Լրահոս
Օրվա լրահոսը

Ծայրահեղությունների միասնությունը

Նոյեմբեր 13,2013 13:30

Հայտնի ճշմարտություն է. ծայրահեղություններն իրար նման են: Օրինակ՝ «ազգային գործիչները» վստահ են, ավելի շուտ՝ ձեւ են անում, թե վստահ են, որ «գենդեր» բառը միջազգայինից հայերեն թարգմանաբար նշանակում է «միասեռականություն», եւ պաշտպանում են մեր ազգային ինքնությունն ու ընտանիքը գենդերի սարսափազդու հետեւանքներից: Մյուս կողմից՝ իրավապաշտպաններից ոմանք ասում են, որ՝ այո, ժամանակն է Հայաստանում գրանցել միասեռական ամուսնությունները:

Երկու ծայրահեղություններն էլ կարծում են կամ կրկնեմ` իմիտացիա են անում, թե կարծում են (որովհետեւ հիմար չեն), որ նման խնդիր իսկապես գոյություն ունի, արհեստականորեն թեժացնում են այն, ինքնահաստատվում են դրա շնորհիվ, գուցե նաեւ դրամաշնորհներ են ստանում: Իրականում այդ ամբողջ բանավեճը փոթորիկ է՝ մի բաժակ ջրում. միասեռականներ Հայաստանում եղել են Պապ թագավորի ժամանակ, Սովետի ժամանակ, կան նաեւ հիմա,  տղամարդկանց եւ կանանց իրավահավասարության մասին օրենքը նրանց հետ կապ չունի, եւ մոտակա տասնամյակներում Հայաստանում ոչ ոք միասեռականներին թույլ չի տա դուրս գալ հասարակության լուսանցքից:

Նույնը՝ Շանթ Հարությունյանի «մարգանցովկա-բրոնզ»-ի ակցիան: Ծայրահեղ ընդդիմադիրներն ասում են, որ այդ ակցիայի շնորհիվ թմբիրի մեջ գտնվող ժողովուրդն արթնացավ, որ դա ազգային զարթոնքի սկիզբն էր, հեղափոխության, այսպես ասած, մրրկահավը: Այսինքն՝ նրանք գտնում են, որ այդ ակցիան կարեւոր քաղաքական իրադարձություն էր մեր կյանքում, որից հետո իշխանափոխությունը անխուսափելի է դառնում:

Բայց հետաքրքիր է, որ ճիշտ հակառակ շահագրգռվածությունն ունեցող իշխանությունը նույնպես փորձում է այդ ակցիային լրջություն հաղորդել՝ ներկայացնելով այն որպես համաշխարհային դավադրության մի մաս: Իշխանամետ քաղաքագետները դրա մեջ տեսնում են Արեւմուտքի կողմից հրահրվող «նարնջագույն հեղափոխություն», որն ուղղված է Մաքսային միության եւ անձամբ Վլադիմիր Վլադիմիրովիչի դեմ: Համարյա «Անորսալի վրիժառուների» նման՝ «Շնորհավորում եմ ձեզ, պարոնայք, քաղաքում նարնջագույներն են»:

Իհարկե, ո՛չ մոլի ընդդիմադիրներն են հավատում, որ Շանթը հեղափոխության հիմք դրեց, ո՛չ էլ իշխանություններն են այդ հեղափոխությունից առանձնապես վախենում: Բայց առաջիններին  պետք է սեփական ինքնազգացողությունը բարելավելու համար գործը ներկայացնել՝ «մե՛կ էլ, մե՛կ էլ մի զարկ տվեք» ոճով, իսկ երկրորդներին՝ անհրաժեշտության դեպքում «մահանա բռնել» հնարավոր բռնաճնշումների  համար՝ ոչ թե չեղած հեղափոխությունը կանխելու, այլ սեփական անխռով կյանքն ապահովելու նկատառումով:

Ահա եւ ստացվում է, որ տրամագծորեն տարբեր նպատակներ հետապնդող, ծայրահեղ հակադիր ուժերը իրավիճակը ներկայացնում են նույն ձեւով: Նույն աստիճանի խեղաթյուրված:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Maxim says:

    Շանթի գաղափարական բազան շատ ավելի խորն է, ուստի և հանցախմբի համար՝ վտանգավոր:

  2. Ruben says:

    Թա-թերական (թատրոնի) դաշտ ներկայացված եւ տրամադրած տիկնիկների համար:
    Շանթի գինը՝ ձմերուկի, իրավապաշտպանինը՝ գենդերի:
    Խեղաթյուրված իրականություն:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930