Այսօր «Հայելի» ակումբում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը խոսեց վերջին օրերին կատարված իրադարձությունների մասին:
«Թե ինչի հետեւանք է այդ ամենը` բոլորս տեսնում ենք: Բողոքական ակցիաների պարագայում հնչում է մի տերմին` քաղաքական անտեսվածություն»:
Անուշ Սեդրակյանի խոսքով` եթե անճար չենք եւ ենթարկվում ենք քաղաքական անտեսման, ապա բողոքի բոլոր տեսակները հնարավոր են:
«Երբ խոսում ենք Շանթ Հարությունյանի մասին, ապա նրա գործողությունները, ակցիան միտված էր ներկայանալու իբրեւ պրոտեստ»,- ասաց Անուշ Սեդրակյանը՝ նշելով, որ Հայաստանում խորտակվում են իդեալները, մարդն էլ պատրաստ է ինքն իրան խորտակել այդ իդեալի համար: Սակայն ըստ նրա` լավ կյանքից չէ, որ նման բողոքներ են լինում:
«Կան բողոքի տարբեր դրսեւորումներ, սա գերէմոցիոնալ բողոք էր, բայց այն իր մեջ իրական վտանգ չէր պարունակում»,- կարծում է Անուշ Սեդրակյանը:
Դիտարկմանը, թե պայթուցիկները վտանգում էին կողքիններին, լրագրողներին, Անուշ Սեդրակյանն ասաց, որ ՀՀԿ-ի հանրահավաքի ժամանակ փուչիկներ պայթեցրին ու ոչ մեկ չէր մտածում մարդկանց վնասվելու մասին:
Ինչ վերաբերվում է Շանթենց մահակներին, ապա նրա խոսքով` դա մտնում է սիմվոլիկ ատրիբուտիկայի պարագաների մեջ: «Առաջիկայում պետք է պահանջենք, որ այս երեւույթին վերաբերվեն արդարության եւ հումանիզմի տեսանկյունից: Շանթի գործողությունները գնահատելու համար պետք է գնահատել նրա լեքսիկոնը, նրա բոլոր արտահայտությունները մտնում էին այդ ակցիայի մեջ, թեկուզ այն, որ նա որդուն ասում էր «հենց միլիցիա ես տեսնում խփի, գլուխը ջարդի…»: Կրկնում եմ, որ սա գերէմոցիոնալ պրոտեստային ակցիա էր: Շանթին համարում եմ մարդ, որը իրոք տառապել է իր քաղաքական հայացքների համար»,- հավելեց Անուշ Սեդրակյանը, շեշտելով, որ սովետական մտածելակերպ է այլախոհ մարդուն համարել աննորմալ:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ