ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով «Դաշնակցության» ներկայացրած՝ Հայաստանից արտագաղթի կասեցման եւ երկրում արժանապատիվ ապրելու պայմանների ստեղծման մասին ծրագրին, «Ժողովուրդ»–ին հայտնեց, որ ծրագրի վերջնական տարբերակը պատրաստ կլինի արդեն նոյեմբերի վերջին։
– Պարոն Մինասյան, ի՞նչ քայլեր եք իրականացնում՝ կյանքի կոչելու համար ՀՅԴ– ի մշակած արտագաղթի կասեցման ծրագիրը։
– Ինչպես գիտեք, մենք հայտնել ենք, որ արտագաղթի տեմպերի նվազեցման ծրագիրն ազգային միջոցների պլատֆորմի նախատիպ է՝ առանց որեւէ քաղաքական կուսակցության մենաշնորհի։ Մեր նպատակն է, որպեսզի հանրային, մասնագիտական քննարկումների միջոցով ստանանք ամբողջական պատկեր։ Հասարակության սեկտորը մասնակցել է քննարկումներին, կարեւոր էին նաեւ մասնագիտական քննարկումները։ Բացի այդ՝ գնահատելի է, որ ծրագրով հետաքրքրվեցին կառավարության առանձին ներկայացուցիչներ, ինչպես, օրինակ, պաշտպանության նախարարը, եւ հույս ունեմ, որ սա հետագայում կդառնա իրենց համար գործողությունների հիմք։ Հաջորդ փուլը հետեւյալն է. մենք մտադիր ենք քննարկումների արդյունքի եւ ներկայացված առաջարկությունների հիման վրա պատրաստել վերջին տարբերակը եւ ներկայացնել բոլոր հասցեատերերին։
– Իսկ ովքե՞ր են այդ հասցեատերերը։
– Հասցեատերերը ոչ միայն իշխանություններն են, քաղաքական դաշտը, այլեւ եկեղեցին, սփյուռքը, լրագրողական դաշտը, որովհետեւ ծրագրի իրագործման համար յուրաքանչյուրն անելիք ունի։
– Այդ ծրագիրն ի՞նչ է տալու ՀՀ քաղաքացուն, որը դրանից հետո այլեւս չպետք է հեռանա երկրից։
– Հույս ունենք, որ ծրագիրն ինքը՝ որպես ելքային արդյունք, կբարձրացնի հանրության վստահությունը ապագայի հանդեպ, կառավարությանը կմղի աշխատատեղերի ստեղծման կոնկրետ ծրագրեր իրականացնելու։ Որպես տնտեսական սոցիալական բլոկում արտագաղթի պատճառների վերացման քայլ՝ աշխատավարձի քաղաքականությունն արդեն սկսել է գործարկվել, եւ հույս ունենք, որ այն կամբողջանա, այսինքն՝ կներառվի ավելի մեծ տիրույթ, քան այժմ ներկայացվում է։ Եվ չորրորդ կարեւոր ուղղությունն այն է, որ արդարադատության համակարգում լուրջ փոփոխություններ տեղի կունենան՝ որպես վստահության երաշխիք թե՛ երկրում արդարության մթնոլորտի հաստատման, թե՛ տնտեսական ակտիվ գործունեություն ծավալելու համար։ Այս չորս ուղղություններով ծրագիրն ունի առաջարկներ, որոնցից մի մասը՝ որպես գաղափար, կառավարությունը վերցրել եւ փորձում է իրացնել։ Իհարկե ոչ ամբողջությամբ, բայց քայլեր կան։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում