Լրահոս
Օրվա լրահոսը

Անբուժելի հիվանդին չցավազրկելը նշանակում է նրան խոշտանգել (Տեսանյութ)

Նոյեմբեր 12,2013 21:52

Անբուժելի հիվանդի կյանքի վերջին ամիսները, օրերը առանց ցավի, տառապանքի անցկացնելու համար մեր երկրում ներդրվում է պալիատիվ (ամոքիչ) բուժօգնությունը: Հիվանդների իրավունքների եվրոպական խարտիայի համաձայն`  բուժօգնություն ստանալիս հիվանդի կարեւորագույն իրավունքներից է ցավից եւ տառապանքներից զերծ մնալու իրավունքը: Այդ իրավունքի իրականացման գործում կարեւոր խնդիր է անբուժելի հիվանդների հակացավային բուժման կազմակերպումը: Հայաստանում, առայժմ, հակացավային բուժում ստանում են միայն օնկոլոգիական հիվանդություններ ունեցող մարդիկ, սակայն, կան մի շարք անբուժելի հիվանդություններ, որոնք մարդկանց իրենց կյանքի վերջին փուլում մեծ տառապանք եւ ցավ են պատճառում: Հոգեբանական տառապանքների են ենթարկվում նաեւ այդպիսի հիվանդություններ ունեցող հիվանդի հարազատները: Նկատենք, որ մեր երկրում պալիատիվ բուժօգնության ներդրման խոչընդոտներից մեկը թմրանյութերի հասանելիությունն է:

Ինչպես մասնագետներն են ասում, բժիշկները, վախենալով կորցնել պաշտոնները, ձեռնպահ են մնում թմրադեղերով ցավազրկողներ նշանակել, քանի որ այդ ողջ գործընթացը վերահսկվում է ոստիկանության կողմից: Վերջինս էլ, իր աշխատանքը հեշտացնելու համար, բժիշկների վրա, օրենքից դուրս, սահմանափակումներ է դնում:
«Առողջապահության նախարարությունն իր հերթին փորձում է հարցը բարձրացնել ոստիկանության առջեւ: Մենք չենք ընդդիմանում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարին, մեր կողմից էլ է այն շատ կարեւորվում, բայց հարցը կայանում է  նրանում, որ այդ պայքարի արդյունքում մարդը չպիտի ենթարկվի խոշտանգման կամ անմարդկային վերաբերմունքի, ինչը միջազգային իրավական պրակտիկայից ելնելով, դիտվում է հենց այդպիսի ձեւակերպմամբ: Եթե ծանր հիվանդ մարդը չի ստանում համապատասխան բուժօգնություն եւ ինքը տանջվում է ցավից, ապա այդ ժամանակ պետությունը կրում է պատասխանատվություն: Սա նոր մշակույթ է իրավական դաշտում եւ մեր պետության համար էլ պիտի դառնա ընդունելի: Այսինքն` պետությունը պետք է գիտակցի, որ դա ոչ թե պայքարի թուլացում է, այլ, եթե դու համապատասխանաբար` չես փոխում քո պայքարի միջոցներն այսօրվա աշխարհում, ապա  այսօրվա իրավական միտքը դրան տալիս է գնահատական, որը բնականաբար, երկրի համար շատ ավելի ծանր հետեւանքներ կարող է ունենալ տույժեր-տուգանքներ, վճարումների փոխհատուցումներ եւ այլն»,-այսօր «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպված  «Ցավամոքիչ խնամքի նորագույն զարգացումներն աշխարհում» խորագրով միջազգային համաժողովի ժամանակ Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը:

Նոյեմբերի 11-13-ը «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» (ԲՀՀ-Հայաստան) կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպված միջազգային համաժողովի շրջանակներում պալիատիվ խնամքի բուժօգնության կազմակերպման` իրենց երկրների փորձը կներկայացնեն  հետխորհրդային երկրների` Մոնղոլիայի, Վրաստանի, Ուկրաինայի, Ղրղըզստանի, Մոլդովայի, ինչպես նաեւ Ալբանիայի, Ռումինիայի, ԱՄՆ-ի մասնագետները:
Aravot.am-ի հարցին, թե Հայաստանի առողջապահական ներկայիս համակարգը որքանո՞վ է համատեղելի պալիատիվ բուժօգնության հետ հատկապես` հաշվի առնելով, որ այն համարվում է թանկ բուժօգնություն, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանն ասաց. «Առողջապահության առաքելության հետ համատեղելով, որը կոչված է թեթեւացնել մարդու տառապանքը, իհարկե, համատեղելի է: Եթե առաքելությունը դա է ապա համակարգը կարելի է միշտ էլ փոփոխել, որպեսզի այն դառնա համատեղելի: Իսկ եթե համակարգը դա չի դնում  որպես նպատակ, ապա խնդիրները դառնում են անլուծելի կամ անհաղթահարելի»:

Տիկին Մինասյանի խոսքերով, պալիատիվ բուժօգնությունը թանկ խնամք համարելու կարծիքը  չարաշահվում է, քանի որ այն ավելի թանկ չէ, ներկայումս մատուցվող որեւէ այլ անբուժելի կամ երկարատեւ օրգանական խաթարումներով ընթացող հիվանդությունների համար տրամադրվող բուժօգնությունից. «Իհարկե, եթե մենք խոսում ենք հաբերով Մորֆինի մասին, ապա դրանք բավական թանկ են, բայց կա շատ ավելի մատչեի դեղորայք: Բացի այդ, գիտությունն է զարգանում եւ այնպես չէ, որ այդ դեղերը չկան ավելի էժան տարբերակով: Մեր երկրում, ցավոք, առողջապահությունը շատ անգամ կատարվում է պացիենտի հաշվին եւ ասել, որ պետությունն ամեն ինչ հոգում է, այդպես չէ: Այդ բժշկությունը զարգանալու դեպքում ընտանիքին շատ ավելի հեշտ կլինի համոզվել, որ ամենալավը, որը դու կարող ես անել քո հարազատի համար, անբուժելի հիվանդության դեպքում, ցավը մեղմացնելն է, նրա կյանքի որակը փոխելն է, որպեսզի մարդն իր կյանքի վերջը կարողանա ապրել լիարժեք կյանքով` ինչքան որ հնարավոր է եւ հակառակ նրան, որ ամեն միջոց ձեռնարկում են անբուժելին բուժելու համար, օգնեն, որ իրենց հարազատը, իսկապես, ապրի առանց տառապանքի եւ արժանավայել կյանքով»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930