոզիտոր է, ում էստրադային գործերը հնչեցին երեկոյի ընթացքում։ Նա հեղինակել է բազմաթիվ կամերային և սիմֆոնիկ ստեղծագործություններ, գրել է ավելի քան 50 էստրադային երգեր։ «Լինելով կոմպոզիտորների նոր սերնդի ներկայացուցիչ՝ բոլորի անունից վստահորեն կարող եմ ասել, որ սա նոր ճանապարհ է երաժշտական աշխարհ մուտք գործող հեղինակների համար»,- ասաց Էդմոնդ Մակարյանը։
Երեկոյի ընթացքում հնչեցին նաև Էդգար Գյանջումյանի, Անժելա Ստեփանյանի, Բելա Հովհաննիսյանի, Ռաֆայել Մնացականյանի ստեղծագործությունները։ Համերգն ուղեկցվում էր Հանրային հեռուստառադիոընկերության էստրադային սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Երվանդ Երզնկյան)։ Երեկոյի կազմակերպմանն աջակցել է Հայաստանի կոմպոզիտորների միությունը։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930