Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լևոն Բարսեղյանի տարեկան եկամուտը` 8 ու կես միլիոն դրամ է

Նոյեմբեր 12,2013 21:36

Այսօր Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի  նախագահ Լևոն Բարսեղյանը, ով նաև Գյումրու ավագանու անդամ է, հանդես եկավ հաշվետու մամուլի ասուլիսով` ներկայացնելով իր մեկ տարվա գործունեությունը ՏԻՄ համակարգում: Ու քանի որ նրա մամուլի ասուլիսը ոչ թե ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում էր, որից սովորաբար օգտվում են բոլոր ասուլիս տվողները, այլև Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճում, պարոն Բարսեղյանը հարկ համարեց պարզաբանել այս փաստը. «Հատուկ որոշեցի այս ասուլիսը քաղաքապետարանում տալ, հույս ունեմ, որ սա ավանդական կդառնա ու ավագանու մյուս անդամները կսկսեն օգտագործել այս եղանակը` հաշվետու լինելու: Այսօր, ինչպես գիտեք, լրանում է  2012 թվականին ձևավորված Գյումրու ավագանու գործունեության մեկ տարին, և ես որոշեցի հաշվետվությամբ հանդես գալ հանրության համար»:

Լևոն Բարսեղյանը նախորդ ու ներկա ավագանու գործունությունը համեմատելուց, քաղաքի տաբեր խնդիրներից խոսելուց զատ, ներկայացրեց նաև եկամուտների իր հայտարարագիրը:

«Մեր ընկերների հետ առաջադրվելիս (խոսքը «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության մասին է) որոշեցինք, որ լավ կլինի  հայտարարենք մեր գույքը, ունեցվածքը և պարտավորվենք, որ շահերի բախումը չենք թույլ տալու մեզ: Հիմա ես պարզապես հայտարարում եմ, որ այս մեկ տարվա ընթացքում որևէ մակարդակի ազգակցական կապ քաղաքապետի, ավագանու անդամների, բաժինների պետերի, տեղակալների հետ իմ ու իմ մերձավոր ազգականները չեն ձևավորել: Չի եղել խնամի, քավոր, կնունք, էսպիսի բաներ չունենք մենք: Որևէ մեկը ինձանից, իմ մերձավորներից, ազգականներից չունի քաղաքապետարանից ստացած որևէ ֆինանսական պատվեր, ինչ-որ բան տպել, թեպետ կարող էինք, ինչ-որ բան արտադրել, թեպետ կարող էինք, մենք սկզբունքորեն նման եկամուտներ, ես ու իմ ունեցած հիմնարկները, չեն ստացել: Համայնքային իշխանությանը, բացի ավագանու անդամի և հասարակական գործունությունը,  այլ ծառայություններ չեմ մատուցել: Եկամուտները աշխատավայրից և իմ հոնորարներից 1 տարվա ընթացքում կազմել են 8 ու կես միլիոն դրամ: Գնել եմ ապառիկ «Ֆորդ ֆոքուս» ավտոմեքենա և գրանցումից, հաշվառումից հանել եմ իմ հին մեքենան, որը ձեզ բոլորիդ քաջ ծանոթ է:

Անշարժ գույքի սեփականության ծավալների փոփոխություն  չեմ ունեցել. չեմ ծախել որևէ բան, չեմ ձեռք բերել: Ավագանու անդամի կարգավիճակում որևէ նվեր, աջակցություն չեմ ընդունել, որը կարող էր ազդել իմ անկախության վրա: Որպես ավագանու անդամ` նվերներ և պարգևներ չեմ ստացել, ուրիշ պարգևներ ստացել եմ, բայց ոչ որպես ավագանու անդամ:

Համայնքային բյուջեից ավագանու անդամի գործունեության համար փոխհատուցում չեմ ստացել, թեպետ կարող էի ստանալ. հայտարարություններ ԶԼՄ-ներով, տրանսպորտային ծախսեր, գրենական պիտույքներ, գտել եմ, որ դրա կարիքը չկա, պահանջներ համայնքային իշխանությանը չունեմ էս առումով և կուսակցական գործունեություն չեմ ծավալել»,- հաշվետու եղավ Լևոն Բարսեղյանը:

Գյումրու ավագանու ամենաակտիվ անդամը  նաև տեղեկացրեց, որ ավագանու որևէ նիստից չի բացակայել, նախապես ուսումնասիրել է  նիստի օրակարգային հարցերը, իսկ մեկ տարվա ընթացքում ընդամենը 2 հարց  է եղել, որից ինքը անտեղյակ է եղել ու այդ պատճառով չի կարողացել քվեարկել: Մնացած բոլոր դեպքերում քվեարկել է, որոշ դեպքերում`  դեմ,  մի քանի անգամ էլ` ձեռնպահ:

«Ընդհանրապես ինչ դրական տեղաշարժեր եմ ես նկատել Գյումրու ավագանու կյանքում և  քաղաքապետարանի աշխատանքում, բայց ես քաղաքապետարանի աշխատանքի դրական տեղաշարժերին շատ քիչ կանդրադառնամ, ավելի շատ կխոսեմ ավագանու հետ կապված: Ավագանին ընդունել է իր կանոնակարգը, կանոնակարգը ընդունելու ժամանակ ենք մենք միայն իմացել, որ ավագանին ընդունած եղել է 2008 թվականին մեկ այլ կանոնակարգ (խոսքը Վարդան Ղուկասյանի իշխանավարման տարիների մասին է), որը հանրությունից փակ, հրապարակված չլինելու պատճառով կարելի է ասել, որ ուժ չի ունեցել: Այս նոր կանոնակարգը ընդունվել է քննարկումներով և կանոնակարգի մեջ սահմանված է, որ ավագանին բաշխվում է 4 խոշոր հանձնաժողովների: Սա լավ կողմն է, սրա վատ կողմն այն է, որ ճիշտ է` սա արվել է Ազգային ժողովի աշխատանքի մոդելով, բայց իրականության մեջ չի կարող աշխատել այնպես, ինչպես աշխատում է Ազգային ժողովի մոդելը`հանձնաժողովական ռեժիմով: Ի նկատի ունեմ այն, որ ավագանու անդամները, ինչպես գիտեք, պրոֆեսիոնալներ չեն և վճարովի աշխատանք չեն կատարում, ավագանու անդամի պարտականությունները կատարում են իրենց բուն աշխատանքից առանձին ինչ-որ մի ժամանակահատվածում, ինչքան ժամանակ, որ կարող են, այնքան են հատկացնում: Եվ ենթադրել, որ բոլոր որոշումները, որոնք հանձնաժողովներում նայվում, քննարկվում են, լսվում և վերջնականին մոտ կերպարանք ստանում, նոր գալիս ընդունման դահլիճ, Գյումրու ավագանու դեպքում այդպես հնարավոր չէ ֆիզիկապես»:

Լևոն Բարսեղյանը, համեմատելով Վարդան Ղուկասյանի ու Սամվել Բալասանյանի իշխանավարման օրոք գործող ավագանու գործունեությունը, շեշտեց,  որ ի տարբերություն նախորդ ավագանու նիստերի,  ավագանու այս նիստերը ընթանում են ջանադիր քննարկումներով, «Ասպարեզ» ակումբն էլ իր կամքով օն-լայն ուղիղ եթեր է ապահովում:

«Փորձառու լրագրողները շատ լավ գիտեն, ավագանու նախորդ նիստերը տևել են 15-20 րոպե, լուսանկարները կան, խորհուրդ եմ տալիս  բացել ձեր հին լուսանկարները ու վիդեոները ու տեսնել, որ սեղաններին թղթեր չեն եղել, ավագանու անդամները նստել են նիստերին քննարկել  ու քվեարկել են`առանց թղթերի: Հիմա տեսնում եք այդ նիստերը տևում են 1-2 ժամ, և միջավայրը անհամեմատ աշխատանքային է, քան նախկինում է, դեմ քվեարկողներ, ձեռնպահ քվեարկողներ են հայտնվել: Չնայած այս առաջընթացին` ավագանու անդամների  երևի կեսն է օգտվում իր արտահայտվելու, ելույթ ունենալու, հարցեր տալու իրավունքից, բայց աճի միտում ես նկատում եմ»,- ասաց Լևոն Բարսեղյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930